Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժման»

Ապրիլ 12,2005 00:00

«Շարժման» մեջ էր Ահա թե որտեղ էր Արամ Կարապետյանը «ցրտի եւ խավարի» տարիներին «Ղարաբաղյան շարժումը սկսվել է այստեղից եւ հաղթանակով է ավարտվել: Այդ պատճառով էլ ես հանդիպումների շարքն այստեղից եմ սկսում»,- շաբաթ օրը Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Հանդիպումը Մշակույթի տանն էր: Կուսակցությունը սահմանված կարգով դիմել էր Նոր Հաճնի հրապարակում հանդիպում անցկացնելու թույլտվություն ստանալու, սակայն տեղական իշխանությունները մերժել էին՝ առանց որեւէ պատճառաբանության: Ի վերջո՝ տրամադրել էին Մշակույթի տան դահլիճը: ՆԺ լրատվական բաժնի պատասխանատու Էդուարդ Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ Չարենցավան եւ Բալահովիտ բնակավայրերի, այսպես կոչված, «ելք ու մուտքը» ոստիկանները եւ ԱԱԾ աշխատակիցները հսկում էին: Իսկ Նոր Հաճնի Մշակույթի տան բակից ոստիկանները մի քանի մեքենաներ տարան տուգանային հրապարակ եւ միայն հաջորդ օրերին վերադարձրին տերերին: 67ԼՕ616 պետհամարանիշի «ՌԱՖ» միկրոավտոբուսը, որի վրա տեղադրված էր բարձրախոսը, մինչեւ երեկ երեկոյան դեռ չէր վերադարձվել տիրոջը: «Իմ դեմը ոչ ոք չի կարող առնել: Կձերբակալվենք, թե ոչ՝ դատապարտված ենք հաղթելու»,- ՆԺ ղեկավարի հայտարարությունը ծափահարությունների առիթ դարձավ: Բայց կային նաեւ թերահավատներ. «Ժողովուրդը միշտ ելել է ու կոտրվել. ի՞նչ գարանտիա…»,- հնչեց դահլիճից: «Հստակ պիտի իմանանք, որ պայքարելու ենք գնում, ոչ թե պարելու»,- եղավ Ա. Կարապետյանի պատասխանը: «Որտե՞ղ էիք ցրտի եւ խավարի տարիներին»,- նաեւ այսպիսի գրավոր հարց փոխանցեցին ՆԺ ղեկավարին, որի պատասխանը եղավ. «Մինչեւ 94 թվականը ես եղել եմ Հայաստանում, եղել եմ շարժման ակտիվ մասնակիցներից: Կարող եք հարցնել Հայոց համազգային շարժումից Դավիթ Շահնազարյանին, Ալեքսանդր Արզումանյանին: Ես եղել եմ «Ղարաբաղ-2»-ի անդամ: Եթե պետք լինի՝ ֆիդայիներ կան, նրանք կպատմեն, թե ես որտեղ եմ եղել որոշ ժամանակներ: 94-ին ՀՅԴ-ն, որի անդամն եմ եղել, ինձ գործուղել է Մոսկվա, Բյուրոյի անդամ եմ եղել: 95-ին իմ եւ Վահան Հովհաննիսյանի հոր աշխատանքի արդյունքում ՌԴ Պետդուման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եթե որեւէ մեկը կասկած ունի, կարող է հարցնել Դաշնակցությունից՝ որ ինձ հեռացրել են Կարեն Դեմիրճյանին պաշտպանելու համար: Այդ ժամանակ ՀՅԴ-ն պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ ես կուսակցությունում բարձրագույն պաշտոններից մեկը գրավելով՝ բացահայտ հայտարարեցի, որ Կարեն Դեմիրճյանին եմ պաշտպանում: Որեւէ մեկը եթե կասկածում է, ես անուններ ասացի՝ հարցրեք: Ցրտի եւ խավարի տարիների արդյունքն էր, որ իմ հայրը, որը Հայաստանում էր մորս հետ եւ գնացել ու կռվել էր Ղարաբաղի համար, հիվանդացավ ու 63 տարեկանում մահացավ: Որեւէ մեկը թող այդպիսի մեղադրանք չներկայացնի: Թե կարող է, թող գա ու երեսիս ասի՝ ես էլ բացատրեմ, թե որտեղ եմ եղել: Համենայնդեպս, ոչ մազութ եմ լափել, ոչ էլ մարդկանց եմ ստորացրել»: «Առավոտի» հարցմանն ի պատասխան, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հաստատեց, որ Արամ Կարապետյանը իսկապես ակտիվ մասնակցել է շարժմանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել