Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 12,2005 00:00

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՄԵՆ ՊԱՀԻ Նաեւ ի հակադրություն քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ պնդում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Վերջերս ելույթ ունենալով OPT-ի «Ժամանակներ» ծրագրով՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը խիստ ինքնատիպ առաջարկներ արեց ղրղզական իրադարձությունների առնչությամբ՝ թե Ռուսաստանին ավելի ձեռնտու կլինի, եթե Ղրղըզստանը բաժանեն երկու մասի՝ մի մասը հատկացնելով Ղազախստանին, մյուսը՝ Ուզբեկստանին: Սա առաջին անգամը չէ, որ Անդրանիկ Միհրանյանը հանդես է գալիս ԱՊՀ-ում ծավալված հեղափոխությունների դեմ՝ հակաուկրաինական ելույթներ ունեցավ նարնջագույն հեղափոխության ժամանակ, իսկ ստեպ-ստեպ Հայաստան ժամանելով՝ դատափետող ելույթներով է հանդես գալիս հայ ընդդիմության հասցեին: Ավետիք Իշխանյանը նշեց. «Վրացական վարդերի հեղափոխության ժամանակ էլ նա Երեւանում հանդես գալով ասուլիսով (չգիտես որպես ինչ՝ հա՞յ, թե՞ ռուս քաղաքագետ)՝ հայտարարեց, թե Հայաստանին անհրաժեշտ է թույլ Վրաստան: Բայց այստեղ այնքան կարեւորը հեղափոխությունների հարցը չէ, որքան նրա վերաբերմունքը տարբեր ազգերի նկատմամբ: Միհրանյանը հանդես է գալիս իբրեւ քաղաքագետ, բայց նրա բոլոր հայտարարություններն ուղղված են ոչ թե դեպքերի, իրադարձությունների վերլուծությանը քաղաքագիտական տեսակետից, այլ ամեն անգամ նա կարծիք է հայտնում՝ հույս փայփայելով, թե իր խոսքերը դուր կգան ռուսական մեծապետական մտածողության տեր մարդկանց, որոնք, իր կարծիքով, մեծամասնություն են Ռուսաստանում: Քաղաքագետ լինելով հանդերձ՝ այդքանն էլ չի գիտակցում, որ նույնիսկ Ռուսաստանում այսօր նման մտածողություն ունեցողները կա՛մ լուսանցքային են, կա՛մ եթե իրոք այդպես են մտածում՝ հրապարակավ չեն արտահայտում իրենց մտքերը: Ուստի բավական պարզունակ են այս ջանքերը եւ հեռու քաղաքական արդի վերլուծություններից: Նրա հայտարարությունները բացարձակ վնասակար են անգամ զուտ մարդասիրական առումով: Ի՞նչ է նշանակում, թե կարելի է կիսել որեւէ պետություն, երբ այն արդեն գոյություն ունի՝ չի՞ մտածում այն բնակեցնող ազգերի մասին, թե ինչ վիճակում կհայտնվեն նրանք»: Կարող է հարց առաջանալ, թե մե՞զ ինչ՝ ինչ հայտարարություններ է անում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Անդրանիկ Միհրանյանը: «Ուզում եմ անդրադառնալ նրա հայտարարությունների վնասակարությանը Հայաստանի տեսակետից,- ասաց պրն Իշխանյանը:- Ամեն դեպքում՝ նա հանդես է գալիս նաեւ որպես հայ: Բայց նրա ի՞նչ գործն է հայտարարելը, թե Հայաստանին ձեռնտու է թույլ Վրաստան, երբ ապրում է Մոսկվայում: Պատկերացրեք, որ Ռուսաստանից որեւէ ղրղզ հայտարարի, թե Հայաստանը պետք է կիսել. արդյոք մենք կհիշե՞նք, որ նա ՌԴ քաղաքացի է… Եվ տվյալ դեպքում էլ Անդրանիկ Միհրանյանի հանդեպ վերաբերմունք կդրսեւորվի իբրեւ հայի»: Ինչ վերաբերում է մեր երկրում հեղափոխության հնարավորությանը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահն ասաց. «Շատերն են ասում, թե մեր երկրում տիրում է բռնապետություն: Այն ընդհանրապես ունենում է իր ռեսուրսները՝ նավթային պաշարներ, որեւէ հզոր պետության հովանավորություն կամ ժողովրդի մտածողություն, որի հիման վրա կարելի է ստեղծել բռնապետական համակարգ: Հայաստանում բացակայում են այդ երեք ռեսուրսներն էլ: Այս տեսակետից մեր երկրում առավել տիրում է, քաղաքագիտական բնորոշմամբ, թույլ ավտորիտարիզմ: Միայն հռչակված է ժողովրդավարություն, եւ անընդհատ իրականացվում են, ինչպես նշում են բոլորը՝ իմիտացիոն գործընթացներ: Եվ երբ դրանք ժամանակ առ ժամանակ կուտակվում են՝ տեղի է ունենում որեւէ կոլապս: Այն կարող է արտահայտվել հեղափոխության, հեղաշրջման կամ նույնիսկ ահաբեկչության միջոցով: Առաջին հայացքից իրավիճակը թվում է բավական կայուն, երբ իշխանությունը հիմնվում է ուժային կառույցների եւ զանազան խարդավանքների վրա: Եվ շատերի կարծիքով, ժողովրդի գործոնը մոտ է զրոյականին: Սա մակերեսին է, բայց իրականում գործընթացները շատ ավելի խորքային են: Ի վերջո, Հայաստանի իշխանությունը չունի քաղաքական հենարան՝ որպես այդպիսին, եւ այն ուժերը, որոնք ստեղծել են կոալիցիա, իմ տպավորությամբ՝ իրար ավելի շատ են ատում եւ առավել անհանդուրժող են միմյանց նկատմամբ, քան ընդդիմության»: Մեր դիտարկմանը, թե փոխարենը նրանք առանձին-առանձին ջերմությամբ են լեցուն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ Ավետիք Իշխանյանն առարկեց. «Ո՛չ: Ուղղակի նրանց անձնական եւ կուսակցական շահերն են պահանջում այսօր լինել այդպիսին: Ցանկացած պահի նրանք իրենք կդրսեւորեն այնպես, ինչպես 1998-ի փետրվարի խորհրդարանը»: Նաեւ նկատեց, որ ամեն անգամ նոր իշխանության նկատմամբ, նույնիսկ անկախ նրանից, թե ինչպես է կատարվել իշխանափոխությունը, հասարակության որոշակի հատված ունենում է սպասումներ. «Բայց երբ կուտակվում են իմիտացիոն երեւույթները՝ ի դերեւ են ելնում սպասումները: Եվ նույնիսկ առանց հաշվի առնելու արտաքին հնարավոր օժանդակությունը՝ միայն այդ իրավիճակը բավարար է, որ ցանկացա՛ծ պահի Հայաստանում կատարվի իշխանափոխություն: Իսկ թե ինչպիսին այն կլինի՝ հեղափոխությա՞մբ, հեղաշրջմա՞մբ եւ այլն՝ դժվար է ասել: Բայց արդյոք այդ ամենից հետո կփոխվի՞ իրավիճակը: Աչքի առաջ ունենալով Հայաստանի քաղաքական ուժերը՝ ես անհանգստանում եմ, որ որոշ ժամանակ կլինի այնպես, ինչպես 1998-ից հետո էր: Իսկ հետո կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ այսօր: Քանի որ իսկապես չեմ տեսնում այն ուժին, որի նկատմամբ կարող ես վստահություն ունենալ, թե այն կարող է ստեղծել իրավական պետություն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել