ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ՓՈԽԶԻՋՈՒՄ Եկել է նաեւ ներկայիս իշխանությունների լրջանալու պահը 1997-ի հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» աղմկահարույց հոդվածում պատրաստակամություն է հայտնել հրապարակային բանավեճ սկսել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, միայն մեկ նախապայմանով՝ նախապես կողմնորոշվելով մի քանի ելակետային դրույթների շուրջ, որոնց առնչությամբ նրա դիրքորոշումը հստակ էր եւ միանշանակ՝ «պատերազմը պետք է բացառվի, ուստիեւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ բանակցությունների միջոցով», «ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները», «Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն», այլ՝ «հակամարտության հագեցման վիճակում ձեռք բերված հնարավոր համաձայնություն»: Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ մանրամասնել էր, որ «փոխզիջման այլընտրանքը պատերազմն է», եւ «խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն», այլ՝ «Ղարաբաղը հայկական պահելուն»: Ժամանակին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հրապարակային բանավեճի հրավիրելու այս փորձը դատապարտվեց եւ որակվեց «պարտվողական»՝ առիթ դառնալով 1998-ի պալատական իշխանափոխության։ Դրանից մոտ 8 տարի անց այդ իշխանափոխության առանցքային դերակատարներից մեկը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որ մի քանի օր առաջ փաստորեն առաջարկում էր «անվտանգության գոտի» հանդիսացող տարածքները զիջել՝ ԼՂ անվտանգության եւ պատերազմ չսկսելու երաշխիքների դիմաց, անցյալ ուրբաթ օրը հետեւյալ միտքն արտահայտեց. «…համաձայն չեմ այն կարծիքների հետ, թե մենք պարտվողական ինչ-որ ճառեր ենք ասում, որ խոսում ենք զիջումների մասին եւ այլն, եւ այլն: Ամենից հեշտ բանը գլուխ գովելն է, ընդ որում, երբ որ մեկը հասարակության մեջ մեծ-մեծ խոսում է, ասում է՝ ոչինչ չզիջենք, միայն առաջ, ապա առերեւույթ գուցե մի տասը հոգուց 8-ն ասում են՝ մալադեց, ինչ տղամարդ է: Բայց տասը հոգուց ինը ներքուստ ասում են՝ դու գլուխ գովացող աքաղաղ ես: Այսինքն՝ ո՞ւր ենք ուզում տանել մեր ժողովրդին, ի՞նչ ենք ուզում՝ նոր պատերա՞զմ ենք ուզում, շա՞տ ենք, քի՞չ էին մեր զոհված տղաները, մեր ընկերները: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ հիմա մենք բոլորս նորից կանգնենք, ասենք, որ՝ ոչ, մենք պետք է անպայման պատերազմենք, մշտական պատերազմ եւ այլն: Ինչքա՞ն, մշտակա՞ն, ինչքա՞ն»: Ինչպե՞ս են վերաբերվում 98-ի իշխանափոխության ջատագովներից մեկի՝ Ս. Սարգսյանի նման դիրքորոշմանը «նախկին» իշխանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ նրանք, ովքեր ժամանակին պաշտպանել էին իշխանափոխության գաղափարը՝ համարելով, որ Լ. Տեր-Պետրոսյանը պարտվողական քաղաքականություն է որդեգրել: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանի դիտարկմամբ, սա եւս մեկ վկայություն է այն բանի, որ ժամանակին ԼՂ-ն իշխանության գալու պատրվակ էր միայն, իսկ հիմա՝ «դրսին» խաղաղասեր երեւալու ցանկություն: Ա. Մանուկյանի ասելով՝ հիմա ներկայիս իշխանությունները գալիս են այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, ԼՂ հակամարտության լուծման արդյունավետ ճանապարհը փուլային տարբերակն է: «Պարզապես այսօր դա ավելի վատ տարբերակ է, քան առաջարկվում էր 97-ին»,- նկատեց ՀՀՇ վարչության անդամը՝ հավելելով, որ այսքանից հետո իշխանություններն ու նույն ինքը՝ Ս. Սարգսյանը, «բարոյականություն պետք է ունենան ներողություն խնդրել եւ հրաժարական տալ»: ԵԿՄ վարչության փոխնախագահ եւ ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն էլ նկատեց, որ եթե որեւէ մեկն այսօր կասի, որ պետք է զիջումների գնալ, կնշանակի՝ նա ապացուցում է Լ. Տեր-Պետրոսյանի ասածի ճշմարտացիությունը: «Ես չեմ տիրապետում տեղեկատվությանը եւ չեմ կարող ասել, թե բանակցային պրոցեսը հիմա ինչ փուլում է, բայց կարծում եմ, որ այսօր չկան անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց դիմաց անվտանգության գոտին պետք է զիջել»,- ասաց պրն Մալխասյանը: Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե՝ Ս. Սարգսյանն այսօր կարծիք է հայտնում, թե պատերազմ չսկսելու համար պետք է զիջումների գնալ, Մ. Մալխասյանը նկատեց՝ «բա թող 98-ին մտածեին»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ