Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների վեճը շարունակվում է

Ապրիլ 12,2005 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան) շարունակվեց մարտի 19-20-ին
տեղի ունեցած Հայաստանի փաստաբանների ընտրությունների արդյունքների վիճարկումը: Երրորդ
անձ ճանաչվեցին 9 փաստաբաններ, որոնց հետ կապված, 5 հայցվորներից մեկը՝ Հայկ Ալումյանը,
պահանջել էր նրանց անձնական գործերը, որակավորման հանձնաժողովից նրանց տրված լիազորագիրը:
Հիշեցնենք, որ այդ փաստաբանների՝ ենթադրաբար, հօգուտ Ենոք Ազարյանի տված ձայները
վիճարկվում են Ռուբեն Սահակյանի կողմնակիցների կողմից: Այդ առիթով Տավուշի մարզի
դատարանի նախկին նախագահ, փաստաբանական արտոնագիր ստացած Սուսաննա Ներսիսյանը նկատեց,
որ Երեւանում 400 փաստաբան կարող են լինել ու հավաքվել, իսկ մարզերում, սահմանամերձ
գոտիներում մի փաստաբան էլ չկա: Հայցվորի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի խոսքերով,
բժշկություն չիմացողին բժշկի լիցենզիա են շնորհում, ինչը ակնհայտորեն վրդովեցրել
էր երրորդ կողմ ճանաչված փաստաբաններին: Նշենք, որ եթե հայցվորներն ու պատասխանողները
նստել էին դեմառդեմ, զբաղեցրել էին որոշակի տեղ դատարանում, ապա երրորդ կողմը ցրված
էր դահլիճով մեկ: Հայցվորներից եւ պատասխանողներից ոչ ոք այս անհավասարությունը չնկատեց:
Սուսաննա Ներսիսյանը իր երկրորդ հայտարարությամբ ավելացրեց կարծես լարվածությունը,
այն է՝ որ ինքը ընտրել է Ռուբեն Սահակյանին՝ իր գործընկերների խնդրանքով: Հետաքրքիր
հավելում արեց պալատի նախագահի պարտված թեկնածու Արգիշտի Կիվիրյանը, որը նկատեց,
որ ընտրությունները անցել են թափանցիկ, չեն անցել գաղտնի, հետեւաբար իրենք հենց այդ
հարցն էլ մտցրել են դատարան: Ինչպես նշել էինք անցյալ դատական նիստի ժամանակ,
հայցվորները 5-ն էին, որոնցից մեկը՝ Սոս Գրիգորյանը, հետ վերցրեց իր հայցը, հայտարարելով,
որ ինքը միտում է տեսնում, որ կողմերը շատանում են, ուստի, քանի որ հաշվիչ հանձնաժողովի
գործողությունների մասով հայցադիմումում առաջ քաշված պահանջները իր գործընկերները
պնդում են, հետեւաբար ինքը հայցից հրաժարվեց: Երեկ հայցվորներից Արա Զոհրաբյանը միջնորդեց
որպես վկա դատարան կանչել Հայաստանի փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանին,
ինչին դեմ արտահայտվեց պատասխանող կողմը, մասնավորապես Ենոք Ազարյանի ներկայացուցիչ,
փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նա գտնում էր, որ դատարանում ներկայացված է իբրեւ պատասխանող
Հայաստանի փաստաբանների միությունը, հետեւաբար պատասխանող կողմի ղեկավարին հրավիրել
դատարան՝ անհիմն է: Այս միջնորդությունը դատարանը նույնպես մերժեց: Դատարանում
հայցվոր Ա. Զոհրաբյանը, Լ. Սիմոնյանը, Ա. Գրիգորյանը գտնում էին, որ պալատի ընտրությունները
անցել են նորմալ, սակայն նախագահն ընտրվել է խախտումներով, Ենոք Ազարյանը չէր անցել
50+1 ձայնով: Նշենք, որ ըստ փաստաբանների ժողովում ընդունված կանոնադրության, «ընտրված
է համարվում առավել շատ ձայն ստացած թեկնածուն»: Ուշագրավ է, որ այս դեպքում հայցվորները
նշեցին, թե վկայակոչվող կանոնադրությունը պետական գրանցում չի ստացել: Սակայն ինչպե՞ս,
երբ արգելանք է դրվել ժողովի հետ առնչված ցանկացած փաստաթղթի վրա: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել