Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿՆՎՈՂ ՍՑԵՆԱՐ

Ապրիլ 12,2005 00:00

ԿՐԿՆՎՈՂ
ՍՑԵՆԱՐ Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում կանցկացվի հավանաբար
այս տարվա հունիս-հուլիս ամիսներին: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում կազմակերպված
հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ խմբակցության
տարբերակը չի ստանա պատգամավորների մեծամասնության հավանությունը: Տիգրան
Թորոսյանը հույս է հայտնել, թե գիտակցելով երկրի զարգացման համար հիմնական օրենքի
կարեւորությունը՝ ընդդիմությունը եւ լրատվամիջոցները հանրաքվեն չեն վերածի քաղաքական
ակցիայի: ԱԺ փոխնախագահը քիչ հավանական է համարել հեղափոխությունը Հայաստանում:
Նա նշել է, թե վրացական կամ ուկրաինական սցենարը Հայաստանում չի կրկնվի, քանի որ
դրա համար երկրում չկան հիմքեր: Ըստ նրա՝ արեւմուտքի առանձին վերլուծաբաններ, կանխատեսելով
Հայաստանում շուտափույթ «թավշյա» հեղափոխություն, մոռանում են, որ դրանք, որպես կանոն,
կապված են լինում որեւէ ընտրական գործընթացի հետ: Հայաստանում մոտակա ընտրությունները
սպասվում են 2007-ին եւ 2008-ին, իսկ ահա Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները
տեղի կունենան արդեն ընթացիկ աշնանը, այնպես որ՝ այդ վերլուծաբաններին անհրաժեշտ
է չշփոթել Հայաստանն Ադրբեջանի հետ: ԱԺ փոխնախագահը թերեւս մոռացե՞լ է, որ 2005-ի
աշնանը Հայաստանում էլ լինելու են ՏԻՄ ընտրություններ: Տիգրան Թորոսյանը նաեւ
հայտնել է, որ 2005-ի ապրիլին ԵԽԽՎ-ում ենթադրվում է ղարաբաղյան խնդրի առնչությամբ
ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում, որի կազմի մեջ կմտնեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահող երկրներից խորհրդարանականներ: Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի
վերաբերյալ բանաձեւը պարունակում էր դրույթ, ըստ որի՝ ԵԽԽՎ-ն կվերադառնա այդ խնդրի
քննարկմանը 2006 թ. հունվարին: Եվ ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովի խնդիրն է լինելու
տարվա ընթացքում հակամարտության կարգավորման գործընթացին հետեւելը: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել