Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԶԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

Ապրիլ 12,2005 00:00

ԵԶԱԿԻ
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ Ներկայիս իշխանությունները, 1997-98-ին շահարկելով
Ղարաբաղի հարցը, լուծել են իրենց՝ իշխանության գալու խնդիրը: Շատ վատ են արել: Բայց
եթե ես այդպես եմ կարծում, ապա պիտի ընդունեմ, որ նույնքան վատ են վարվում այսօր
այն ուժերը, որոնք ճիշտ նույն ձեւով «հայրենասիրական պարեղանակներով» շահագործում
են նույն հարցը եւ ձգտում են լուծել նույն խնդիրը: Եթե 1997-ին ես կողմնակից
էի Ղարաբաղի հարցում փոխզիջումներին եւ խաղաղությանը, ապա 2005-ին ես նույնպես պիտի
կողմ լինեմ փոխզիջումներին եւ խաղաղությանը (այն դեպքում, եթե դրանց պայմանները էապես
չեն վատթարացել): Եթե ես գտնում եմ, որ 2003-ի ընտրությունները Հայաստանում
իրականացվել են իշխանությունների բռի ճնշմամբ, ապա չպիտի թաքցնեմ, որ այդ ճնշումը
կար 1995-ից սկսած: Եթե ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը հայտարարում են, որ ընտրությունները
ԱՊՀ տարածքում չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, ապա նրանք պետք է նույնքան
բարձրաձայն հայտարարեն, որ Կոսովոյում, Աֆղանստանում, Իրաքում անցկացված ընտրություններն
այդ չափանիշներից շատ ավելի հեռու էին: Եթե հայաստանյան որեւէ գործիչ համարում
է, որ Սերժ Սարգսյանը կամ Սամվել Բաբայանը պատերազմի հանցագործներ են, ապա նա պետք
է հետեւողական լինի եւ հայտարարի, որ հանուն Ղարաբաղի ազատագրման (ինչպես ես եմ հասկանում)
մղված պատերազմը արդարացի չէր: Եթե ինձ դուր չէր գալիս, թե ինչպես էին 1996-ի
սեպտեմբերի 25-ին Վազգեն Մանուկյանի երկրպագու կանայք մետաղաձողերը ձեռքներին թափառում
քաղաքի կենտրոնում, ապա ինձ չպիտի դուր գա, եթե վաղը կամ մյուս օրը որեւէ քաղաքական
ուժ փորձի իրագործել ազգային, ապազգային, ժողովրդավարական կամ հակաժողովրդավարական
հեղափոխություն: Եթե ինձ համար ընդունելի չէ դաշնակցական, ՀՀՇ-ական, մասոնական
կամ ազգայնական պարանոյան, ապա ինձ համար նույնքան անընդունելի պիտի լինի հակադաշնակցական,
հակահհշական, հակամասոնական կամ հակաազգայնական պարանոյան:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել