Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժման» մեջ էր

Ապրիլ 12,2005 00:00

Ահա
թե որտեղ էր Արամ Կարապետյանը «ցրտի եւ խավարի» տարիներին «Ղարաբաղյան շարժումը
սկսվել է այստեղից եւ հաղթանակով է ավարտվել: Այդ պատճառով էլ ես հանդիպումների շարքն
այստեղից եմ սկսում»,- շաբաթ օրը Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում բնակիչների
հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Հանդիպումը Մշակույթի տանն էր: Կուսակցությունը սահմանված կարգով դիմել էր Նոր Հաճնի
հրապարակում հանդիպում անցկացնելու թույլտվություն ստանալու, սակայն տեղական իշխանությունները
մերժել էին՝ առանց որեւէ պատճառաբանության: Ի վերջո՝ տրամադրել էին Մշակույթի տան
դահլիճը: ՆԺ լրատվական բաժնի պատասխանատու Էդուարդ Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ
Չարենցավան եւ Բալահովիտ բնակավայրերի, այսպես կոչված, «ելք ու մուտքը» ոստիկանները
եւ ԱԱԾ աշխատակիցները հսկում էին: Իսկ Նոր Հաճնի Մշակույթի տան բակից ոստիկանները
մի քանի մեքենաներ տարան տուգանային հրապարակ եւ միայն հաջորդ օրերին վերադարձրին
տերերին: 67ԼՕ616 պետհամարանիշի «ՌԱՖ» միկրոավտոբուսը, որի վրա տեղադրված էր բարձրախոսը,
մինչեւ երեկ երեկոյան դեռ չէր վերադարձվել տիրոջը: «Իմ դեմը ոչ ոք չի կարող
առնել: Կձերբակալվենք, թե ոչ՝ դատապարտված ենք հաղթելու»,- ՆԺ ղեկավարի հայտարարությունը
ծափահարությունների առիթ դարձավ: Բայց կային նաեւ թերահավատներ. «Ժողովուրդը միշտ
ելել է ու կոտրվել. ի՞նչ գարանտիա…»,- հնչեց դահլիճից: «Հստակ պիտի իմանանք, որ
պայքարելու ենք գնում, ոչ թե պարելու»,- եղավ Ա. Կարապետյանի պատասխանը: «Որտե՞ղ
էիք ցրտի եւ խավարի տարիներին»,- նաեւ այսպիսի գրավոր հարց փոխանցեցին ՆԺ ղեկավարին,
որի պատասխանը եղավ. «Մինչեւ 94 թվականը ես եղել եմ Հայաստանում, եղել եմ շարժման
ակտիվ մասնակիցներից: Կարող եք հարցնել Հայոց համազգային շարժումից Դավիթ Շահնազարյանին,
Ալեքսանդր Արզումանյանին: Ես եղել եմ «Ղարաբաղ-2»-ի անդամ: Եթե պետք լինի՝ ֆիդայիներ
կան, նրանք կպատմեն, թե ես որտեղ եմ եղել որոշ ժամանակներ: 94-ին ՀՅԴ-ն, որի անդամն
եմ եղել, ինձ գործուղել է Մոսկվա, Բյուրոյի անդամ եմ եղել: 95-ին իմ եւ Վահան Հովհաննիսյանի
հոր աշխատանքի արդյունքում ՌԴ Պետդուման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Եթե որեւէ
մեկը կասկած ունի, կարող է հարցնել Դաշնակցությունից՝ որ ինձ հեռացրել են Կարեն Դեմիրճյանին
պաշտպանելու համար: Այդ ժամանակ ՀՅԴ-ն պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ ես կուսակցությունում
բարձրագույն պաշտոններից մեկը գրավելով՝ բացահայտ հայտարարեցի, որ Կարեն Դեմիրճյանին
եմ պաշտպանում: Որեւէ մեկը եթե կասկածում է, ես անուններ ասացի՝ հարցրեք: Ցրտի եւ
խավարի տարիների արդյունքն էր, որ իմ հայրը, որը Հայաստանում էր մորս հետ եւ գնացել
ու կռվել էր Ղարաբաղի համար, հիվանդացավ ու 63 տարեկանում մահացավ: Որեւէ մեկը թող
այդպիսի մեղադրանք չներկայացնի: Թե կարող է, թող գա ու երեսիս ասի՝ ես էլ բացատրեմ,
թե որտեղ եմ եղել: Համենայնդեպս, ոչ մազութ եմ լափել, ոչ էլ մարդկանց եմ ստորացրել»:
«Առավոտի» հարցմանն ի պատասխան, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը
հաստատեց, որ Արամ Կարապետյանը իսկապես ակտիվ մասնակցել է շարժմանը: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել