ՄԱՐԶԻՉԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԼԻՆԵԼ Շատ է խոսվել այն մասին, որ միջազգային ասպարեզներում հաջող մրցելույթների կարեւորագույն նախապայմանը շուրջտարի մարզումային համապատասխան պայմաններ ունենալն է, մարզաձեւերի պատասխանատուների՝ ֆեդերացիաների ճիշտ աշխատանքը: Անկախացումից հետո Հայաստանում մարզաբազաների պահպանմանը, դրանց շուրջտարյա գործունեությունն ապահովելուն ուշադրություն չի դարձվել, որի հետեւանքով մեր մարզիկները տարվա գրեթե վեց ամիսը կամ «հարկադիր արձակուրդում» են, կամ, վտանգելով առողջությունը, մարզվում են ցուրտ դահլիճներում, որի արդյունավետությունը լավագույն դեպքում մարզավիճակն ինչ-որ չափով պահպանելն է: Սակայն հաղթանակներ տոնելու, մեդալներ նվաճելու պահանջ միշտ էլ դրվել ու դրվելու է: Բարեբախտաբար, վերջին տարիներին հանրապետության մարզական ղեկավարությունն սկսել է կարեւորել այդ երկու խնդիրները, կոնկրետ քայլեր անել դրանք լուծելու ուղղությամբ: Եթե գույքային ծրագիրն արդեն քանի տարի աշխատում է, որի շրջանակներում մոտ քսան տարվա ընդհատումից հետո մեծ քանակությամբ մարզագույք է ներկրվում Հայաստան, հիմա հերթը հասել է մայրաքաղաքում եւ մարզերում մարզաբազաները հիմնովին նորոգելուն: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ լրիվ պատրաստ վիճակում (իրենց մինի կաթսայատներով) ազգաբնակչությանը վերադարձնել տասնհինգ մարզակառույց: Վերաբերմունքն արմատապես փոխվել է նաեւ ֆեդերացիաների, հատկապես՝ դրանց նախագահների գործունեության նկատմամբ: Եթե հասարակական այդ կազմակերպությունների ճնշող մեծամասնությունը գոյություն ունի ձեւականորեն, թղթի վրա, գրեթե ոչինչ չանելով իր իսկ մարզաձեւի պահպանման, տարածման ու զարգացման ուղղությամբ, ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն չի կրում ու հույսը դնում է պետության վրա, այլեւս այդպես չի լինելու: Հիմա ֆեդերացիաներին ու դրանց ղեկավարներին աշխատանքային կոնկրետ պահանջներ են ներկայացվում: Գործընթացն սկսվել է հենակետային մարզաձեւերից: Ֆեդերացիաների նախագահները պարտավոր են մշտապես հոգածության կենտրոնում պահել իրենց մարզաձեւի խնդիրները, անձամբ ճանաչել մարզիչներին, մարզիկներին, նրանց հետ պարբերաբար մեկնել մրցավայրեր, կապեր հաստատել միջազգային ֆեդերացիաների հետ, ներդրումներ ապահովել առկա խնդիրները ժամանակին լուծելու համար: Փորձը ցույց է տվել, որ միայն այդ դեպքում կլինեն մեդալներ, հաջողություններ: Վերջերս ծանրորդներն իրենց ֆեդերացիայի նոր նախագահ ընտրեցին հարկային պետական տեսչության բարձրաստիճան պաշտոնյա Շահեն Հովասափյանին, որը, հենց ծանրորդների պատմելով՝ անմիջապես ձեռնամուխ է եղել պարտականությունների կատարմանը: Օրերս զրուցում էի ծանրամարտի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, գյումրեցի Աշոտ Մխիթարյանի հետ: Ոգեւորված էր: «Ինը տարի է աշխատում եմ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ծանրամարտի մարզահամալիրում: Միշտ ինքներս ենք մեր ուժերով դահլիճում ընթացիկ նորոգումներ, բարեկարգումներ կատարել, սակայն ջուր ու ջեռուցում չի եղել: Այդուհանդերձ, կադրեր մեզ մոտ միշտ էլ աճել են,- պատմեց նա: – Դիմեցինք ֆեդերացիայի նոր նախագահին ու նա շատ կարճ ժամանակահատվածում տարիների մեր երազանքն իրականություն դարձրեց: Արդեն ունենք եւ ջեռուցում, եւ բաղնիք: Հիմա պատասխան խոսքի հերթը մերն է: Մայիսի 15-22-ը Հարավային Կորեայում կայանալու է աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հավաքականին ես եմ ուղեկցելու, որովհետեւ երիտասարդականի մարզիչ Աշոտ Վիլասյանն առողջականի հետ կապված խնդիրներ ունի: Նախապատրաստվում ենք հավաքական թիմերի կենտրոնում, որտեղ նույնպես մեծ թափով ծանրամարտի դահլիճի շինարարությունն է ընթանում: Թե Հարավային Կորեայից ի՞նչ արդյունքներով կվերադառնանք, դժվարանում եմ կոնկրետ բան ասել, որովհետեւ ես չեմ տարիքային այդ խմբի մարզիչը: Բայց ինչ-որ բան կլինի: Ինչ վերաբերում է պատանիներին, օգոստոսին մասնակցելու ենք Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որտեղ 5-6 մեդալ անպայման կնվաճենք: Հակառակ դեպքում մեզ ամոթ կլինի»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ