Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄ

Ապրիլ 09,2005 00:00

ՉԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Խմբագրությանը նամակ էին հասցեագրել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վեց կալանավորներ. «Ինչպե՞ս կարող ենք մեր պետական այրերի ուշադրությունը հրավիրել մեզ վրա, որպեսզի մեզ դիտեն որպես մարդկանց, այլ ոչ թե անտեր կենդանիների»։ Նամակը ստորագրած ամբաստանյալները հավատացած են, որ «Առավոտի» միջոցով իրենց ձայնը կհասնի արդարադատությանը: Նամակագիրներից Ռաֆիկ Սերոբյանի գործին «Առավոտն» անդրադարձել է։ Հիշեցնենք, որ նրան մեղադրում են 2003-ի դեկտեմբերի 30-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում Թուրքիայի քաղաքացի Ահմեդ Օջանօղլու սպանությունը կազմակերպելու մեջ։ Սպանությունը կատարած երկու հանցագործները իրենց հետ տարել են խոշոր չափի գումար եւ ոսկեղեն։ Դեպքը տեղի է ունեցել ոմն Անահիտի տանը, որի մտերիմն էր Ա. Օջանօղլին։ Անահիտը կալանավորված է։ Ռ. Սերոբյանը իր նամակում պատմում է. «Ես ապրել եմ Վիեննայում, որտեղից 2003-ի դեկտեմբերի 19-ին դուրս եմ եկել՝ Երեւան վերադառնալու նպատակով եւ քանի որ մեքենայով եմ եղել, իմ անցումը գրանցվել է բոլոր մաքսակետերում։ 2004-ի դեկտեմբերի 17-ին (դեպքից մոտ մեկ տարի անց) ՀՀ դատախազությունից տեղեկացրին, որ, ըստ Անահիտի ցուցմունքի, ես կազմակերպել եմ ոմն թուրքի սպանությունը եւ ձերբակալեցին ինձ։ Իսկ սպանություն կատարած երկու անձանց, որոնք փախուստի մեջ են՝ ես չեմ ճանաչում։ Անահիտը ցուցմունք է գրել իմ դեմ այն բանից հետո, երբ կալանավորվելուց հետո իր պահանջած բավական խոշոր գումարները ես չկարողացա ճարել: Ինչը հավանաբար նրան պետք էր պատիժը մեղմելու համար: Իմ վիճակը շատ ծանր է, քանի որ ոչ մի կերպ չեմ կարողանում ապացուցել, որ որեւէ բան չեմ կազմակերպել։ Մի՞թե նախաքննությանը պարզ չէ, որ Մյունխենում հայտնի Անահիտը այդքան խելք ու հմտություն ուներ՝ կազմակերպչի կարիք չզգալու եւ գործից ստացվածը չկիսելու համար»։ Այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ Անահիտը իր ձերբակալվելուց 6 ամիս անց է հիշել «կազմակերպիչ» Ռ. Սերոբյանին: Մինչ այդ նա նախաքննությանը չի հայտնել, թե սպանությունը կազմակերպիչ ունի: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել