Կարտոֆիլագործները անհանգստացած են Բաց նամակ-կոչ Սեւանի ավազանի, Շիրակի, Լոռու եւ այլ վայրերի մանր արտադրող-կարտոֆիլագործներին: Հարգելի ժողովուրդ, այսօր սկիզբ է առել հիասթափության մի նոր ալիք: Առանձին անհատներ, օլիգարխներ, իրավաբանական անձինք կարտոֆիլ արտադրող մանր հողատեր գյուղացուց խլել են ապրելու, գոյատեւելու հնարավորությունը: Հայաստանում ապրող, կարտոֆիլ գնող բնակչության պահանջարկի կրկնակիից ավելի է արտադրվում եւ մանր արտադրողների մոտ 100 հազարավոր տոննաներով ավելցուկ է առաջանում, որը թափվում է: Այդ մեծահարուստները օժտված են մենաշնորհային արտոնություններով, ունեն բարձրորակ սերմացուներ, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, սեփական տեխնիկա, էժան վառելանյութ եւ այլն: «Հզորների» առավելություններից մեկն էլ այն է, որ պետության կողմից ամենամեծ պատվերները (բանակի, կալանատների, ծերանոցների համար) եւս նրանք են ստանում: Մեծահարուստները անգործ, էժան աշխատուժին սեզոնին՝ գարնանը եւ աշնանը, մի քանի շաբաթով աշխատեցնում են եւ մեկ օրվա համար վարձատրում 2000 դրամ: Մինչդեռ լեռնային, կիսալեռնային շրջաններում աշխատող, 2000-3000 քմ-ից մինչեւ 1 հեկտար տարածք ունեցող գյուղացին այլ ելք չունի, բացի կարտոֆիլ ցանելը, որի 1 կգ-ը 70-80 դրամով եթե չի վաճառվում, ապա մանր արտադրողը կորած է: Ընդ որում՝ գյուղացու թափած քրտնաջան աշխատանքը հաշվարկված չէ 80 դրամի մեջ: Եվ քանի որ հիմնական շուկան գրավված է, ուստի գյուղացին ստիպված է ապրանքափոխանակությամբ իրացնել արտադրանքը, որով հազիվ հոգում է հագուստի, դպրոցական երեխաների խնդիրները: Հարգելի երեւանցիներ, գուցե շատերիդ տհաճ է, որ մայրաքաղաքի հատկապես կենտրոնական շուկաներում կարտոֆիլի արժեքը բարձր է՝ 100-150 դրամ: Անտարակույս, այս գնով վաճառողները հիմնականում վերավաճառողներն են, կրպակա-խանութատերերը: Իսկ գյուղացին Մալաթիայի շուկայում իր մեծածախ բերքը վաճառում է 40-50 դրամով: Եվ այս չնչին եկամտից գյուղացին վճարում է նաեւ փոխադրավարձ, տեղի վարձ, ձեռնասայլակի, կշեռքի վարձ եւ այլն: Արդյունքում՝ գյուղացուն որպես օգուտ մնում է իր եւ ընտանիքի թափած դառը քրտինքը: Այսպիսով, գյուղացին այլ ելք չունենալով, բռնում է արտագաղթի ճանապարհը: Ինչ փույթ, թե Գագիկ Եգանյանը հավաստիացնում է, որ արտագաղթը պակասել է, կյանքը սոցիալապես բարելավվել է: Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չինովնիկները, շատ օլիգարխներ գիտե՞ն, թե մարզերում, գյուղերում ամուսնությունները, ծնունդները, մահերը ի՞նչ տոկոս են կազմում: Գյուղական աշխարհում լռել են շինարարական մուրճերի ձայները: Դիմելով գյուղացիությանը, մանր արտադրող կարտոֆիլագործներին, մենք՝ Ապարանի Արագած, Շենավան, Քուչակ, Ծաղկաշեն, Հարթավան, Վարդենուտ եւ այլ բնակավայրերի գյուղացիներս հայցում ենք ձեր համախմբումն ու միասնությունը՝ այս խնդրի լուծման ուղիները գտնելու: Սպասում ենք արձագանքներին: Իսկ քաղաքաբնակները, գնորդները թող չմտածեն, թե մեր նպատակն է բարձրացնել կարտոֆիլի գինը: Հարցը մանր արտադրող, 100 հազարավոր տոննաներով թափվող կարտոֆիլի, գյուղացու ճակատագրի մասին է: Արձագանքները խնդրում ենք ուղարկել նաեւ նամակի տեսքով՝ հետեւյալ հասցեով: Ապարան, շուրջ 1000 տնտեսություն ունեցող Արագած գյուղ, Արարատ Մարգարյան, թեկուզեւ՝ գյուղապետարան