Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԱՆԳԱՎՈՐ

Ապրիլ 09,2005 00:00

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊՐԱԿՏԻԿԱ Է Սեռական վարակների տարածմանը նպաստում են նաեւ դեղատան աշխատակիցները Առողջապահության նախարարության (ԱՆ) մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիտական կենտրոնի բնութագրմամբ, Հայաստանում այսօր դիտվում է սեռավարակների տարածման աննախադեպ աճ, որը մասնավորապես նպաստում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածմանը: Վերջերս սեռավարակների մասին նախարարության կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը նշեց. «Մեր երկրում սեռավարակների տարածմանը հիմնականում նպաստում է այն, որ հիվանդները, փորձելով զբաղվել ինքնաբուժությամբ, դեղատներից կարողանում են ձեռք բերել համապատասխան դեղորայքը՝ առանց դեղատոմսի»: Մինչդեռ դեղատան աշխատակիցներն իրավունք չունեն բժշկի ցուցումների բացակայության պարագայում այդ դեղերը վաճառել ցանկացած հաճախորդի: Եվ իրոք, այս առնչությամբ մենք Անդրանիկի, Ալեք Մանուկյան, Նալբանդյան եւ Աբովյան փողոցների բոլոր դեղատներում, ներկայանալով որպես սիֆիլիսով հիվանդ եւ միայն ընթերցելով մասնագիտական գրքերից հայտնի դեղորայքի անունները՝ դոքսիցիկլին, ռոքսիթրոմիցին, մոքսիֆլոքսացին եւ այլն (ուժեղ անտիբիոտիկներ), թերեւս կկարողանայինք հեշտությամբ ձեռք բերել դրանք, եթե վճարեինք յուրաքանչյուրի համար պահանջվող գինը՝ ընդամենը 4000-5000 դրամ: Բացի այդ, վերջերս ԱՆ նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ հրատարակվել է «Սեռավարակների վարման ազգային ուղեցույցը», որը, մասնագետների հավաստմամբ, նախատեսված է ոչ միայն մաշկաբանների, մանկաբարձ-գինեկոլոգների եւ ուրոլոգների, այլեւ ընտանեկան բժիշկների եւ անգամ գյուղական վայրերի թերապեւտների համար: Ուղեցույցում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է սեռավարակների բոլոր տեսակների ախտորոշումը եւ բուժումը՝ համապատասխան դեղորայքի անվանումներով եւ օրվա ընթացքում դրանց ընդունման չափաքանակով: Ուստի մյուս կողմից այն կարող է հիվանդներին ավելի շատ մղել ինքնաբուժության, որը կարող է հետագայում վտանգավոր հետեւանքներ թողնել առողջության վրա: Ըստ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանի, «սեռավարակների բուժումը շատ բարդ է, եւ չնայած բոլորը խոսում են ՄԻԱՎ-ի տարածման չափերից եւ հանրության ուշադրությունը հրավիրում միայն այդ խնդրի շուրջ, իրականում այդ հիվանդությունն այնքան էլ վարակիչ չէ»: Փոխնախարարի խոսքերով, «բնակչության խմբեր կան, որոնք պարզապես չեն դիմում բժշկի, իսկ որեւէ մեկը, առավել եւս՝ նախարարությունը, չի կարող կարգավորել ուրիշի սեռական կյանքը»: Մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիտության կենտրոնի տվյալներով, 100 վարակվածներից իրենց հիվանդության մասին տեղյակ են լինում 75-ը, որից բժշկի օգնությանն է դիմում 65-ը: Քանի որ շատ դեպքերում վարակը կարող է ընթանալ գաղտնի փուլերով, հիվանդներից ճիշտ ախտորոշվում է 50-ը, բուժում ստանում է 45-ը եւ լիարժեք բուժվում՝ ընդամենը 35-ը: Այստեղ ակամայից հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է լինում մնացած 65-ի հետ: Բնականաբար չեն բուժվում եւ դառնում են հիվանդության տարածման աղբյուր: Սեռավարակների տարածումը կանխելու համար կարեւոր է որոշել, թե ովքեր են մեր երկրում համարվում, այսպես կոչված, «ռիսկային կամ թիրախային» խմբերը: Եթե արտասահմանյան երկրներում առաջին տեղում են հոմոսեքսուալները, Հայաստանում հիմնական տարածողները մարմնավաճառներն են: Մաշկավեներաբանների կարծիքով, արվամոլները մեզ մոտ մեծ տոկոս չեն կազմում. տարվա ընթացքում լինում է առավելագույնը մինչեւ 5 հիվանդ: Կենտրոնի տվյալների համաձայն, 100 մարմնավաճառից 60-ն ունի այս կամ այն սեռական վարակը, որի գլխավոր պատճառներից է սանիտարահիգիենիկ ցածր մակարդակը: Եվ հետո, մարմնավաճառները գործում են իրենց համար ընդունելի «սկզբունքներով» եւ զգուշանում միայն անծանոթ հաճախորդներից (ծանոթներից՝ ոչ), ինչը նույնպես մեծացնում է վարակվելու հավանականությունը: Լուրջ ցուցանիշներ են գրանցված նաեւ հղի կանանց շրջանում, որոնք, չանցնելով համապատասխան ստուգումներ, ծննդաբերում են բնածին սիֆիլիսով հիվանդ երեխաներ: Մասնագետների բնութագրմամբ, սեռավարակները նպաստում են ազգի կործանմանը, քանի որ առաջացնում են չբերություն՝ կանանց եւ տղամարդկանց շրջանում: Հայաստանում չբերության պատճառը 25 տոկոսով սեռավարակներն են: Բացի այդ, մինչեւ հիվանդության այս փուլին հասնելը, խիստ կարեւորվում է «նեղ» մասնագետների դերը: Այս հարցում մեր հիվանդանոցներում բավականին ակտիվ գործունեություն են ծավալում մաշկաբաններն ու գինեկոլոգները, մինչդեռ, Կ. Բաբայանի խոսքերով, ՀՀ-ում կա 106 ուրոլոգ, եւ նրանք 2 տարվա ընթացքում սիֆիլիսի ոչ մի դեպք չեն հայտնաբերել. «Միայն գոնորեայի 11 դեպք են արձանագրել, ինչը ծիծաղելի ցուցանիշ է: Այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ է անում ուրոլոգը, եթե ողջ տարվա ընթացքում նրան չի այցելում որեւէ հիվանդ»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել