ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՆԱՏՕ ՆԱՏՕ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը մեզ տված հարցազրույցում նկատեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն է. «Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն այսօր, ըստ էության, համապատասխանում է ԵՄ-Հարավային Կովկաս հարաբերությունների խորացման ծրագրին: Մենք պետք է հասկանանք, որ այդ հարաբերությունների զարգացման ընթացքը բխում է մեր շահերից, նաեւ՝ տարածաշրջանային լուրջ հարցեր է լուծում: Մեզ ոչ ոք չի պարտադրում գնալ դեպի Եվրոպա: Դա մեր ընտրությունն է: Բացի դրանից, Հարավային Կովկասին առնչվող երկու խոշոր երկրներ, հատկապես Թուրքիան եւ Ռուսաստանը, եւս այսօր իրենց արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերից են համարում ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել խորացումը, եվրոպական ինտեգրացիան: Մեզ համար խիստ կարեւոր է նաեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը: Հայաստանն արդեն ներկայացրել է անհատական գործընկերության ծրագիր, եւ մոտակա օրերին կլինեն նաեւ այս թեմայով քննարկումներ: Հայաստանի հարաբերություններն այս դաշինքի հետ ցույց են տալիս, որ մենք կարողանում ենք եւ ձգտում ենք համագործակցել խոշորագույն կառույցների հետ: Ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է ինտեգրվի ՆԱՏՕ-ին: Իսկ Հայաստանի ինտեգրացիան եվրոատլանտյան կառույցներին մեզ համար կարեւոր է տարբեր տեսանկյուններից: Մինչ այժմ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները տարբեր գործընթացներով եւ ծրագրերով են կարգավորվել: Իսկ «Լավագույն ջանք» զորավարժությունները, որ վերջերս անցկացվեցին Հայաստանի Հանրապետությունում, ցույց տվեցին, որ մեր զինված ուժերը օպերատիվ համատեղելիության տեսանկյունից առավել բարձր մակարդակի վրա են»: Մհեր Շահգելդյանը այն կարծիքին է, որ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիոն աշխատանքները պետք է ավելի արագացվեն: Մ. ԵՍԱՅԱՆ