ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ Ոչ վաղ անցյալում ստեպ-ստեպ տարբեր գյուղերի բնակիչներ, որոնց անասունները գողացել եւ անցկացնելով սահմանը՝ տարել էին Թուրքիա, ցույցեր էին անցկացնում ԱԺ-ի, նախագահի նստավայրի եւ պետական այլ շենքերի մոտ: Մամուլի համար այդ ցույցերն առիթ էին դատողությունների, թե որքանով է իրականում պաշտպանված Հայաստանի սահմանը: Ցուցարարները նաեւ բավական կոլորիտային անձնավորություններ էին եւ իրենց բողոքները համեմում էին այսօրինակ արտահայտություններով՝ թե բա որ մի օր էլ իրենց կողակիցներին գողանան ու տանեն Թուրքիա՞: Եվ ահա «Արմինֆոյին» տված հարցազրույցում ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը մի սկանդալային բացահայտում է արել, որից հետեւում է, թե այդ մարդիկ իրե՛նք էին կազմակերպել սեփական անասունների գողությունը: Նա հիշեցրել է 2004-ի հունիսի 10-ին ՀՀ-ից Թուրքիա անասունների (12 կովերի) մաքսանենգության մասին, որի առնչությամբ ՌԴ սահմանապահ վարչության զինվորական դատախազությունը քրգործ էր հարուցել սպաների նկատմամբ, ովքեր անփութություն էին դրսեւորել սահմանի պահպանման ժամանակ: Այդ գործն այժմ Զինվորական դատարանում է, եւ դատավճիռը կլինի ապրիլի վերջին: Պատժվել են նաեւ տվյալ սահմանապահ ուղեկալի շարքային զինվորները, որոնց տեղափոխել են թիկունք: Գեներալ-լեյտենանտը հաղորդել է, թե մայիսից սահմանամերձ գոտում աշխուժանում են մի քանի մաքսանենգ խմբեր, որոնք գործում են հետեւյալ սխեմայով: Թուրք գյուղացիները նախապես օրինական ճանապարհով ժամանում են Հայաստան եւ բնակիչների հետ պայմանավորվում անասունի վաճառքի շուրջ: Վերջիններս, իրենց հերթին, անասունն արածեցնում են սահմանից 500 մետր հեռավորության վրա եւ գիշերը շատ արագ անասունները քշում Թուրքիայի տարածք, որ տագնապի ազդանշանով ժամանող սահմանապահները չհասցնեն կանխել: Դա չափազանց շահավետ է՝ միսը Թուրքիայում ավելի թանկ է, քան Հայաստանում: Այնուհետեւ անասունը քշած հայ հովիվները դիմում են ներկայացնում իրենց անասունների առեւանգման մասին, սակայն քիչ անց նրանց մոտ, չգիտես որտեղից, հայտնվում են նոր անասուններ: «Նման փորձերից խուսափելու նպատակով ես մտադիր եմ խստագույն միջոցներ ձեռնարկել մաքսանենգների նկատմամբ, ընդհուպ մահացու կրակ բացելու հրամանը»,- հայտարարել է ռուս գեներալը: Ա. Ի.