Խմորումներ ԼՂ հարցով վերջերս անցկացված լսումները հասարակության համար ինքնին հետաքրքիր էին ոչ թե նրանով, թե ինչ դիրքորոշումներ հնչեցին դրանց ընթացքում, այլ հարցադրումով, թե առհասարակ ինչու էր կազմակերպվել այդ անհեթեթ ներկայացումը: Պաշտոնական թոթովահունչ մեկնաբանությամբ, լսումների նպատակը հակամարտության առնչությամբ հայ հասարակայնության տարբեր շերտերի դիրքորոշումների եւ տրամադրությունների հրապարակային համադրումն էր, ինչպես նաեւ կարգավորման ուղիների հարցում միասնական կոնցեպցիայի մշակումը: Համաձայնեք, որ այս բացատրությունն ի վիճակի է ծիծաղեցնել անգամ հարիսայի կարգավիճակով եփված հավերին: Այժմ տեսնենք, թե ինչու: Ի՞նչ կարող են նշանակել միասնական կոնցեպցիայի անհրաժեշտության մասին այդ քաջակորով հայտարարությունները: Տրամաբանորեն միայն մեկ բան՝ որ 1998թ. հաղթողական ծրագրերով իշխանության եկած (թողնենք կատարվածի սահմանադրականության մասին անիմաստ խոսակցությունները) Ռ. Քոչարյանն ու իր թիմը ամբողջ 7 տարի չեն հասցրել միասնական կոնցեպցիա մշակել մի հարցի կապակցությամբ, որի շահարկումով էլ իշխանափոխություն իրականացրին, եւ միայն հիմա են որոշել զբաղվել դրանով: Հավատա՞լ. անչափ դժվար է: Իշխանություններն, անկասկած, ինչ-որ մի հայեցակարգ ունեն, եւ դրա իմաստն, ինչպես արդեն հասցրել ենք համոզվել, հանգում է ստատուս քվոյի հնարավորինս երկար պահպանմանն ու կարգավորման ձգձգմանը, քանի որ այդպիսով ձգձգվում է նաեւ նրանց՝ իշխանության ղեկին մնալու ժամկետը: Բացի այդ, ակնհայտ է, որ լսումների արդյունքում ոչ մի նոր ու առավել եւս՝ միասնական մոտեցում կամ գաղափար չի առաջացել, եւ ամեն ինչ անտանելիորեն առաջվանն է: Ուրեմն տեղավորվո՞ւմ է արդյոք վարչա-կուսակցական ոգով կազմակերպված այդ միջոցառումը վերը նկարագրված հայեցակարգի մեջ: Լիովին, ու դեռ մի բան էլ ավելի. փաստորեն, դա հնարավորություն տվեց մի գնդակով մի քանի նապաստակ խփել: Նախ՝ միջազգային հանրության առջեւ պատրանք ստեղծվեց, որ Երեւանն առավել եռանդով է սկսել զբաղվել կարգավորմամբ: Պատրանք ստեղծվեց նաեւ, թե լսումներին ակտիվորեն մասնակցում են երկրի ամենատարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչները, որոնց արտահայտած մտքահեղեղի մեջ, ի դեպ, «շահեկանորեն» հառնում էր այդքան ցանկալի հասարակական անհանդուրժողականության պարագան: Իսկ դա հենց այն է, որ հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ է բանակցությունների մանրամասներին, այսպես ասած, փորձագիտական մակարդակով տիրապետող մի քանի անձանց, քանի որ դա «դրսում» մանեւրելու, իսկ այս դեպքում՝ գործընթացը ձգձգելու լրացուցիչ հնարավորություն է ընձեռում: Վերջապես ամենաէականը՝ ինչո՞ւ հենց հիմա: Այս հարցի պատասխանը պարզորեն ուրվագծվում է թեկուզեւ սահմանադրական բարեփոխումների հարցում դիտվող անսպասելի շրջադարձերի լույսի տակ: Արեւմուտքն ակնհայտորեն ուժեղացրել է ճնշումը, ու ոչ միայն ԼՂ հարցում: Եվ հիմա ՀՀ իշխանական վերնախավը տենդագին փնտրտուքների մեջ է: Ինչ-որ բան է լինելու: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ