Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՛

Ապրիլ 09,2005 00:00

ՄԻ՛ ԿՈՐՑՐԵՔ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՀԸ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը եւ դաշինքի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը երեկ «Ազդակ» ակումբում խոստացան, թե ընդդիմությունը կընտրի ճիշտ պահն իշխանափոխության համար: Դաշինքի երկուշաբթի կայանալիք նիստում որոշվելու է, թե արդյոք «Արդարությունը» մասնակցելո՞ւ է ԱԺ քառօրյայի աշխատանքներին: «Կա մարտավարական մի խնդիր,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:- Իշխող կոալիցիան փորձում է տապալել ապրիլի 12-ի նիստը, քանի որ դա հայտարարությունների օրն է»: Եվ արտահայտելով անձնապես իր տեսակետը՝ նա հայտնեց, թե ընդդիմությունը պիտի գրանցվի ապրիլի 12-ի առավոտյան, որ չտապալվի այդ նիստը: «Արդարություն» դաշինքի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանն ասաց, որ եթե կոալիցիան իրոք տապալի ապրիլի 12-ի նիստը՝ սա եւս մի ապացույց կդառնա, թե «ինչքան կեղծ ու անազնիվ են բոլոր փորձերը՝ ներկայացնել, թե երկխոսության կարիք կա, եւ իրենք ամեն ինչ անում են, որ այն կայանա»: Ասվածն այս անգամ վերաբերում էր հատկապես «Օրինաց երկրին», որն ըստ տիկին Խաչատրյանի՝ «ակնհայտորեն սկսել է ընտրարշավ (նաեւ ՀՀԿ-ն ետ չի մնում այդ առումով) եւ փորձեր է անում իր համար ստեղծել ժողովրդավարական ուժի իմիջ ու երկխոսություն սկսել քաղաքական տարբեր դաշտերում գտնվող ուժերի հետ»: Նիստի հնարավոր տապալման առնչությամբ նա նաեւ հարցրեց. «Ինչի՞ց են վախենում խորհրդարանի մեծամասնությունը եւ իշխանությունները: Պարզվում է, որ վախենում են նույնիսկ այն հայտարարություններից, որ կարող է անել ընդդիմությունը»: Մանրամասներ ներկայացվեցին «Արդարության» ապրիլի 13-ի համաժողովի վերաբերյալ, որին հրավիրված են բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, մտավորականներ ու իրավապաշտպաններ: «Ազգային միաբանությունը» հայտարարել էր, թե ձեռնպահ է մնալու ապրիլի 12-13-ի բռնությունների կազմակերպիչ իշխանությունների բարոյական «մահվան» տարին նշելու ցանկացած գործողությունից: Սակայն պարզ դարձավ, որ համաժողովին հրավիրված են նաեւ «ԱՄ» ներկայացուցիչները: «Համոզված եմ, որ նրանք ներկա կլինեն,- ասաց Վիկտոր Դալլաքյանը:- Այլ խնդիր է, որ համատեղ հրապարակային հանդիպումները նրանք այս պահին համարում են աննպատակահարմար: Դա մարտավարական խնդիր է»: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ընտրվեց դահլիճային հանդիպման եւ ոչ հանրահավաքի տարբերակը՝ արդյոք մտավախություննե՞ր կային մասնակիցների սակավաթվության վերաբերյալ՝ պրն Դալլաքյանը պատասխանեց. «Որեւէ մտավախություն չկա հանրահավաք անցկացնելու առնչությամբ: Մենք ցանկացած ժամանակ կարող ենք անցկացնել բազմամարդ հանրահավաք: Տարբեր խավերի հետ մեր հանդիպումները ցույց են տալիս, որ բնակչությունը տրամադրված է ավելի վճռական եւ արմատական քայլերի»: Իսկ Ռուզան Խաչատրյանի կարծիքով՝ դահլիճային հանդիպումը եւս ազդեցիկ միջոցառում է եւ կարող է մեծ ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա. «Քաղաքացիների տրամադրվածությունն է, որ եթե դուրս են գալու հանրահավաքի՝ այն պետք է դառնա հարցի լուծումը: Իսկ մենք գտնում ենք, որ այս պահին չենք գտնվում այդ փուլում»: Ի դեպ, նա նաեւ անձնական դիտարկում հայտնեց, թե մարզերի բնակիչներն այսօր ավելի վճռական են տրամադրված ու տեղի ունեցածին վերաբերվում են քաղաքացիական առավել սուր գիտակցությամբ, քան երեւանցիները: Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ «Արդարության» համաժողովը կարող է մի լրացուցիչ խթան դառնալ. «Չեմ բացառում, որ այլ կուսակցությունների ներկայացուցիչները մեզ հետ միասին կմասնակցեն նաեւ մարզային հանդիպումներին: Եվ զգալով արդեն շարժման «պիկը»՝ մենք կիրականացնենք վերջնական քայլը»: Այս արտահայտությունն ասուլիսի ընթացքում նա կրկնեց մի քանի անգամ, թե շարունակելու են հանդիպումները բնակչության հետ. «Կընտրենք հարմար պահը եւ ժամանակահատվածը համաժողովրդական շարժման արդյունքում իշխանափոխության համար»: Սա առիթ տվեց, որ «Առավոտը» կեսկատակ հետաքրքրվի, թե գուցե «Արդարությունը» հրաժարվե՞լ է այն կարգախոսներից, որոնցով մասնակցում էր ընտրություններին, եւ այժմ որդեգրել է ԱԻՄ նախագահի՞ կարգախոսը. «Մի՛ կորցրեք պատմական պահը» (ճիշտ է՝ «ՊԱՀ» ասելով նա նկատի ուներ ինքն իրեն՝ Պարույր Արշավիրի Հայրիկյանին): Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց լրջորեն. «Քաղաքական ուժերն ու գործիչները ոչ քաղաքական ուժերից եւ գործիչներից տարբերվում են հենց նրանով, որ պետք է ընտրեն ճիշտ պահը»: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, թե «Արդարությունը» դեմ է արյունահեղությանը. «Բայց գործող իշխանություններն ամեն ինչ անում են Հայաստանում ղրղզական տարբերակն իրականացնելու համար»: Սակայն բացառեց, որ «Արդարության» գործողությունների մեջ լինեն արկածախնդրության անգամ տարրեր. «Համոզված եմ, որ եթե Ստեփան Դեմիրճյանը 2003-ի նախագահի ընտրության 1-ին փուլից հետո հրահանգ տար ժողովրդին գրավել ԿԸՀ շենքը կամ նախագահական նստավայրը՝ Քոչարյանը վաղուց փախած կլիներ: Բայց Դեմիրճյանը չի գնացել այդ քայլին եւ իմ կարծիքով՝ ճիշտ է արել, որովհետեւ հետո ոմանք նրան կմեղադրեին արյան միջոցով իշխանության գալու մեջ»: Վերջում մի զուգահեռ տարավ, թե «Ա1+»-ն ունեցել է 100 հազար հեռուստադիտող, սակայն նրանց գոնե կեսն այսօր չի պայքարում այդ հեռուստաընկերության եթերը վերականգնելու համար. «Մարդիկ պետք է դուրս գան եւ պաշտպանեն իրենց իրավունքները: Բայց նրանք տանը նարդի են խաղում, հետո ընդդիմությանն ասում, թե լավ կլինի՝ իրան քցեք… Փոխանակ ասեն՝ մե՛նք ինչ անենք, որ գցենք՝ մեզ ասում են, թե ո՞ր ժամին, ո՞ր օրը, լապատկով ե՞րբ եք գլխին խփելու: Նման բաներ ասողները շիրա՛ են տալիս, ուրիշ բան են ուզում, որ գնան բախվեն՝ մեկ էլ Պողոսը սպիտակ ձիու վրա գա՝ ասի, եկել եմ: Մենք էլ այնքան խելք ունենք, որ այդ կուտերը չենք ուտելու: Մենք գիտենք, թե ե՛րբ ենք դա անելու»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել