ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ տասներորդ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ
Պարգեւն ու մյուսները դեռեւս քնած էին, իսկ արթուն ազատանցին «բարլուսից» բացի դեռեւս այլ բառ չէր ասել, ու էդ պահին ես դեռեւս չգիտեի, որ ազատանցի Վալոդը երբեւէ ինձ հանդիպած ամենաքչախոս մարդն է:
Քչախոս էլ կա, քչախոս էլ: Իմ ծանոթներից ոմանք նույնիսկ ինձ են քչախոս համարում, եւ պետք է ասեմ, որ էդպես համարողներն առանձնապես չեն սխալվում, որովհետեւ որոշակի մարդկանց ներկայությամբ ես իսկապե՛ս քիչ եմ խոսում, եւ խոսքս այստեղ բնավ էլ չի վերաբերում Օրթախ Աբոյի կամ, ասենք, Սադոյան Արշակի ներկայությամբ իմ սակավախոսությանը, որովհետեւ էս երկուսի առկայության պայմաններում ես ոչ թե չխոսկան եմ դառնում, այլ պարզապես էս երկուսը չեն թողնում, որ խոսես:
Իսկ որոշ մարդկանց ներկայությամբ ես իսկապե՛ս չխոսկան եմ դառնում, այսինքն՝ համարյա թե չեմ խոսում: Համարյա թե չեմ խոսում ազգականներիս ներկայությամբ, եւ եթե ձեզանից մեկնումեկը նրանց տեղեկացնի, որ ես իրականում լավ էլ շատախոս եմ, շատ կզարմանան: Ես իսկապե՛ս ազգականներիցս մշտապես պատկառել ու մոտները համարյա չեմ խոսել ու չեմ խոսում, չնայած նրանց մեջ կան նաեւ էնպիսիք, որոնց ներկայությամբ ես չեմ խոսում զուտ էն պատճառով, որ իմ ու իրենց հետաքրքրություններն իրար հեչ չեն բռնում:
Ես միանգամայն քչախոս եմ նաեւ իմ ավագ գրչընկերների ներկայությամբ, չնայած սրանց մեջ էլ քիչ չեն էնպիսիք, որոնց հետ ընդհանրապես խոսելու բան չունեմ:
Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ ես ազգականներիս ու ավագ գրչընկերներիս առկայությամբ քչախոս եմ, կարելի է արձանագրել, որ ես առնվազն կիսով չափ քչախոս մարդ եմ, եւ իմ քչախոսությունը հիմնականում պայմանավորվում է նրանով, որ հայրս էլ ահավոր սակավախոս էր, եւ նույնիսկ իր ծնողների, իր քրոջ, իր եղբոր, իր կնոջ, իր երեխաների հետ լուսահոգի հայրս խոսում էր միայն էն դեպքերում, երբ խոսելու եւ որեւէ բան ասելու լուրջ ու հիմնավոր առիթ էր ներկայանում, եւ միայն էն դեպքերում, երբ մի քանի բաժակ խմած էր լինում, հնարավոր է՝ նորմայից երկու-երեք բառ ավել ասեր:
Ես, անկախ էն հանգամանքից՝ խմած եմ թե չէ, չափազանց շատախոս եմ դառնում տարեկիցներիս ու ինձնից կրտսերների միջավայրում, մանավանդ եթե տվյալ միջավայրը գնահատում է իմ պոեզիան կամ էլ, ասենք, արձակս, եւ ես աշխուժանում ու շատախոս եմ դառնում հատկապես էն դեպքերում, երբ արձակս են սկսում գովաբանել, որովհետեւ, հասկանում եք, ես, իբրեւ արձակագիր, միանգամայն սկսնակ եմ եւ բոլորեքյան լիցքավորված ու տոգորված եմ սկսնակներին բնորոշ հակումներով ու հավակնություններով, բայց, այդուհանդերձ, ես, դեռեւս միանգամայն սկսնակ, էս պահի դրությամբ գովեստների իմ բանկում արդեն իսկ ունեմ հանրապետության առաջին նախագահի լիարժեք ու լիասիրտ գովեստը, ու էդ գովեստը հնչեց Վասակի բջջայինով ընդամենը մի քանի օր առաջ, եւ էդ պահին ես Վասակի «Այբ-ֆեն» էի սրբագրում ու, սրբագրելուն զուգահեռ, «Այբ-ֆեի» հեռուստացույցով հետեւում էի մեր գրողական հեռուստամարաթոնին, որի ընթացքում մեր մեծահարուստները մեր գրողների միության հաշվեհամարին փող էին փոխանցում, ու էդ մասին ես դեռեւս առավոտվանից էի տեղյակ, որովհետեւ անձամբ Լեւոն Անանյանն ու հետո նաեւ իր քարտուղարուհին հեռախոսով ինձ ապսպրել էին, որ մասնակցեմ էդ, ուրեմն, դրամահավաքության հեռուստամարաթոնին իմ խոսքով ու իմ կոչով առ մեծահարուստները, ու ես, իհարկե, խոստացել ու չէի գնացել ոչ թե էն պատճառով, որ մուրացկանության միանգամայն այլ ձեւեր եմ նախընտրում, այլ էն պարզ պատճառով, որ, ինչպես արդեն ասացի, էդ պահի դրությամբ «Այբ-ֆեի» սրբագրիչն էի եւ, ուրեմն, պարտավոր էի էդ պահին խմբագրությունում գտնվել, ու երբ Վասակի բջջայինը զնգզնգաց, էդ պահին մի աչքով թերթն էի սրբագրում, իսկ մյուսով հեռուստամարաթոնին մասնակից մեր գրողներին էի հետեւում, ու հենց Վասակի բջջայինը զնգզնգաց, հաղորդավարն ասաց, որ գովազդային ընդմիջումից հետո իրենց կմիանան նորանոր գրողներ, եւ երբ Վասակն իր բջջայինն ինձ փոխանցեց, ասելով՝ «Լեւոնի տղեն ա»,- եւ, մինչ ես կմտմտայի հեռուստամարաթոնից խուսափելու ամենահարմար պատրվակը, Լեւոնի տղան խոսափողից ասաց. «Արմեն, մի րոպե, տալիս եմ պապային»:
Պապան, ինչպես քիչ անց պարզվեց, Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, եւ դուք դա նախքան իմ ասելը հավանաբար կռահեցիք, որովհետեւ ես, որպես միանգամայն սկսնակ արձակագիր, նախ գրում եմ այն մասին, թե ինչ եղավ, եւ հետո նոր միայն այն մասին, թե ինչպես եղավ: Իսկ ես մի քիչ ուշացումով առաջին նախագահի ձայնը ճանաչեցի, քանի որ տրամադրվել էի, որ ինձ պիտի հեռուստամարաթոնի կանչեն, եւ միայն այն ժամանակ, երբ իր ձայնն ինձ Վասակի բջջայինով ասաց՝ «Շե՛ֆ, «Հայկական ժամանակում» տպածդ էս վերջին պատմվածքը շատ եմ հավանել», ես հասկացա, որ Տեր-Պետրոսյանի հետ եմ խոսում, որովհետեւ իր ստորադրյալներից լսել էի ու արդեն գիտեի, որ իրենց շեֆն իր շատ ու շատ ենթականերին «շեֆ» է ասել, ու դա հարգանքի նշան է համարվել, եւ երբ ինքն ասաց, որ իմ էդ «Մեռյալը» պատմվածքը հավանել է, ես իրեն ասացի՝ «Շատ ուրախ եմ, որ հավանել եք, շեֆ», եւ երբ ինքն ասաց՝ «Լավ, քեզ գործից շատ չկտրեմ», ես ասացի՝ «Չես կտրում», եւ երբ ինքն ասաց՝ «Հաջողություն, Արմեն ջան», ես ասացի՝ «Հաջողություն, շե՛ֆ ջան»:
Ես իմ կյանքի փորձով գիտեմ, թե ինչ հաճելի է, երբ գրածդ բանաստեղծությունը գովում են: Եվ դա նույնիսկ էն դեպքերում է հաճելի, երբ հանիրավի ու ձեւական են գովում: Եվ առավել հաճելի է, երբ անկեղծորեն ու սրտանց են գովում: Եվ առավել հաճելի է, երբ արձակդ են գովում: Եվ անհամեմատ հաճելի է, երբ քեզ գովողը նախագահ է: Եվ շատ ավելի հաճելի է, երբ գովողը նախկին նախագահ է, եւ էդ վերջին հանգամանքը հատկապես ինձ համար է հաճելի, որովհետեւ առաջին դեմքերի հանդեպ իմ մեջ լիարժեք հետաքրքրություն է առաջանում հատկապես նրանց պաշտոնաթողությունից հետո, եւ դա ես առաջին անգամ զգացի ու հասկացա, երբ իննսուներեքին հանդիպեցի Կարեն Սերոբիչին Հայէլեկտրոյի իր աշխատասենյակում, ու իր կաբինետում հայտնվելուս պատճառը Թումանյանի թանգարանի համար դվիժոկ խնդրելն էր, եւ, իհարկե, Դեմիրճյանը բավարարեց խնդրանքս, բայց ես ոտս կախ էի գցել ու շարունակում էի կլանել իր պատմությունները Բրեժնեւի, Բաղրամյանի, Շեւարդնաձեի եւ այլոց մասին ու հընթացս նաեւ զգում էի, որ պաշտոնաթող կամ նախկին առաջին դեմքը շատ ավելին է, քան՝ պարզապես առաջին դեմքը, ու եթե իրականում էդպես էլ չէ, միեւնույն է, ինձ համար էդպես է, ու ես մի դեպք էլ եմ հիշում ամենաառաջին մեկ այլ դեմքի հետ կապված, եւ դա Ղափլանյանի թաղման օրն էր ու էն պահը, երբ թաղման թափորն Օպերայի շենքից արդեն դուրս էր գալիս, եւ առաջին իսկ շարքում Ալեքսան Մատվեյիչն ու Քոչինյանն էին ու երկուսն էլ արսըզ-արսըզ ու դիք-դիք քայլում էին, եւ երբ ես մոտեցա իրենց, Մատվեյիչն ինձ ու Անտոն Երվանդիչին ծանոթացրեց, ու, մինչ կհասնեինք Մաշտոցի սկիզբն, ու դագաղը կդնեին դիակառքի վրա, ես ուղղակի կլանեցի Քոչինյանի պատմածն այն մասին, թե ինչպես Ղափլանյանն իրեն ճարպկորեն ու խորամանկորեն համոզեց բացել Դրամատիկ թատրոնը, ու նաեւ միանգամայն այլ մի պատմություն այն մասին, թե ինչպես Ղափլանյանը Քոչինյանին համոզեց, որ առավոտները Զանգվի ձորում միասին վազեն, ու ես էլի անվերջ կլսեի էդպիսի այլ սովորական պատմություններ էդ՝ միանգամայն ոչ սովորական մարդուց ու նրա նմաններից, որովհետեւ, կրկնում եմ, նախկին թագավորներն ինձ համար անչափ հետաքրքիր են, եւ ինձ համար հետաքրքիր են նույնիսկ միջին տրամաչափի նախկին առաջին դեմքերը, ու երեւի դա էր պատճառը, որ ութսունականներին ամեն իրիկուն շփվում էի պաշտոնաթող Գեւորգ Հայրյանի եւ պաշտոնաթող ու նախկին մինիստրների խմբի հետ եւ անհագ կլանում էի պալատական զարմանազան ինտրիգների մասին իրենց հուշերը, եւ դա իրենց իմաստնացած վիճակն էր, եւ իրենց ու բոլորիս հիմնական դժբախտությունն այն է, որ յուրաքանչյուրս իր հնարավորությունները լիովին գիտակցում է միայն այն ժամանակ, երբ վերջնականապես ձեռքից բաց թողած է լինում իր հնարավորություններից օգտվելու բոլոր մեխանիզմները, ու ես ամեն իրիկուն կլանում էի Հայրյանի ու մյուս նախկինների զարմանազան պատմություններն ամեն ինչի մասին, որովհետեւ, չնայած երբեւէ լուրջ պաշտոն չեմ զբաղեցրել, այդուհանդերձ եւ ըստ էության, ես էլ եմ միանգամայն նախկին, որովհետեւ իմ էս մինուճար կյանքում բազում շանսեր ու հնարավորություններ եմ ձեռքիցս բաց թողել:
Եթե դեռ չեք մոռացել, ես, պատմելով ու Մայոյի խմբից սկսելով, միանգամայն նորմալ ընթացքով եկել ու հասել էի ընդհուպ բանակ գնալուս օրը, որտեղից, չգիտես ինչու, հանկարծակի թռիչք կատարեցի մեկ Թիֆլիս, մեկ Յալթա, մեկ իննսունչորս ու մեկ էլ երկու հազար չորս թվականները, ու դեռ էսքանից հետո մարդիկ կան, որ ինձ լավ պատմող են համարում, եւ հիմնականում էդ կարծիքին են իմ տարեկիցներն ու հատկապես տարիքով ինձանից փոքրերը, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր դեռեւս ինձանից որեւէ բան լսելու ու իմանալու միամտությունն ու ակնկալիքն ունեն, իսկ ինձանից մեծերի ներկայությամբ իմ քչախոսությունը բխում է էն պարզ ու հասկանալի հանգամանքից, որ ես հիսունականների Մետաքսի ծնունդ եմ, եւ էդ տարիներին Մետաքսում մեծերի ներկայությամբ փոքրերիս ընդհանրապես խոսք չէր հասնում, իսկ ինձ համար մեծ համարվում էին բոլոր նրանք, ովքեր ինձանից առնվազն երեք տարով մեծ էին, իսկ ինձանից մեկ կամ երկու տարով մեծերի ներկայությամբ ես լավ էլ բլբլում էի, որովհետեւ Մետաքսի դպրոցի մեր դասարանում հիսունմեկ ու հիսուներկու թվականներին ծնված Վովան, Անդանն ու Մարտունը կային, ու էդ երեքի շնորհիվ ես առ էսօր հիսուներկու ու հիսունմեկ թվերի տղերքին ինձ միանգամայն հասակակից եմ համարում, եւ յոթանասունչորսի բանակային գնացքի մեր հարկաբաժնում էլ հիմնականում հիսունմեկից հիսուներեք թվի տղերք էինք, այսինքն՝ քսանմեկից քսաներեք տարեկան տղերք, եւ մեր միջի ամենաավագը քառասունութի ծնունդ կիրովաբադցի Վալոդն էր, այսինքն՝ Վալոդն արդեն ավելի քան քսանվեց տարեկան էր, այսինքն՝ եթե Վալոդը եւս երկու պրիզիվ հաջողացներ թաքնվել ու աննկատ մնալ զինկոմիսարիատից, իր բանակային տարիքն անցնելու էր, ու ինքը բանակից լրիվ պրծնելու էր, եւ, մինչ Պարգեւն ու մյուսները կզարթնեին, ու մինչ լռակյաց ազատանցին գնացքի լուսամուտին գամված կզմայլվեր ադրբեջանական Քռով, կիրովաբադցին արթնացել, լվացվել ու արդեն սկսել էր ինձ պատմել իր ու զինկոմիսարիատի ամենավերջին ու ամենավճռական առերեսման պատմությունը, թե ինչպես ընդամենը մի քանի օր առաջ Օպերայում՝ նոր «Անուշի» պրեմիերայից ընդամենը մի քանի րոպե առաջ զինկոմիսարիատի ներկայացուցիչները հենց դիրիժորական փոսից առեւանգել ու տարել էին իրեն՝ սիմֆոնիկի երկրորդ շեփոր կիրովաբադցի Վալոդին եւ, երեք օր զինկոմիսարիատում փակի տակ պահելով, նոյեմբերի երեսունին բերել էին հավաքակայան, ու հիմա Վալոդն արթնացել, լվացվել ու իր էդ առեւանգման մանրամասները հենց ինձ էր պատմում, հընթացս խնդրելով, որ իր հերոսական անցյալի էդ դրվագները հանկարծ որեւէ մեկին չպատմեմ, քանի որ՝ ինքն արդեն երկու տարվա կոմունիստ էր եւ չէր ուզում, որ ուրիշներին հասու դառնային իր կյանքի էդ, ուրեմն, գաղտնի էջերը, բայց, այդուհանդերձ, ինքն էդ փակ էջերն իմ դեմ ամբողջովին բացեց ու ամենայն մանրամասնությամբ պատմեց, որովհետեւ, ինչպես ինքն ասաց, մեկնումեկին պիտի պատմեր, ու էդ մեկնումեկը ճակատագրի ու դեպքերի բերմամբ՝ հենց ես էի, ու ես, չնայած ի տարբերություն Վալոդի, միանգամայն կամավոր էի բանակ գնում, բայց, էդ պահի դրությամբ, իրենից պակաս անհանգիստ չէի, մանավանդ՝ իր էդ առեւանգման պատմությունը լսելուց հետո:
Կիրովաբադցի Վալոդի էդ խոստովանության ողջ ընթացքում ազատանցի Վալոդը շարունակ գամված էր գնացքի պատուհանին ու դեռեւս իր «բարլուսից» հետո որեւէ նոր բառ չէր ասել, ու ես հիմա հիշեցի, որ իմ ու հորս քչախոսության մասին հիշելուս առիթը հենց ազատանցու քչախոսությունն էր, ու էդ առթիվ իմ վերջնական եզրակացությունը հետեւյալն է. ազատանցու քչախոսության համեմատ՝ իմ, հորս ու բոլոր մյուս սակավախոսների քչախոսությունը շատախոսության պես բան է, ու իմ էս եզրակացությանը ես հանգեցի ոչ թե էդ առավոտ գնացքում, այլ՝ մեր համատեղ ծառայության մի տարուց հետո:
Երբ Պարգեւն ու բոլորն արթնացան, վաղ լուսաբացի խուճապս ու անհանգստությունս կամաց-կամաց սկսեցին ցրվել, ու ես վերստին տոգորվեցի իմ մեկնարկային լավատեսությամբ, եւ գնալով իմ էդ լավատեսությունն ավելի ու ավելի էր հիմնավորվում ու ամրապնդվում հատկապես Վալերի ու Պարգեւի ֆիզիկական եւ ատլետիկ ներկայությամբ, եւ, չնայած հենց Պարգեւն ու Վալերն էին արթնացել ու մյուսներիս վերստին համոզում, որ Նասոսնիում իրարից ոչ մի դեպքում պոկ չգանք, բայց իրականում հենց մյուսնե՛րս մեր մոտալուտ ծառայությունն առանց Վալերի ու հատկապես առանց Պարգեւի չէինք պատկերացնում, մանավանդ որ՝ Պարգեւը մեր նախաճաշի հացի վրա վերջնականապես երդում տվեց, որ եթե միեւնույն զորամասն ընկնենք, մեր փողերը հետ է վերադարձնելու:
Ինչ վերաբերում է Վալերին, նա, սրբիչն ուսերին, արդեն լիցքային իր վարժություններն էր սկսել գնացքի միջանցքում, եւ սպաները, զինակոչիկներն ու գնացքի անձնակազմն իրար ձեն տալով՝ դուրս էին եկել միջանցք՝ տեսնելու գոտկատեղից վերեւ մերկացած Վալերին եւ հիանալու նրա տեսարժան մկաններով, որովհետեւ Վալերն արտաքուստ բնավ չէր զիջում կուլտուրիզմի գծով աշխարհի լիդերներին:
Այդուհանդերձ, ամեն ինչից զգացվում էր, որ Վալերը մնացած բոլոր հարցերում զիջում ու ենթարկվում է Պարգեւին, որովհետեւ երբ Պարգեւն ասաց՝ «Վալե՛ր, հերի՛ք ա մարդկանց մուսկուլներովդ զարմացնես», Վալերը գլուխը կախ սուսուփուս մտավ գնացքի զուգարան, երկարատեւ ու մանրամասն լոգանք ընդունեց, կիսաթաց դուրս եկավ ու էլի ահագին ժամանակ վերնաշապիկը չէր հագնում էն դեպքում, երբ մենք մեր մի քանի տակ շորերի ու սվիտերների մեջ ցրտահար էինք, եւ Վալերը վերնաշապիկը հագավ միայն էն պահից հետո, երբ Պարգեւն ասաց. «Շորերդ հագի՛, Վալե՛ր, հերիք ա մերոնց վախացնես. դեմներս մի տարի հըլը կա, թուրքերին կվախացնես»:
Պարգեւի խոսքերից հետո Վալերը խորը դղրդոցով հոգոց հանեց, ասել է թե՝ Պարգեւն իրեն միանգամայն անտեղի է դիտողություն անում, այնուհետեւ առանց մայկայի չլուտ մարմնին իր ամառային թեթեւ ու վանդակավոր վերնաշապիկն անշտապ հագցրեց, գնացքի պատուհանից նայեց գնացքին զուգահեռ հոսող լայնահուն գետին ու ասաց. «Տղե՛րք, էս արդեն Վրաստան ե՞նք. էս Քուռը չի՞»: «Քուռը Քուռն ա, բայց Վրաստանը չի, Ադրբեջանն ա»,- ասաց կիրովաբադցին: «Բա Քուռը Վրաստանի մեջ չի՞»,- զարմացավ Վալերը: «Համ Վրաստանի մեջ ա, համ էլ՝ Ադրբեջանի. Ադրբեջանով ըսենց էթում-լցվում ա Կասպից ծով,- ասաց Պարգեւն ու ավելացրեց.- մուսկուլատուրեդ զարգացնելու տեղակ՝ մի քիչ էլ աշխարհագրական գիտելիքներդ զարգացնեիր»: «Աշխարհագրությունս միշտ էլ հինգ ա էղել, Պաքո ջան»,- ասաց Վալերն ու նրա խոսելու տոնից զգացվում էր, որ ի՛նքն է մեծահոգաբար թույլ տալիս, որ Պարգեւն իր հետ ուսուցողական ու դաստիարակչական տոնով խոսի, ու հենց էդ տոնով էլ Պարգեւը շարունակեց ու ասաց՝ «հեչ չի էրեւում, որ հինգ ա էղել», եւ նրա ասելու տոնից ու հնչերանգից զգացվեց, որ Պարգեւի հոգու ամենախորքում Վալերի հանդեպ նախանձի որոշակի դոզա կա, եւ, չնայած Վալերը հլու ենթարկվում էր Պարգեւի յուրաքանչյուր ասածին, բայց, այդուհանդերձ, Պարգեւի նկատմամբ Վալերի ֆիզիկական գերազանցությունն ակնհայտ էր, ու Վալերի էդ մշտական ու ակնհայտ առավելությունը Պարգեւը մշտապես փորձում էր չեզոքացնել ու կոմպենսացնել իր մտքի ճկունությամբ ու կյանքի իմացությամբ, ու Վալերը, ինչպես վայել է իսկական հսկաներին, մեծահոգաբար ու մարդասիրաբար Պարգեւին թույլ էր տալիս մշտապես այդ անել եւ, ինչպես վայել է իսկական ուժեղներին, փոխարենը ոչինչ չէր պահանջում ու Պարգեւի մասով մի բան էլ ինքն էր իրեն պարտքի ու մուննաթի տակ դնում, եւ, կարելի է ասել, իր էդ իմացյալ զիջողությունը շատ էլ դուր էր գալիս երբեւէ ճանաչածս էդ, ուրեմն, ամենաաժդահա մարդուն, որովհետեւ Պարգեւի ու հատկապես մյուս մահկանացուներիս նկատմամբ Վալերի ֆիզիկական շուրջօրյա գերազանցությունն էնքան ափաշկարա ու ակնհայտ էր, որ ինքը շատ հաճախ հենց գիտակցաբար ու կամավոր էր սովորական մահկանացուներիս խոսքի տակ մնում, եւ իր թողտվությամբ ու թույլտվությամբ մենք իր կողքին մեզ ավելի լիարժեք էինք զգում, ու շատ ավելի Պարգեւն էր Վալերի առկայությամբ իրեն կատարյալ զգում, որովհետեւ Վալերն ամենից շատ հենց Պարգեւին էր էդ շանսը տալիս, եւ, բացի այդ, ի տարբերություն մյուսներիս, Պարգեւն անմնացորդ ու լիուլի էր օգտվում Վալերի տված էդ, ուրեմն, շանսից:
Երբ մեր նախաճաշն ավարտվեց, Պարգեւը կիրովաբադցուն ասաց, որ գործիքը ճամպրուկից հանի, եւ երբ Վալոդը շեփորը հանեց ու տեղում սկսեց ցուցադրել իր վարպետությունը, մեզ ուղեկցող սպաներից ամենաբարձրահասակն ու ամենաթիկնեղը, շեփորի ձայնի վրա հայտնվելով, Վալոդի վրա գոռաց՝ «Արա՛, կարող ա՞ ձեր համար ըստեղ պիոներական ճամբար ա», եւ Վալերը, երկար չսպասելով ու կուլտուրիստի պես կուրծքը դուրս ցցելով, ասաց՝ «Ախպե՛ր, կարող ա՞ էդքան պիոների նման ենք», ու Պարգեւը Վալերի խոսքի վրա ասաց՝ «Մարդը ճիշտ ա ասում. աղմուկ ենք հանում», ու երբ Վալերի տեսքից սարսռած սպան հեռացավ, Պարգեւն արդեն ազատանցի Վալոդին ասաց՝ «Վալո՛դ, հիմի քու գործիքը հանի, դրանց վրա ուշադրություն մի՛ դարձրու», ու ազատանցին իր կլարնետը հանեց, մի քանի անկապ հնչյուններ արձակեց ու սկսեց «Զուր ես գալիս, ա՛յ գարունը», եւ երբ երեք խոժոռադեմ սպաները վերստին հայտնվեցին, մենք մտածեցինք, որ մեր ու իրենց միջեւ տհաճ ու անցանկալի բախումն ահա-ահա տեղի է ունենալու, բայց, ի զարմանս մեզ, երբ ազատանցին նրանց տեսնելով՝ դադարեցրեց նվագը, մեզ նկատողություն արած սպան ազատանցուն հարցրեց՝ «էդ խի՞ դադարացրիր», եւ երբ ազատանցին ասաց՝ «մտածեցի, որ էլի դիտողություն կանեք», մեզ նկատողություն արած խոժոռադեմ սպան անսպասելի ու մեղմ ժպտաց եւ ասաց՝ «շատ լավ ես նվագում, մենք լավ բաների համար դիտողություն չենք անում, կարաս շարունակես», եւ ազատանցի Վալոդը ոչ թե շարունակեց, այլ նորից սկսեց «Զուր ես գալիս, ա՛յ գարունը», ու, մինչեւ կվերջացներ, երեք սպաներն արդեն քիփ մեր կողքին էին նստած, իսկ պատուհանների տակ խիտ շարքով շարված էին մեր վագոնի բոլոր զինակոչիկներն անխտիր, եւ նրանցից մի քանիսի աչքերն արդեն թաց էին, ու երբ Վալոդն ավարտեց «Զուր ես գալիս, ա՛յ գարունը», մեզ նկատողություն արած սպան Վալոդի ականջին ինչ-որ բան շշնջաց, ու Վալոդը մեղմ, շա՜տ մեղմ սկսեց «Կիլիկիան», ու շատ չանցած՝ Վալոդի «Կիլիկիան» սպաներից ամենանիհարին ու անձամբ ինձ ուղղակի լացացրեց, ու սպաներից ամենանիհարն ու անձամբ ես դեմքներս պատի կողմ շրջեցինք, որ մեր արցունքները տեսնողներ չլինեին, եւ երբ ազատանցին ավարտեց «Կիլիկիան» ու արդեն առանց որեւէ մեկի հուշելու սկսեց «Մայր Արաքսի ափերովը», ամենանիհար սպայի ու անձամբ իմ թաքնվելն արդեն անիմաստ էր, որովհետեւ արցունքներն արդեն համարյա բոլորի աչքերից էին չռռում, քանզի ազատանցու «Մայր Արաքսի ափերովն» առավել հուզիչ էր, եւ ազատանցու կլարնետն արդեն ոչ թե հնչում, այլ՝ գլգլալեն հոսում էր, եւ դա երբեւէ մեր տեսած ու մեր լսած լավագույն կլիպն էր, քանզի ազատանցու կլարնետը հոսում էր գնացքի պատուհանից շողշողացող Քռին զուգահեռ ու համընթաց, եւ ազատանցու կլարնետը, խոպոպավոր դաշտն ու արծաթափայլ գետն առժամանակ մեզ մոռացնել էին տվել, որ պատուհանից շողշողացող այդ ամենը մեր հայրենիքը չէ:
Ազատանցին էդպես բոլորին ու հատկապես ինձ լացացրեց, ու ես հատկապես հենց ի՛մ արցունքների առումով էի զարմացած, որովհետեւ ես, ճիշտ է, չորսիրտ չէի, բայց սովորաբար արցունքներս դժվարությամբ էին աչքերիցս դուրս գալիս, ու էդ հանգամանքը հատկապես լուսահոգի մորս էր զարմանք ու սարսափ պատճառում, ու առաջին անգամ էդ հանգամանքից մայրս սարսափել էր, երբ հետն ինձ առաջին անգամ կինո էր տարել, ու կինոն էլ «Գիքորն» էր, ավելի ճիշտ՝ «Գիքորի» համր տարբերակը, ու ես էդ ժամանակ երեւի Գիքորի տարիքի երեխա էի, ու երբ ֆիլմն ավարտվել էր, ու «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի դահլիճի լույսերն էլ վառվել էին, մայրս սարսափով տեսել էր, որ հանդիսատեսներից միայն իմ աչքերն են չոր: Բայց փոխարենը ես կուշտ լաց էի լինում հատկապես հնդկական ֆիլմերի ու նույնիսկ անհեթեթ ինչ-որ կոմեդիաների ժամանակ, երբ ուրիշները քահ-քահ ծիծաղում էին, ու էդպիսի դեպքերում լուսահոգի մայրս ասում էր՝ «Գիքորի» վախտ լաց չեղար, էս հիմարության վրա ե՞ս լացում», ու ես միշտ նույն կերպ էի արդարանում՝ ասելով. «Ախր, ա՛յ մամ, «Գիքորը» համր կինո էր, ես էդ տարիքում դրա ի՞նչը պիտի հասկանայի»:
Իսկ հիմա Վալոդի նվագի վրա լացս մյուսների լացին զուգահեռ ու սինխրոն էր, ու մենք բոլորս հավասարապես հուզված ու լացած էինք, որովհետեւ չհուզվելու ու չլացելու որեւէ հիմնավոր պատճառ չունեինք:
Երեկոյան յոթին հասանք Նասոսնի, որը Երեւանի մեր զբոռնի պունկտի պես մի տեղ էր՝ Բաքվի արվարձաններից մեկում: Բաքու չհասած՝ մեզ հենց էդ վայրում իջեցրին, եւ երբ Նասոսնիում իջանք, արդեն լավ մութ էր:
Նասոսնիում մեզ առանձնապես ջերմ չընդունեցին, ավելի ճիշտ՝ մեզ ընդհանրապես որեւէ մեկը չդիմավորեց, ու Նասոսնիի մութը շատ տեսանելի ու շոշափելի էր, քանի որ էդ ընդարձակ ու անհյուրընկալ տարածքում ընդամենը հատուկենտ լամպեր կային, որոնք ոչ թե շրջակայքն էին լուսավորում, այլ ընդամենը՝ իրենք իրենց:
Մենք մեզ ուղեկցած սպաներից փորձեցինք իմանալ մեր հետագա անելիքը, բայց, ինչպես պարզվեց, մեր սպաներն իրենք էլ չգիտեին, թե ուր պիտի ներկայանային եւ ում պիտի դիմեին, ու որոշ ժամանակ անիմաստ կանգնելուց հետո մեզ նկատողություն արած սպան մեզ ասաց. «Դուք էստեղ սպասեք, մենք էթանք տենանք՝ ի՞նչ ենք անում»: «Էղավ, լեյտենանտ ջան»,- ասաց Պարգեւը: «Մենակ թե՝ ըստեղ կլարնետ-բան հանկարծ չքոքեք»,- ավելացրեց լեյտենանտը: «Արխային էղի, լեյտենանտ ջան»,- ասաց Պարգեւը:
Հայ զինակոչիկներս հիսունից ավելի կլինեինք, բայց վեցս առանձնացանք ու նստոտեցինք Նասոսնիի հավաքակայանի պարսպի տակ շարած ու կապկպած հաստ ու երկար գերաններին, եւ Պարգեւն ասաց. «Ըսենց իրար գլխի հավաքված պիտի մնանք»: «Իրարից մի քայլ չպիտի հեռու գնանք»,- ասաց Վալերը: «Դուք ըստեղ նստած մնացեք, ես էթամ տենամ՝ ի՞նչ կա-չկա»,- ասաց Պարգեւը: «Ես էլ հետդ գա՞մ, Պաքո»,- հարցրեց Վալերը: «Չէ,- ասաց Պարգեւը,- դու տղերքի մոտ մնա. օտար տեղ ա, ամեն ինչ կարա պատահի»: «Օտար տեղ ա, դրա համար եմ ասում՝ հետդ գամ»,- ասաց Վալերը: «Չէ՛, դու տղերքի մոտ մնա, մենակ տեսեք՝ իրարից պոկ չգաք»,- ասաց Պարգեւն ու մութի միջով խորացավ դեպի հատուկենտ լույսերը: