Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցումներ դասախոսների դե՞մ

Ապրիլ 09,2005 00:00

2002-ից ԵՊՀ-ում ուսանողների շրջանում անցկացվում են վարկանիշային հարցումներ՝ դասախոսների վերաբերյալ: Թեեւ դրանք հաճախ խիստ սուբյեկտիվ դրսեւորումներ են ունենում, սակայն բուհը հիմնականում հավատում է դրանց՝ հիմք ընդունելով գնահատականների միջինը:

ԵՊՀ ուսումնական վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը չի բացառում, որ ուսանողների սուբյեկտիվ վերաբերմունքը կարող է արտահայտվել արդյունքներում. «Բայց դա հնարավոր է 1-2 անգամ եւ ոչ անընդհատ: Ի վերջո, դասախոսը կարող է կարդալ հինգ դասընթաց եւ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ նա ստանում է առանձին գնահատական: Արդյունքը, որ ներկայացվում է մրցութային հանձնաժողով կամ ֆակուլտետ, միջինացված է: Իսկ ցածր արդյունք՝ առանց պատճառի, պարզապես հնարավոր չէ»: Սոցհարցումները անց են կացվում ամեն կիսամյակ (հոկտեմբեր-մարտ ամիսներին) եւ ուսանողները՝ առավելագույնը՝ հինգ, նվազագույնը՝ մեկ բալանոց սանդղակով գնահատում են նախորդ կիսամյակում դասավանդած դասախոսներին։ Վերջում նրանք կարող են նաեւ գրավոր հայտնել իրենց կարծիքը կամ առաջարկությունը։ Ինչպես տեղեկացանք Ալ. Գրիգորյանից, սոցհարցման արդյունքները հրապարակվում են միայն ընդհանրացված տեսքով։ «Իսկ ավելի մանրամասն ինֆորմացիա ստանում են ֆակուլտետները՝ դեկանի, ամբիոնի վարիչի մակարդակով»։ Տվյալներն օգտագործվում են դասախոսների վերընտրման մրցույթների ժամանակ։ Պրն Գրիգորյանը հավաստիացրեց, որ մրցութային հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում այդ արդյունքներին, «եւ մենք, իրոք, դեպքեր ունենք, երբ ցածր միավորներ ստացած դասախոսները հիմնականում այդ պատճառով մրցույթը չեն անցել եւ չեն վերընտրվել»։

Ըստ 2003՟2004թթ. ուսումնական տարվա սոցհարցման արդյունքների, ամենաբարձր գնահատվածներն են՝ մեխանիկայի (4,39 միավոր՝ ըստ գնահատման 5 աստիճան սանդղակի), արեւելագիտության (4,38), երկրաբանական (4,35) ֆակուլտետները։ Իսկ ամենացածր ցուցանիշներն ունեն տնտեսագիտության (3,86) եւ աշխարհագրական (3,96) ֆակուլտետները։ Սոցհարցմանը ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերել են իրավաբանական, բանասիրական, կենսաբանական, քիմիական ֆակուլտետների ուսանողները՝ 79 տոկոս։ Ամենապասիվը տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն են՝ 66 տոկոս։ Ընդ որում, սոցհարցումն անցկացվում է որեւէ դասաժամի հաշվին, եւ սրանից ելնելով կարելի է պատկերացում կազմել նաեւ դասերին՝ ուսանողների հաճախումների մասին։ Սոցհարցման թերթիկի վերջին հարցը պահանջում է գնահատել դեկանատների աշխատանքը։ Պարզվում է, դեկանատի աշխատանքից գոհ են հատկապես իրավաբանական ֆակուլտետի ուսանողները (4,5 միավոր)։ Իսկ ամենացածր ցուցանիշն աղյուսակում փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետինն է (3,3 միավոր): Նմանատիպ պրակտիկա բարձրագույն կրթության համակարգում գոյություն է ունեցել դեռեւս ԽՍՀՄ-ում՝ նրա գոյության վերջին տարիներին՝ կապված համակարգում կատարվող բարեփոխումների հետ: Սոցհարցումը կոչվել է «Դասախոսն ուսանողի աչքերով» եւ կիրառվել է նույն նպատակով, ինչ այսօր:

Սոցհարցման հետ կապված՝ ուսանողները, ընդհանուր առմամբ, լավ ակնկալիքներ ունեն: Նրանք հուսով են, որ այն կօգնի դասախոսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելուն: Միեւնույն ժամանակ, ոմանք էլ կարծում են, թե «սոցհարցումները կարող են օգտագործվել դասախոսների վրա ճնշում գործադրելու նպատակով»:

ԶԱՐՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել