Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՎԻՃԱԲԱՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆՔ

Ապրիլ 09,2005 00:00

Թուրքերի
փորձերը՝ ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, դատապարտված են, գտնում է պատմական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Գեղամյանը: – Պարոն Գեղամյան, պատմական
ինչպիսի՞ ֆոնի վրա էր սկսվել հայերի ցեղասպանությունը 1915-ին, եւ կարելի՞ էր արդյոք
դրանից խուսափել: – Սկսենք նրանից, որ 1915-ը ցեղասպանության գագաթնակետն
էր: Ցեղասպանությունը սկսվել էր 1890-ական թվականներին՝ Աբդուլ Համիդի ժամանակներից:
Իսկ Բեռլինի կոնգրեսից հետո, երբ հայկական հարցը դարձավ միջազգային հարց, թուրքերն
արդեն որոշեցին գործել թուրքաբար՝ վերացնել հայերին, դրանով իսկ՝ վերացնել հայկական
հարցը: Ու սկսվեցին բռնություններ, հալածանքներ, իսկ 90-ական թվականներին՝ բացահայտ
կոտորածներ, օրինակ՝ Ադանայի հայության կոտորածը: Այդ ժամանակ դա դեռ համատարած բնույթ
չէր կրում, դա դեռ սկիզբն էր: Միաժամանակ թուրքերի կողմից փորձ էր արվում շոշափել,
թե ինչպես կարձագանքի այդ ամենին միջազգային հանրությունը: Թուրքերը համոզվեցին,
որ Եվրոպան շատ հանգիստ է վերաբերվում այդ ամենին: Աշխարհը լուռ դիտողի դերում էր,
առանձնապես չէր ընդդիմանում, եւ դա սանձազերծեց թուրքերին: Իսկ երբ երիտթուրքերն
եկան իշխանության, նրանք արդեն 1908թ. սկսած բացահայտ ծրագրված էին գործում: Երիտթուրքերը
նախապես ծրագրել էին նույն աբդուլհամիդյան քաղաքականությունը շարունակել ավելի լայնածավալ
ձեւերով: Իհարկե, նրանք չէին կարող ենթադրել, որ կսկսվի համաշխարհային պատերազմը:
Երիտթուրքերը հաջողությամբ օգտագործեցին պատերազմական իրավիճակը: Պատերազմը նպաստավոր
է ամեն հանցանքի համար: – Թուրքերը փորձում են ամեն ինչ պայմանավորել պատերազմով,
ասելով, որ հայերն օգնում էին իրենց թշնամուն: – Այո, Թուրքիան դաշնակից էր
Գերմանիայի հետ, եւ ռուսների դեմ էր կռվում: Հիմա թուրքերը փորձում են ցույց տալ,
որ կոտորածի պատճառն այն էր, որ Ռուսաստանի բանակի կազմում մեծ թվով հայեր կռվում
էին թուրքերի դեմ: Եվ իբր իրենք չէին կարող թույլ տալ, որ իրենց երկրում զանգվածային
ձեւով մնան հայերը: Եվ փորձում են տեղահանման քաղաքականությունն էդպես պատճառաբանել:
Բայց դա աշխարհին խաբելու միջոց է: Իրականում դա ծրագրված պետական քաղաքականություն
էր: Բազմաթիվ փաստաթղթեր են հրապարակվել, հատկապես Մկրտիչ Ներսիսյանի խմբագրած մեծ
աշխատությունը, որտեղ տասնյակ փաստաթղթեր են բերվում, թե ինչպես երիտթուրքերի պարագլուխները
բազում գաղտնի հանդիպումներում ծրագրում էին հայերի տեղահանումն ու ոչնչացումը: Խնդրեմ՝
հայերին համատարած զինաթափեցին՝ պատերազմի պատրվակով, տղամարդկանց համատարած զորակոչեցին,
որպեսզի պաշտպանող ուժ չմնա: Զորակոչված տղամարդկանց տարան իբրեւ թե ինչ-որ շինարարական
հեռավոր բրիգադներ ու բոլորին ոչնչացրեցին, եւ ապա սկսեցին կոտորածը: Կամ՝ մեկ այլ
փաստ: 1915թ. ապրիլի 24-ին կազմակերպված ձեւով Պոլսի ամբողջ մտավորականությանը, նախօրոք
ցուցակները կազմելուց հետո, տարան եւ ոչնչացրին՝ շուրջ վեց հարյուր հոգու: Մի՞թե
դա կարող էր պատահական լինել: Ինչպես ասաց Թալեաթը՝ չկա հայ՝ չկա հայկական հարց:
– Որոշ հայ գործիչներ տեղյակ էին այդ ծրագրերից: Արդյոք հնարավոր չէ՞ր կանխել
դրանց իրականացումը: – Պարզ է, որ տարիներ շարունակվող լոկալ բնույթ կրող
կոտորածները թուրքերի մտադրությունների մասին էին վկայում: Բացի այդ էլ, որոշ տվյալներ
կային, որ թուրքերը նման ծրագիր են մտմտում, բայց դրա դեմն այլեւս հնարավոր չէր առնել:
Ինչ խոսք, շատ հայեր արտագաղթում էին, բայց դա զանգվածային բնույթ չէր կրում, որովհետեւ
նրանք իրենց հայրենիքում էին ապրում, եւ հույս ունեին, որ մի օր իրենց վիճակը կբարելավվի:
Հիշենք նաեւ, որ երիտթուրքերի պարագլուխները՝ Թալեաթը, Էնվերը, մյուսները, հրեական
ծագում ունեցող թուրքացած անձնավորություններ էին, որոնք ավելի դաժան էին, քան թուրքերը:
Թուրքիայում ապրող քրդերը, որոնք գործիք դարձան թուրքերի ձեռքին, ավելի դաժան էին
վարվում հայերի հետ, որովհետեւ ավելի հետամնաց էին, վայրենի, թալանչի: Թուրքերը զինում
էին նրանց, ամեն ինչ խոստանում ու ասում՝ գնացեք, թալանեք, աղջիկներին, կանանց տարեք,
ունեցվածքները հափշտակեք՝ ձեզ լինի: Դրանով թուրքերն ուզում էին աշխարհին ցույց տալ,
թե իրե՛նք չեն այդ բոլորը կատարել: Ու նաեւ՝ լարում էին ազգամիջյան հարաբերությունները:
– Այսօր Թուրքիայի կառավարությունը առաջարկում է բոլոր ցանկացողներին ծանոթանալ
այդ ժամանակաշրջանի փաստաթղթերին: Գուցե կա՞ն իրենց համար նպաստավոր փաստաթղթեր:
– Չեմ բացառում, որ որեւէ արխիվային նյութում կարող է լինել վկայություն,
որ ինչ-որ տեղ հայերն էլ են դիմադրել, պաշտպանվել, եւ մի երկու թուրք էլ կոտորել
են: Բայց կազմակերպված ազգային կոտորած բնականաբար չէր կարող լինել: Թուրքերն այդպիսի
փաստաթուղթ կյանքում չեն կարող գտնել: Չեն կարող ապացուցել, որ նույնիսկ որեւէ հայկական
կուսակցություն որոշում է ընդունել՝ որտեղ թուրք գտնել՝ սպանել: Ավելին, հայկական
կուսակցությունները եղեռնի ժամանակ շատ վատ վիճակով հանդես եկան: Նրանք չկարողացան
Արեւմտյան Հայաստանում հայերի պաշտպանությունը կարգին կազմակերպել: Իսկ ՀՅԴ-ն նույնիսկ
գտավ, որ պետք է այդ հարցը թողնել, որովհետեւ այնտեղ էլ հայեր կան, այստեղ էլ, թող
իրենք կողմնորոշվեն, թե ում հետ կպայքարեն: -Այսինքն, թուրքերն այսօր ոչինչ
չե՞ն կարող ապացուցել: -Թուրքերը ոչ մի հիմք չունեն, եւ եթե հիմա աղմկում
են, թե դա գիտնականների գործն է, նորից խորամանկում են: Ուզում են ասել՝ էդ հարցը
դեռ հստակ չի, պիտի գիտնականները հավաքվեն, տեսնեն՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՝
չէ: Մեզ համար էդ հարցը վաղուց լուծված է, մենք այդ քննարկումների կարիքը եւ իմաստը
չենք տեսնում: Հայ գիտնականները վաղուց հարյուրավոր գրքերով ապացուցել են, որ ցեղասպանություն
եղել է, եւ աշխարհի 18-20 երկիր ընդունել է դա: Թուրքերն ուզում են խաղը զրոյից սկսել՝
իբրեւ այդ հարցը դեռ լուծված չէ: – Հետեւաբար, նման վիճաբանության մեջ մտնելը
սխա՞լ է: – Ոչ մի դեպքում չի կարելի տեղի տալ եւ մտնել վիճաբանության մեջ:
Եթե գնում ենք վիճելու, դա նշանակում է, որ մենք էլ ենք կասկածում: Իսկ մենք կասկածի
տեղիք չունենք: Մեկուկես միլիոն անմեղ զոհերը թույլ չեն տա: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել