Լրահոս
Օրվա լրահոսը

Կստիպեն, որ հեղափոխություն անեն

Ապրիլ 09,2005 00:00

Մեկ
շաբաթ առաջ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, քաղաքագետներ
Ստեփան Սաֆարյանը, Ստեփան Գրիգորյանը միավորվեցին՝ հիմնադրելով «Ազգային լիգա՝ Հայաստանի
անկախության համար»: «Առավոտի»՝ «Ինչո՞վ է տարբերվում այս լիգան վերջին
շրջանում անընդհատ ստեղծվող միավորումներից, որոնք ըստ էության նույն խնդիրներն են
դնում իրենց առջեւ» հարցին Ստեփան Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Մենք շեշտադրում
ենք անում Հայաստանի Հանրապետության պետականության պահպանմանը կամ ամրապնդմանը: Մեր
նախաձեռնությունը քաղաքացիական է, մենք չենք լուծում քաղաքական հարցեր, բարձրացնում
ենք պետության զարգացմանը խոչընդոտող խնդիրներ»: Իսկ ի՞նչ է տալու դա Հայաստանին:
«Քաղաքացիական հասարակության դերը հարցը հնչեցնելն է եւ դրա վրա սեւեռել թե իշխանության,
թե հասարակության ուշադրությունը: Օրինակ, երբ Հայաստանը մի շարք հզոր գործարաններ
տվեց Ռուսաստանին «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով ու զարգացումները ցույց տվեցին,
որ ներդրումներ չեն կատարվում, դա ուղղակիորեն առնչվում է մեր պետության հզորության
հետ: Այդ խնդիրները մենք հիմա ավելի սուր ենք դնելու: Կամ՝ փաստը, որ մեր
երկրի էներգետիկ հզորությունների 80 տոկոսը տրված է ՌԴ-ին, մտահոգիչ է, քանի որ այդպիսով
մեր պետությունը բավականին մեծ կախվածության մեջ է ընկնում այլ պետությունից: Մենք
դեմ չենք հզոր ձեռնարկությունների մասնավորեցմանը, բայց դեմ ենք, որ այդ հզորությունները
մեկ տեր ունենան: Կամ, ի՞նչ է կատարվում Հայաստանի ֆինանսական շուկայում: Դոլարի
կուրսն աշխարհում ուժեղանում է, Հայաստանում՝ թուլանում: Ստացվում է, որ արտադրողի
համար Հայաստանում ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծվում, իսկ ներմուծողի համար, որը
ոչինչ չի ստեղծում՝ դրական դաշտ է ապահովվում: Այսպիսով էլ է պետությունը թուլանում,
առանց այդ էլ սակավաթիվ աշխատատեղերն էլ ավելի են պակասում: Սա՝ տնտեսական ոլորտից:
Քաղաքական ոլորտում՝ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանը միացավ ԱՊՀ մի շարք պետությունների
եւ քննադատեց ԵԱՀԿ-ին: Մինչդեռ հենց ԵԱՀԿ-ի շրջանակներում է ստեղծվել Մինսկի խումբը,
որի շրջանակներում էլ Ղարաբաղի հակամարտության լուծման առնչությամբ շատ ու շատ ծրագրեր
ու մոդելներ են մշակվել: Ի դեպ, ոչ ոք Հայաստանում չի վիճարկում փաստը, որ Մինսկի
խումբը հարցի լուծման լավագույն ձեւաչափն է, ստացվում է, որ քննադատելով ԵԱՀԿ-ին՝
Հայաստանը հարվածեց իր իսկ շահերին»,- ասում է պարոն Գրիգորյանը: Եթե իշխանություններն
ադեկվատ չարձագանքեն բարձրացված հարցերին, կազմակերպությունը բողոքի ակցիաներով հանդես
կգա: «Իշխանափոխության կամ հեղափոխության խնդիրը քաղաքական ուժերի լուծելիք հարցն
է, թող իրենք որոշեն՝ հասա՞վ այդ եզրին, թե՞ ոչ»,- պարզաբանում է մեր զրուցակիցը:
Կազմակերպությունը բաց է: Այն չի օգտագործվելու այս կամ այն լիդերի քաղաքական քարոզչության
համար: Պարոն Գրիգորյանը համոզված է, որ միայն քաղաքացիական հասարակության նմանօրինակ
ակտիվացումների եւ զարգացումների արդյունքում հնարավոր կլինի երկրում դրական փոփոխությունների
հասնել: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել