Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլագործները անհանգստացած են

Ապրիլ 09,2005 00:00

Բաց նամակ-կոչ Սեւանի ավազանի, Շիրակի, Լոռու
եւ այլ վայրերի մանր արտադրող-կարտոֆիլագործներին: Հարգելի ժողովուրդ, այսօր
սկիզբ է առել հիասթափության մի նոր ալիք: Առանձին անհատներ, օլիգարխներ, իրավաբանական
անձինք կարտոֆիլ արտադրող մանր հողատեր գյուղացուց խլել են ապրելու, գոյատեւելու
հնարավորությունը: Հայաստանում ապրող, կարտոֆիլ գնող բնակչության պահանջարկի կրկնակիից
ավելի է արտադրվում եւ մանր արտադրողների մոտ 100 հազարավոր տոննաներով ավելցուկ
է առաջանում, որը թափվում է: Այդ մեծահարուստները օժտված են մենաշնորհային արտոնություններով,
ունեն բարձրորակ սերմացուներ, պարարտանյութեր, թունաքիմիկատներ, սեփական տեխնիկա,
էժան վառելանյութ եւ այլն: «Հզորների» առավելություններից մեկն էլ այն է, որ պետության
կողմից ամենամեծ պատվերները (բանակի, կալանատների, ծերանոցների համար) եւս նրանք
են ստանում: Մեծահարուստները անգործ, էժան աշխատուժին սեզոնին՝ գարնանը եւ աշնանը,
մի քանի շաբաթով աշխատեցնում են եւ մեկ օրվա համար վարձատրում 2000 դրամ: Մինչդեռ
լեռնային, կիսալեռնային շրջաններում աշխատող, 2000-3000 քմ-ից մինչեւ 1 հեկտար տարածք
ունեցող գյուղացին այլ ելք չունի, բացի կարտոֆիլ ցանելը, որի 1 կգ-ը 70-80 դրամով
եթե չի վաճառվում, ապա մանր արտադրողը կորած է: Ընդ որում՝ գյուղացու թափած քրտնաջան
աշխատանքը հաշվարկված չէ 80 դրամի մեջ: Եվ քանի որ հիմնական շուկան գրավված է, ուստի
գյուղացին ստիպված է ապրանքափոխանակությամբ իրացնել արտադրանքը, որով հազիվ հոգում
է հագուստի, դպրոցական երեխաների խնդիրները: Հարգելի երեւանցիներ, գուցե շատերիդ
տհաճ է, որ մայրաքաղաքի հատկապես կենտրոնական շուկաներում կարտոֆիլի արժեքը բարձր
է՝ 100-150 դրամ: Անտարակույս, այս գնով վաճառողները հիմնականում վերավաճառողներն
են, կրպակա-խանութատերերը: Իսկ գյուղացին Մալաթիայի շուկայում իր մեծածախ բերքը վաճառում
է 40-50 դրամով: Եվ այս չնչին եկամտից գյուղացին վճարում է նաեւ փոխադրավարձ, տեղի
վարձ, ձեռնասայլակի, կշեռքի վարձ եւ այլն: Արդյունքում՝ գյուղացուն որպես օգուտ մնում
է իր եւ ընտանիքի թափած դառը քրտինքը: Այսպիսով, գյուղացին այլ ելք չունենալով,
բռնում է արտագաղթի ճանապարհը: Ինչ փույթ, թե Գագիկ Եգանյանը հավաստիացնում է, որ
արտագաղթը պակասել է, կյանքը սոցիալապես բարելավվել է: Իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,
չինովնիկները, շատ օլիգարխներ գիտե՞ն, թե մարզերում, գյուղերում ամուսնությունները,
ծնունդները, մահերը ի՞նչ տոկոս են կազմում: Գյուղական աշխարհում լռել են շինարարական
մուրճերի ձայները: Դիմելով գյուղացիությանը, մանր արտադրող կարտոֆիլագործներին,
մենք՝ Ապարանի Արագած, Շենավան, Քուչակ, Ծաղկաշեն, Հարթավան, Վարդենուտ եւ այլ բնակավայրերի
գյուղացիներս հայցում ենք ձեր համախմբումն ու միասնությունը՝ այս խնդրի լուծման ուղիները
գտնելու: Սպասում ենք արձագանքներին: Իսկ քաղաքաբնակները, գնորդները թող չմտածեն,
թե մեր նպատակն է բարձրացնել կարտոֆիլի գինը: Հարցը մանր արտադրող, 100 հազարավոր
տոննաներով թափվող կարտոֆիլի, գյուղացու ճակատագրի մասին է: Արձագանքները խնդրում
ենք ուղարկել նաեւ նամակի տեսքով՝ հետեւյալ հասցեով: Ապարան,
շուրջ 1000 տնտեսություն ունեցող Արագած գյուղ, Արարատ Մարգարյան, թեկուզեւ՝ գյուղապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել