Արձագանքներ Արթուր Բաղդասարյանի «Ապագայի ընտրություն կամ հանուն հասարակական համաձայնության» հոդվածին:
Մենք էլ ենք մտահոգ, որ 2005 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ապահովեն Հայաստանում ժողովրդավարության զարգացման շարունակականությունը:
Հույս ունենք, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շուրջ հասարակական համաձայնության գալու նախաձեռնությունը չի վերածվի սեփական կուսակցական թեկնածուների ընտրության ապահովմանն ուղղված մի քանի կուսակցությունների նոր ֆորմատով կոալիցիայի ձեւավորմանը, այլ կնպաստի տեղական ընտրություններում վարչական ռեսուրսի եւ քաղաքական ուժերի զուսպ մասնակցությանը, ընտրական գործընթացների քաղաքական հավասարակշռության ապահովմանը:
«Հայաստանի համայնքների միություն»
վարչության անդամ Է. Երիցյան
Ա. Բաղդասարյանը հոդվածում բարձրացրել է օրվա հրամայականը հանդիսացող եւ մեր հասարակության առաջ ծառացած այնպիսի խնդիրներ, որոնց լուծման հրատապությունը այլեւս չէր հանդուրժում սպասողականություն եւ որոնց հետագա խորացումը կարող էր բերել մեր հասարակության վերջնական տրոհման՝ այստեղից բխող անվերադառնալի եւ քայքայիչ հետեւանքներով:
Միջգաղափարական պայքարում տիրող փոխադարձ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտը կարող է վերանալ միայն հանրապետությունում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու արդյունքում, եւ հանրապետության քաղաքական ուժերը պետք է զգան մեծագույն պատասխանատվություն դա իրականություն դարձնելու համար՝ իմ կարծիքով սա Արթուր Բաղդասարյանի արած քաղաքական սթափ, կարեւոր նշանակություն ունեցող, հրատապ եւ հիմնավորված առաջարկություն է:
«Ապագան քոնն է» ԲՍՀԿ-ի
նախագահ Ն. Սարգսյան
Հիմնարար ժողովրդավարական արժեքների թվում նշելով խոսքի եւ խղճի ազատությունը, քաղաքացիական եւ քաղաքական ակտիվությունը, հարկ է հասարակական ուշադրությունը հրավիրել մեր երկրում իրականացվող ընտրություններին, որոնք պետք է արտահայտեն քաղաքացու կամքը: Մեր հասարակական կազմակերպությունը եւս միանում է պարոն Բաղդասարյանի առաջարկին եւ կոչ է անում մյուս հասարակական կազմակերպություններին եւս դա անել, առանց նորից «ջուր ծեծելու» եւ հին ու նոր հիշելու, այլ միանգամից միանալու մի նոր ու մեծ գաղափարի, հայրենանվեր գործի:
«Համայնք եւ իրավունք»
հ/կ ղեկավար Ս. Մկրտչյան
Հոդվածն ինքնին արտացոլում է ժողովրդի մեծագույն ցանկությունը՝ ազատ, թափանցիկ, արդար ընտրություններ: Անհերքելի ճշմարտություն է, նաեւ թվում է անիրական՝ արդեն իսկ արդար ընտրությունների հույսը կորցրած ժողովրդի համար: Չարչրկված այս կարեւորագույն խնդրին են անդրադառնում թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը, մի խոսքով՝ ամբողջ Հայաստանը: Կարդում ենք, լսում ենք, նորից ենք կարդում, նորից ենք լսում… Չենք արձագանքում: Այս հոդվածին որոշեցինք արձագանքել, որովհետեւ այն գրել է ՀՀ օրենսդիր իշխանության առաջին դեմքը եւ արդեն իսկ դա հուսադրող է, գրել է սովորական քաղաքացուն հասկանալի լեզվով: Իբրեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ի պաշտոնե շփվելով բազմաթիվ մարդկանց հետ, մեր պարտքն ենք համարում թերթին փոխանցել մեծ թվով մարդկանց հավաքական կարծիքը՝ հոդվածը հոդվածագրի պես շիտակ է, անկեղծ, համարձակ եւ մտահոգ:
«Հայաստանի մայրության ֆոնդ» բհ/կ
նախագահ Ս. Ասլանյան, «Համագործակցություն» կանանց հ/կ նախագահ Ե. Սիմոնյան
Մեր դժբախտությունն այն է, որ ինչ ղեկավար էլ լինի մեր երկրում, ինչ գերերկրային շնորհներով էլ օժտված լինի, կապը ժողովրդի հետ խզված է լինելու, որովհետեւ չարության, նախանձի ու անհանդուրժողականության դաշտը կլանել է բոլորին: Հասարակ ժողովուրդը, որ կրեց պատերազմի ողջ արհավիրքը, սովն ու զրկանքը, ավելի բարի ու հանդուրժող է, քան միջին կաբինետային չինովնիկը, վարչարարը, որն ամեն ինչ անում է ղեկավար-ժողովուրդ հարաբերության մեջ չինական պատ բարձրացնելու համար, որի պատերի տակ մոլեգնում է արեւելյան այս բազարը: Մարդիկ միայն ընտրությունների ժամանակ են հիշվում: Այս տարեմուտին լրագրողներին բարության կոչ էր արել Հռոմի պապը, քանի որ «մեծ է նրանց անելիքը այս ալեկոծություններով լի աշխարհում»: Համոզված եմ, որ ձեր «Ինչ-որ բան չանելու համար կարելի է գտնել հազար պատճառաբանություն, բայց ոչ երբեք արդարացում» խորագիրը կարգախոս պիտի դառնա բոլորի համար:
«Պանթեոն» բարեգործական հիմնադրամի նախագահ Ա. Սարգսյան