Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Ապրիլ 09,2005 00:00

ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅԱՆ
ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ Ոչ վաղ անցյալում ստեպ-ստեպ տարբեր գյուղերի
բնակիչներ, որոնց անասունները գողացել եւ անցկացնելով սահմանը՝ տարել էին Թուրքիա,
ցույցեր էին անցկացնում ԱԺ-ի, նախագահի նստավայրի եւ պետական այլ շենքերի մոտ: Մամուլի
համար այդ ցույցերն առիթ էին դատողությունների, թե որքանով է իրականում պաշտպանված
Հայաստանի սահմանը: Ցուցարարները նաեւ բավական կոլորիտային անձնավորություններ էին
եւ իրենց բողոքները համեմում էին այսօրինակ արտահայտություններով՝ թե բա որ մի օր
էլ իրենց կողակիցներին գողանան ու տանեն Թուրքիա՞: Եվ ահա «Արմինֆոյին» տված
հարցազրույցում ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ
Սերգեյ Բոնդարեւը մի սկանդալային բացահայտում է արել, որից հետեւում է, թե այդ մարդիկ
իրե՛նք էին կազմակերպել սեփական անասունների գողությունը: Նա հիշեցրել է 2004-ի հունիսի
10-ին ՀՀ-ից Թուրքիա անասունների (12 կովերի) մաքսանենգության մասին, որի առնչությամբ
ՌԴ սահմանապահ վարչության զինվորական դատախազությունը քրգործ էր հարուցել սպաների
նկատմամբ, ովքեր անփութություն էին դրսեւորել սահմանի պահպանման ժամանակ: Այդ գործն
այժմ Զինվորական դատարանում է, եւ դատավճիռը կլինի ապրիլի վերջին: Պատժվել են նաեւ
տվյալ սահմանապահ ուղեկալի շարքային զինվորները, որոնց տեղափոխել են թիկունք: Գեներալ-լեյտենանտը
հաղորդել է, թե մայիսից սահմանամերձ գոտում աշխուժանում են մի քանի մաքսանենգ խմբեր,
որոնք գործում են հետեւյալ սխեմայով: Թուրք գյուղացիները նախապես օրինական ճանապարհով
ժամանում են Հայաստան եւ բնակիչների հետ պայմանավորվում անասունի վաճառքի շուրջ:
Վերջիններս, իրենց հերթին, անասունն արածեցնում են սահմանից 500 մետր հեռավորության
վրա եւ գիշերը շատ արագ անասունները քշում Թուրքիայի տարածք, որ տագնապի ազդանշանով
ժամանող սահմանապահները չհասցնեն կանխել: Դա չափազանց շահավետ է՝ միսը Թուրքիայում
ավելի թանկ է, քան Հայաստանում: Այնուհետեւ անասունը քշած հայ հովիվները դիմում են
ներկայացնում իրենց անասունների առեւանգման մասին, սակայն քիչ անց նրանց մոտ, չգիտես
որտեղից, հայտնվում են նոր անասուններ: «Նման փորձերից խուսափելու նպատակով ես մտադիր
եմ խստագույն միջոցներ ձեռնարկել մաքսանենգների նկատմամբ, ընդհուպ մահացու կրակ բացելու
հրամանը»,- հայտարարել է ռուս գեներալը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել