Խմորումներ
ԼՂ հարցով վերջերս անցկացված լսումները հասարակության համար
ինքնին հետաքրքիր էին ոչ թե նրանով, թե ինչ դիրքորոշումներ հնչեցին դրանց ընթացքում,
այլ հարցադրումով, թե առհասարակ ինչու էր կազմակերպվել այդ անհեթեթ ներկայացումը:
Պաշտոնական թոթովահունչ մեկնաբանությամբ, լսումների նպատակը հակամարտության առնչությամբ
հայ հասարակայնության տարբեր շերտերի դիրքորոշումների եւ տրամադրությունների հրապարակային
համադրումն էր, ինչպես նաեւ կարգավորման ուղիների հարցում միասնական կոնցեպցիայի
մշակումը: Համաձայնեք, որ այս բացատրությունն ի վիճակի է ծիծաղեցնել անգամ հարիսայի
կարգավիճակով եփված հավերին: Այժմ տեսնենք, թե ինչու: Ի՞նչ կարող են նշանակել
միասնական կոնցեպցիայի անհրաժեշտության մասին այդ քաջակորով հայտարարությունները:
Տրամաբանորեն միայն մեկ բան՝ որ 1998թ. հաղթողական ծրագրերով իշխանության եկած (թողնենք
կատարվածի սահմանադրականության մասին անիմաստ խոսակցությունները) Ռ. Քոչարյանն ու
իր թիմը ամբողջ 7 տարի չեն հասցրել միասնական կոնցեպցիա մշակել մի հարցի կապակցությամբ,
որի շահարկումով էլ իշխանափոխություն իրականացրին, եւ միայն հիմա են որոշել զբաղվել
դրանով: Հավատա՞լ. անչափ դժվար է: Իշխանություններն, անկասկած, ինչ-որ մի հայեցակարգ
ունեն, եւ դրա իմաստն, ինչպես արդեն հասցրել ենք համոզվել, հանգում է ստատուս քվոյի
հնարավորինս երկար պահպանմանն ու կարգավորման ձգձգմանը, քանի որ այդպիսով ձգձգվում
է նաեւ նրանց՝ իշխանության ղեկին մնալու ժամկետը: Բացի այդ, ակնհայտ է, որ լսումների
արդյունքում ոչ մի նոր ու առավել եւս՝ միասնական մոտեցում կամ գաղափար չի առաջացել,
եւ ամեն ինչ անտանելիորեն առաջվանն է: Ուրեմն տեղավորվո՞ւմ է արդյոք վարչա-կուսակցական
ոգով կազմակերպված այդ միջոցառումը վերը նկարագրված հայեցակարգի մեջ: Լիովին, ու
դեռ մի բան էլ ավելի. փաստորեն, դա հնարավորություն տվեց մի գնդակով մի քանի նապաստակ
խփել: Նախ՝ միջազգային հանրության առջեւ պատրանք ստեղծվեց, որ Երեւանն առավել եռանդով
է սկսել զբաղվել կարգավորմամբ: Պատրանք ստեղծվեց նաեւ, թե լսումներին ակտիվորեն մասնակցում
են երկրի ամենատարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչները, որոնց արտահայտած
մտքահեղեղի մեջ, ի դեպ, «շահեկանորեն» հառնում էր այդքան ցանկալի հասարակական անհանդուրժողականության
պարագան: Իսկ դա հենց այն է, որ հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ է բանակցությունների
մանրամասներին, այսպես ասած, փորձագիտական մակարդակով տիրապետող մի քանի անձանց,
քանի որ դա «դրսում» մանեւրելու, իսկ այս դեպքում՝ գործընթացը ձգձգելու լրացուցիչ
հնարավորություն է ընձեռում: Վերջապես ամենաէականը՝ ինչո՞ւ հենց հիմա: Այս հարցի
պատասխանը պարզորեն ուրվագծվում է թեկուզեւ սահմանադրական բարեփոխումների հարցում
դիտվող անսպասելի շրջադարձերի լույսի տակ: Արեւմուտքն ակնհայտորեն ուժեղացրել է ճնշումը,
ու ոչ միայն ԼՂ հարցում: Եվ հիմա ՀՀ իշխանական վերնախավը տենդագին փնտրտուքների մեջ
է: Ինչ-որ բան է լինելու: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ