Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ խոսնակը կցորդ է»

Ապրիլ 09,2005 00:00

Այդպես գնահատեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ներդրումը քաղաքական դաշտում ընդդիմության արեւմտամետ ներկայացուցիչները։

Առերեւույթ թվում էր, թե «գարնանային սրացումները» ընդդիմադիր կուսակցությունների մենաշնորհն են, բայց իրականում ընդդիմությունից էստաֆետը վերցրել է ՀՀ խորհրդարանական կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի, «Օրինաց երկրի» եւ ՀՅԴ-ի:

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նույնիսկ չթաքցրեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «ձեռնադրմամբ» կազմավորված կոալիցիայի անդամները եւս պատրաստվում են եթե ոչ արտահերթ ընտրությունների, ապա 2007-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Համենայնդեպս, նա այդպես բացատրեց կոալիցիոն ուժերի վերջին շրջանում դրսեւորած ակտիվությունը: Իսկ քանի որ վերջին 2 տարիներին աշխարհաքաղաքական զարգացումներն ու ԱՊՀ տարածքի պետություններում տեղի ունեցող որեւէ մակարդակի ընտրությունները վերածվում են նախագահական ընտրությունների, ապա՝ իշխանափոխության, Հայաստանում էլ, թերեւս, նման հեռանկարն աչքի տակ ունենալով է, որ հավանական ու անհավանական նախագահացուները սկսել են իրենց նախընտրական քարոզարշավը: Դա մասնավորապես վերաբերում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, որն ի տարբերություն մնացած հավանական թեկնածուների՝ իր արեւմտամետ դիրքորոշումներով, ըստ որոշ աղբյուրների, իբր վայելում է Արեւմուտքի համակրանքը: Հավանաբար հենց այս հանգամանքն է առիթ դարձել շրջանառվող տեղեկությունների համար, թե հենց նա էլ լինելու է ՀՀ նախագահի պաշտոնում «դրսի» ցանկալի թեկնածուն, որն ընդունակ է իր շուրջը համախմբել ոչ միայն Քոչարյանից դժգոհ հասարակության լայն շերտերին, այլեւ ընդդիմության՝ գոնե արեւմտամետ հատվածին: Ոմանք նշում են նաեւ, թե ընդդիմադիր դաշտում կան այդպիսի կուսակցություններ, որոնք պատրաստ են Ա. Բաղդասարյանի առաջնորդությամբ նոր շարժում ձեւավորել, որպիսին եղավ Վրաստանում եւ Ուկրաինայում կամ անգամ՝ Մոլդովայում: Իսկ խոսքը վերաբերում էր Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն», Հովհաննես Հովհաննիսյանի՝ «Ազատական առաջադիմական» եւ Արամ Սարգսյանի առաջնորդած «Հանրապետություն» կուսակցություններին: Սակայն արտաքուստ հավանական թվացող այս տարբերակի գոյությունը կտրականապես հերքեցին հիշյալ կուսակցություններում:

«Մեր կուսակցությունը դատապարտելի եւ մերժելի է համարում իշխանության վերարտադրության որեւէ փորձ: Տվյալ պարագայում Արթուր Բաղդասարյանը եւ «Օրինաց երկիրը» ապօրինի վարչախմբի կցորդ են եւ նրանց հետ համագործակցության, առավել եւս Ա. Բաղդասարյանի լիդերությունն ընդունելու որեւէ նախապայման չկա: Ավելին, մենք ունենք կուսակցության առաջնորդ՝ Արամ Սարգսյան, որը, ենթադրաբար, մեր թեկնածուն է առաջիկա ընտրություններում: Եթե Ա. Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը հրապարակավ կընդունեն իրենց քաղաքական պատասխանատվությունը 2003-ին տեղի ունեցած ապօրինությունների համար, կորոշեն ձերբազատվել ապօրինի վարչախմբի կցորդի կարգավիճակից եւ հասարակական ռեաբիլիտացիա կանցնեն, այն ժամանակ մենք մեր հարաբերություններն ըստ այդմ կկառուցենք եւ գուցե նրանց համար տեղ գտնենք ժողովրդավարացման գործընթացում»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ եւ մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցը: «Ազատական առաջադիմական» կուսակցության նախագահն էլ հայտարարեց. «Ա. Բաղդասարյանը կարող է դուրս գալ կոալիցիայից եւ ընդդիմության հետ միասին այդ ալիքի վրա փորձել գալ նոր իշխանության, բայց՝ դա արդեն կլինի երրորդ կամ չորրորդ պլանում: Իսկ ներքին իշխանափոխություն ոչ ժողովուրդը, ոչ էլ որեւէ մեկը չի հասկանա: Ես դրանում համոզված եմ: Այդ տարբերակը բացառված տարբերակ է, եւ կարծում եմ՝ եթե այսօրվա իշխանության որեւէ թեւ նորից փորձի գալ իշխանության, նա դատապարտված կլինի»:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Ր. Հովհաննիսյանը երեկ հանրապետությունում չէր, բայց կուսակցությունում մեր աղբյուրները եւս բացառեցին իրադարձությունների նման զարգացման հնարավորությունը՝ նկատելով, թե «Ր. Հովհաննիսյանը որեւէ թեկնածուից պակաս չէ»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել