Սահմանադրությունը
կդառնա՞ փոփոխությունների սկիզբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ երեկ
տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԵԽ-ին Հայաստանի անդամակցությանն
առնչվող պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամները:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են ընտրություններին, կուսակցություններին,
տեղական ինքնակառավարմանը, մարդու իրավունքներին, նաեւ Սահմանադրությանը եւ այլնին
վերաբերող հարցեր: Սովորաբար պաշտոնական տեղեկատվություններն ամեն ինչի մասին ասում
են մի քիչ, սակայն էականի մասին չեն ասում ոչինչ: Այս մեկը եւս բացառություն չէ:
Մեր կարծիքով, այս խորհրդակցության ամենակարեւոր հարցը եղել է սահմանադրական բարեփոխումներին
առնչվող խնդիրը: Ըստ ամենայնի, նախագահն էլ իր հերթին է որոշել ԱԺ լիագումար նիստերի
օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարցը ներկայացնելուց առաջ ասել իր տղամարդկային
խոսքը: Եվ՝ ասել է: Դատելով եվրոինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան
Թորոսյանի երեկվա ուրախ եւ բավարարված տրամադրությունից՝ կարելի է արձանագրել, որ
նախագահը գոհունակություն է հայտնել հանձնաժողովի աշխատանքային էնտուզիազմից եւ,
փաստորեն, տվել է «դաբրոն» սահմանադրական փոփոխությունների հարցը ԱԺ օրակարգ մտցնելու
համար: Մանավանդ՝ նախագահականից ստացված պաշտոնական գրության մեջ ընդգծված է հետեւյալը.
«Կարեւորվել է նաեւ սահմանադրական բարեփոխումների գործընթացը չդանդաղեցնելու եւ փոխհամաձայնեցված
վերջնական նախագիծ ձեւավորելու անհրաժեշտությունը: Եթե սահմանադրական բարեփոխումների
նախագիծը արժանանա Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ դրվի հանրաքվեի,
ապա Հայաստանը 2005 թ. կավարտի ԵԽ-ի անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորությունները
կատարած»: Նկատենք, որ հատուկ նշված է ընդամենը հանրաքվեի դնելու եւ ոչ թե ընդունելու
կարեւորությունը: Սակայն դեռ հարց է՝ այն կընդգրկվի՞ երկուշաբթի սկսվող քառօրյա
նիստերի օրակարգ, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը չի թաքցնում, որ որոշել
է տապալել քառօրյա նիստերը: Նախ՝ սպասվում է, որ ընդդիմադիր պատգամավորները հայտարարություններ
են անելու ապրիլյան դեպքերի մեկամյա տարելիցի կապակցությամբ, հետո էլ շուրջ երկու
տասնյակ պատգամավորներ երկուշաբթի օրվանից կմեկնեն հերթական «աշխատանքային ճանապարհորդությունների»:
Այսպիսի տրամադրություններով դժվար կլինի սթափ գնահատել եւ քննարկել երկրի գլխավոր
օրենքի փոփոխությունները: Ամեն դեպքում, երեկ ԱԺ եվրոինտեգրման ժամանակավոր հանձնաժողովը
«իր սուրը պատվով դրեց պատյան», այսինքն՝ ժամանակին ավարտեց իր վրա դրված պարտականությունների
այս մասը: Հանձնաժողովն արդեն ունի եզրակացություն սահմանադրական փոփոխությունների
մասին, եւ երեկ, քանի որ այն արդեն նախօրոք բաժանված էր պատգամավորներին՝ ինչպես
նախորդ նիստում պահանջում էին հանձնաժողովի անդամները, քննարկվեց այդ եզրակացությունը:
Այսպիսով, որոշվեց ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկել քննարկված երեք նախագծերն
էլ, դրանք որպես այլընտրանքային քննարկել առաջին ընթերցմամբ եւ որպես հիմք ընդունել
այն նախագիծը, որը լիովին կհամապատասխանի սահմանադրական փոփոխությունների նպատակներին:
Նշվել են նաեւ նպատակները. «1. Իշխանության տարանջատման կատարելագործում, հակակշիռների
եւ զսպումների լիարժեք սահմանադրական համակարգի ձեւավորում («լիարժեք» բառի վրա հանձնաժողովը
տքնաջան քննարկում կատարեց, ի վերջո որոշվեց, որ լիարժեքը հարմար եւ լավ բառ է- Մ.
Ե.): Կարելի է առանձնացնել հատկապես երեք հարց. ԱԺ-ի համար պատշաճ քաղաքական դերակատարության
ապահովում՝ վերացնելով ՀՀ նախագահի՝ ԱԺ-ն լուծարելու բացարձակ իրավունքը, դատական
համակարգի լիարժեք անկախության եւ անաչառության ապահովում, ՏԻՄ համակարգի ինքնուրույնության
ապահովման սահմանադրական երաշխիքների ստեղծում: 2. Մարդու իրավունքների եւ հիմնարար
ազատությունների սահմանադրական երաշխիքների ամրապնդում, այդ իրավունքների իրացման
համար անհրաժեշտ նորմերի ու մեխանիզմների ապահովում: 3. Սահմանադրության համապատասխանեցում
արդի չափանիշներին եւ գործընթացներին, միջազգային ինտեգրացիայի լիարժեք իրավական
հիմքերի ստեղծում»: Այս նպատակները քննարկումների ընթացքում որոշ խմբագրման
ենթարկվեցին, սակայն էությունը մնաց անփոփոխ: Իսկ ամենակարեւորն այն է, որ հանձնաժողովի
նախագահը ինչպես բանավոր, այնպես էլ եզրակացության մեջ շարունակում էր պնդել, առաջարկել,
խնդրել հեղինակներին՝ ամեն ինչ անել առաջին ընթերցումից մինչեւ երկրորդ ընթերցում
ընկած ժամանակահատվածում մեկ միասնական նախագիծ ներկայացնելու համար: Արշակ Սադոյանի
կարծիքն այս պահին անհայտ է, սակայն ՄԱԿ խմբակցությունը առայժմ շարունակում է պատվախնդիր
լինել եւ պնդել, որ անհնարին է համարում մեկ միասնական նախագիծը, քանի որ ինքն ունի
Վենետիկի հանձնաժողովի բավականին բարձր գնահատականը իր նախագծի մասին: Չմոռանանք,
որ Վենետիկի հանձնաժողովի հիմնական առաջարկը եղել եւ մնում է նույնը՝ վերադառնալ
2001-ի նախագծին: Առայժմ դեպքերի զարգացումը գտնվում է այս փուլում, եւ որոշ գնահատականներով
սահմանադրական փոփոխությունների գործընթացը կարող է սահուն անցում դառնալ երկրում
քաղաքական տեղաշարժերի համար: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ