«Մենք կեղծենք, դուք հանդուրժեք» «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը գնահատում է «Օրինաց երկիր» կուսակցության՝ «հանուն միասնականության եւ հանդուրժողականության» կեցվածքը: «Ինչի՞ շուրջ ենք միասնանում: Ասում եք՝ ընտրությունները չկեղծենք: Իսկ նախորդ ընտրություններն ովքե՞ր կեղծեցին, կարո՞ղ է ոչ պառլամենտական կուսակցությունները: Լավ, դրա վրա գիծ ենք քաշում եւ մտածում՝ ի՞նչ անենք, որ ընտրություններն անցնեն նորմալ եւ ժողովրդավարության հիմքերը երկրում դրվեն: Մենք էլ մեր առաջարկություններն արել ենք. ընտրությունների ժամանակ պետք են հավասար մեկնարկային պայմաններ: Այսինքն՝ հանձնաժողովները կամ լինում են պրոֆեսիոնալ՝ ոչ մի քաղաքական ուժ չի մասնակցում, բոլորն էլ հավասարապես լինում են վերահսկող: Կամ եթե հանձնաժողովները կազմվում են քաղաքական ուժերից՝ մասնակցում են բոլորը: Եթե թաքուն բան չես ուզում անել՝ բաց գործիր: Ասում են՝ հանդուրժողականություն. եթե հավասարության շուրջ՝ խնդրեմ: Բայց առաջարկում են՝ ստեղծենք մի օրենսգիրք, համակարգ, որը հնարավորություն տա մեզ ձեր ձայները կեղծելու, դուք էլ հանդուրժեք»: Հակահեղափոխական հզոր հայրենիքցիներն այստեղ մտավախություն ունեն, որ «կարող է հեղափոխությունը սկսվել, ինչպես եղավ հետխորհրդային շատ երկրներում»: Պարոն Վարդապետյանը վրդովվում է, որ միասնության շղարշի տակ փորձ է արվում նորից բարեփոխման իմիտացիա ստեղծել. «Մտածում են շրջանցելու այնպիսի տեխնոլոգիաներ հորինեն, որ մյուս քաղաքական ուժերը գլխի չեն ընկնում: Հիմա էլ աբսուրդի աստիճանի են հասել՝ շրջանառության մեջ են դրել դատական համակարգի մասնակցությունը հանձնաժողովների կազմման գործընթացում: Աշխարհում նման բան չկա: Մեր Սահմանադրությամբ հստակ ամրագրված է ՍԴ-ի եւ դատարանների լիազորությունները. ի՞նչ է, հիմա էլ օրենք ընդունենք, որը հակասո՞ւմ է Սահմանադրությանը, մեղքն էլ բարդում են Վենետիկի հանձնաժողովի վրա»: Արտախորհրդարանական ուժերի կողմից այսօր արդեն Վ. Վարդապետյանը հայտարարում է՝ «Ընտրությունների հետեւանքները եւ պատասխանատվությունը ձեր (նկատի ունի կոալիցիային- Ն. Գ.) վրա է ընկնելու: Իսկ մենք այսօր 24 տոկոս ենք: Կարծես թե մարաթոն է սկսվել, բոլորն ինչ-որ հանդիպումներ են կազմակերպում, իրար են մեղադրում: Կոալիցիոն ուժերն իրար անընդհատ մեղադրելով փորձում են ցույց տալ, որ լինելով իշխանության մեջ՝ իրենք պատասխանատվություն չեն կրում: Բայց ժողովուրդը դա շատ լավ էլ հասկանում է»: Ղարաբաղյան հարցի խորհրդարանական լսումներից «Հզոր հայրենիքի» տպավորությունն այսպիսին է. «Մեր պետության զարգացման հաշվին է տասը տարի պահպանվել Ղարաբաղը, եւ այսօր նորից գնալ ձեռք բերածը կորցնելուն՝ անթույլատրելի է»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ