Ոչինչ չի բացառվում Ասում է «Ազգային առաջադիմական» կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանը Վերջերս ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կազմակերպված ՀՀ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը թերեւս առաջին անգամ հնչեցրեց որպես փոխզիջում, այսպես կոչված՝ «գրավյալ տարածքները» վերադարձնելու վերաբերյալ իր դիրքորոշումը: «Ես կողմնակից չեմ վերադարձնելու «անվտանգության գոտի» կազմող տարածքները` առանց մանրամասն հաշվի առնելու Ղարաբաղի բնակչության անվտանգության շահերը: Կարելի է բանակցությունների միջոցով կատարել որոշ զիջումներ՝ այն պայմանով, որ ադրբեջանական կողմը տա պատերազմի չվերսկսման հստակ երաշխիքներ, որոնք հաստատված լինեն նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ պետությունների կողմից տրված երաշխիքներով»: Ի դեպ, հետաքրքիր էր, որ օրերս նույն այս բանաձեւումը, իբրեւ ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի տարրերից մեկը, հնչեցրեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, որի համոզմամբ՝ այսօր առաջնային պետք է համարել «տարածքների ազատումն անվտանգության եւ պատերազմ չվերսկսելու երաշխավորության դիմաց»: Արդյո՞ք միջազգային կառույցներում Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարություններն, այնուամենայնիվ, ստիպել են ՀՀ իշխանություններին էլի մի քայլ զիջել: Եվ արդյո՞ք Ս. Սարգսյանի հայտարարությունը պետք է դիտարկել պատերազմի վերսկսման վտանգով լուրջ մտահոգված լինելու համատեքստում: Ըստ «Ազգային առաջադիմական» կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանի՝ ոչ: Ս. Սարգսյանի հայտարարությունը, Ա. Բաղդասարյանի մեկնաբանությամբ, վերաբերել է «անվտանգության գոտին» նույն կարգի, համարժեք անվտանգության երաշխիքների դիմաց զիջելու հնարավորությանը, որը պետք է ամրապնդված լինի միջազգային հանրության կողմից. «Այդ դեպքում մենք պատրաստ ենք զիջել, բայց գնահատողները մենք ենք՝ մեզ առաջարկվող երաշխիքները համարժե՞ք են, թե՝ ոչ: Գուցե դրանք ենթադրում են միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում այդ գոտում, որոշակի պայմանագրեր, որտեղ նաեւ նշված կլինի, որ այդ անելուց հետո որոշակի ժամանակահատվածում ԼՂ կարգավիճակի հարցը քննարկվելու է»: Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հնարավորությանը, ապա Ա. Բաղդասարյանն անդրադարձավ մասնավորապես շրջանառվող այն ենթադրություններին, թե միջազգային հանրությունը կարող է աչք փակել Ադրբեջանի կողմից հնարավոր լոկալ պատերազմ սկսելու վրա՝ դրանով ստիպելով Հայաստանին վերադարձնելու վիճահարույց տարածքները, իսկ միջամտել եւ խաղաղարար ուժեր տարածաշրջան մտցնել միայն իր համար անհրաժեշտ պահին: Այդ առնչությամբ կուսակցության նախագահն ասաց. «Դա տեսական տարբերակ է: Մյուս կողմից, պատերազմը սկսելուց հետո ոչ ոք չի կարող կանխատեսել, թե այն ինչ ավարտ կունենա եւ որտեղ կարող է այն կանգնեցվել: Տեսական սխեմաներ գծել կարելի է, անշուշտ»: Ա. Բաղդասարյանն իր տեսակետն ուներ Ադրբեջանի կողմից իր դիրքերը այդ երկրի սահմանների շրջանակներում առաջ բերելու վերաբերյալ: Նա մասամբ համաձայնեց Ս. Սարգսյանի այն տեսակետին, թե դա քարոզչական եւ շանտաժի նպատակ ունի, բայցեւ հավելեց եւս մեկ՝ դրա ռազմական արժեք ունենալու գործոնը: Ըստ նրա, հնարավոր պատերազմի դեպքում հակառակորդի խրամատները գրոհելու համար, բնականաբար, ավելի դյուրին է քիչ տարածություն վազել՝ անգամ 30 մետր: Դա նաեւ մարդկային ավելի քիչ զոհեր կարող է պահանջել հարձակվողի կողմից: Այս իմաստով նա հիշեցրեց Մեղրի-Կապանում «Ուռած քար» կոչվող տարածքում տեղի ունեցած մարտական գործողությունները, որտեղ հայկական կողմը հենց այդպես էր վարվել եւ մի գիշերվա մեջ կարեւոր նշանակության բարձունք էր գրավել առանց մի զոհ անգամ տալու: Ըստ նրա, ոչինչ բացառել չի կարելի եւ պետք է նկատի ունենալ զարգացումների ամենավատթար տարբերակը եւս: «Երբեք չի կարելի մտածել, որ ադրբեջանցին պակաս հայրենասեր է, քան հայը»,- հավելեց նա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ