Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԼՈՒՐՋ

Ապրիլ 08,2005 00:00

«ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ» Սահմանադրական հանրաքվեի առիթով ասաց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը – Կոալիցիայի հուշագրում առաջին կետերից մեկը վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, սակայն Եվրոինտեգրման հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումները եւ դրանց շուրջ ծագած իրավիճակը խոսում են այն մասին, որ իշխանությունները, այսինքն՝ նաեւ դուք, փորձում եք տապալել սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Իսկ դա նշանակում է, որ կոալիցիան իր հուշագրի կարեւոր կետերից մեկը չի կարողանում կատարել: – Կարծում եմ, գործընթացը դանդաղում է, ես եւս դա նկատում եմ: Ի սկզբանե կոալիցիայի կողմից ընդունված փաստաթուղթը նպատակ ուներ տեղավորվել ժամանակացույցի մեջ: Մենք ուզեցինք ինչ-որ փաստաթուղթ ունենալ, որի շուրջ կընթանան լայն քննարկումներ, բայց՝ ոչ ավելին: Այդ փաստաթղթից մենք ավելին չէինք էլ ակնկալում՝ ենթադրելով, որ այն կարող է ընթացքում արմատական փոփոխությունների ենթարկվել: Կարծում եմ, որ մեր նախագիծը պետք է առավելագույնս համահունչ լինի Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին, եւ սա մեզ համար թիվ մեկ խնդիր է: – Սակայն տպավորություն կա, որ կոալիցիայի չորրորդ կողմն առանձնապես շահագրգիռ չէ սահմանադրական փոփոխությունների հարցում: – Մենք պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրական հանրաքվեն երկրորդ անգամ չտապալվի: Չափազանց կարեւոր է, որ մենք կարողանանք համաձայնության գալ քաղաքական մյուս ուժերի հետ, որովհետեւ եթե հաշվի առնենք, որ հանրաքվեի մասնակիցների հարկավոր թիվը չափազանց մեծ է, դրան գումարվի ընտրազանգվածի պառակտված վիճակը, կնշանակի տրոհել ընտրողների եղած թվաքանակը՝ այդպիսով բացարձակապես անհնար դարձնելով սահմանադրական հանրաքվեի անցկացումը: Բայց պետք է նաեւ ընդունել, որ այդ դեպքում մենք կարող ենք հայտնվել շատ լուրջ սահմանադրական ճգնաժամում: Սահմանադրական փոփոխություններն անընդհատ չիրականացնելը, ի վերջո, շատ վտանգավոր է երկրի համար: Պետք է կարողանանք ձեւը գտնել. կամ պետք է այն կատարենք լայն համաձայնությամբ, կամ մի հնարով պետք է մեծացնենք ժողովրդի ակտիվությունը: Եթե դա տեղի չունեցավ, մենք ուղղակի շատ լուրջ խնդիր ենք ունենալու հանրաքվեն անցկացնելու առումով: Միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԽ-ն, չի ընդունելու այն փաստարկը, որ տեսեք, դրեցինք հանրաքվեի՝ չանցավ: – Ամերիկացի գիտնական Դեյվիդ Ֆիլիպսը վերջերս կարծիք էր հայտնել, որ ՀՅԴ-ն բնավ կողմնակից չէ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտությանը, քանի որ այդ դեպքում Դաշնակցության ձեռքից կխլվի մի կարեւոր զենք, մինչդեռ, ըստ Դեյվիդ Ֆիլիպսի, եթե այդ հարցը լուծվեր, հայերը հանգիստ շունչ կքաշեին: Գիտնականի եզրակացությունն այն է, որ Դաշնակցությունը արգելք է հայերի առաջադիմության եւ զարգացման: Նաեւ, որ դուք եք ձախողել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը: Պարոն Ռուստամյան, իրո՞ք ձեր կուսակցությունը արգելք է մեր զարգացմանը: – Նախ, նման մեղադրանքներ մենք առաջին անգամ չէ, որ լսում ենք, դա շատ ավելի հատուկ էր նախորդ ռեժիմին: ՀՀՇ-ի պարագլուխները մեզ համարում էին Հայ դատի կուսակցություն, եւ, ըստ նրանց, քանի Հայ դատը կա, այս կուսակցությունը կա: Սա ամենապարզունակ պատկերացումն է ՀՅԴ-ի մասին: Կարծում եմ, նաեւ այդ շրջանակների թեթեւ ձեռքով է հայտնվել Ֆիլիպսի այս տեսակետը: Ինչ վերաբերում է հաշտեցման հանձնաժողովին, մենք շատ ուրախ ենք, եթե մեր պատճառով է այդ նախաձեռնությունը ձախողվել: Բայց այդպես, միայն Դաշնակցությանը մեղադրելով, ծառերի ետեւում անտառը չեն տեսնում: Մի բան պետք է հասկանալ. արհեստական հաշտեցումը միշտ հղի է ձախողումներով եւ տապալումներով, որովհետեւ հայ-թուրքական հարաբերություններն իրենց բնույթով շատ խորքային են եւ դրանք պարզ հարթության վրա չի կարելի ներկայացնել: Դա առնչվում է թե ազգային, թե տարածաշրջանային անվտանգության հարցերին: Սա արդեն հասկացել են բոլորը: Ըստ էության, այն հարցը, որ տալիս էր Դաշնակցությունը, հիմա հնչեցնում են եվրոպական շատ երկրներ: Իսկ հարցը հետեւյալն է. այսօրվա Թուրքիան արդյո՞ք նույնը չէ, ինչ Օսմանյան կայսրության ժամանակ: Մենք կարծում ենք, որ նույնն է, եւ այդ պատճառով էլ հաշտեցման արհեստական ձեւերը նպատակ կունենան քողարկել այս փաստը: Այս հարցը շատ կարեւոր է այսօր նաեւ ԵՄ-ի համար: Եթե մենք կարողացել ենք ձախողել այս դավադիր ծրագիրը, որը նպատակ ուներ պարզապես Թուրքիայի համար ճանապարհ հարթել դեպի ԵՄ, ուրեմն ճիշտ ենք վարվել: – Դաշնակցությունը կմիանա՞ Արթուր Բաղդասարյանի հրավերին՝ համախմբվել ազատ եւ արդար ՏԻՄ ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ: – Սա մենք համարում ենք Դաշնակցության կողմից ժամանակին արված նախաձեռնության կրկնություն: Եթե հիշում եք 2003-ի ընտրություններից առաջ մենք հուշագիր պատրաստեցինք եւ 20 կուսակցությունների հետ այդ հուշագրի տեքստը համաձայնեցրինք, բայց վերջում, թեպետ նախապես համաձայն էին բուն տեքստին, մի քանի կուսակցություններ չմիացան: Մենք երկու կարեւոր պայման ենք տեսնում, որոնց բացակայության դեպքում այդ նախաձեռնությունը արժեք չի ունենա: Նախ՝ ընտրությունները պետք է լինեն համապետական եւ ընդհանուր հետաքրքրության առումով բարձր հնչեղություն ունենան, այսինքն՝ դրանք պետք է լինեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, իսկ ՏԻՄ ընտրությունները այս սանդղակում ամենացածրն են: Հաջորդ կարեւոր պայմանը ընդդիմության անպայման մասնակցությունն է: Եթե այս վիճակը չենք կարողանում ապահովել, այսինքն՝ չենք կարողանում ապահովել ընդդիմության մասնակցությունը, ուրեմն դա սխալ ճանապարհ է: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել