Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Ապրիլ 08,2005 00:00

ՀՀ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր
խմբագիր Սամվել Ալեքսանյանի կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունների վերաբերյալ:
Հերթական անգամ իմ հասցեին մեղադրանքներ են հնչեցրել: Ինչ-ինչ ուժեր գտել
են իրենց հարմար գործիք՝ իրեն լրագրող եւ մարզպետարանի անփոխարինելի աշխատակից համարող
մեկին, որին առաջադրվել է ընդամենը մեկ խնդիր՝ ամեն ինչ անել ինձ վարկաբեկելու եւ
«սեւացնելու» համար: Այստեղ ամենեւին էլ կարեւոր չեն ոչ ձեւը, ոչ միջոցները, ոչ իրողությունները:
ՈՉԻՆՉ: Ընդամենը պետք է հասնել մի իրավիճակի, երբ պարբերաբար, հատկապես հանրապետական
լրատվամիջոցներով, ինձ վարկաբեկեն, Սյունիքը ներկայացվի որպես մարզ, որը հայտնվել
է օրհասական վիճակում, միայն նրա համար, որ ես եմ մարզպետը: Անկեղծորեն խոստովանեմ,
որ այդ ամենը հաջողվածի պատրանք է ստեղծվել երեք պարզ պատճառով. 1. Ի սկզբանե
հրաժարվեցի անդրադառնալ մի մարդու ասածներին, որը ոչ մի կերպ չի հաշտվում աշխատանքից
իր ազատման փաստի հետ: 2. Հասկանում եմ, որ նրա ասածները, միեւնույն է, առավել
ընդունելի եւ լսելի էին լինելու լրագրողական ընտանիքին՝ լրագրողական համերաշխության
սկզբունքից ելնելով: 3. Անիմաստ եմ համարել պատասխանել մեկին, որը չգիտես
թե ինչ հոգեկան նախապաշարումներից ելնելով, խոսում է սյունեցիների անունից, եւ Սյունիքում
միակն է, որին թվում է, թե Սահմանադրությունը չի գործում, եւ որի բոլոր զառանցանքների
միակ հասցեատերը հանրապետության նախագահն է: Համոզված եմ, որ իմաստ չուներ անդրադառնալ
մի մարդու, որը իմ ԱԺ պատգամավոր ընտրվելը համարում է կեղծված, երբ ինքն է եղել այդ
ընտրության հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն՝ որպես թիվ 52 ԸԸՀ նախագահ: Նա
ցանկանում է իմանալ իմ կենսագրությունը, այն դեպքում, երբ իմ մարզպետ նշանակվելուց
հետո իր թերթում առաջինն ինքը տպագրեց այն: Եվ իմ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ
լույս ընծայեց թերթ, որում տեղ գտած գովասանքների հեղեղումներն ինքս անհամեստություն
համարեցի: Այս ամենի մեջ կա վտանգավոր մի հանգամանք եւս. իմ լռությունը փորձ
է արվում ներկայացվել որպես համաձայնություն՝ ինձ ուղղված մեղադրանքներին: Դրանից
էլ ոգեւորված, վայրահաչողները հնչեցնում են ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելու
իրենց մտադրությունը: Հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր մեղադրանքներին, մեկընդմիշտ
վերջ տալու համար բոլոր թյուր նախապատկերացումներին, որոնք կարող են տեղ գտնել նրանց
մոտ, ովքեր Սյունիքը կարող են ընկալել միայն Սամվել Ալեքսանյան կոչվածի հայտարարություններով:
Նախ՝ «ելուզակ, թերուս եւ գյադայություն» բառերը բնութագրում են նրանց, ովքեր
ոչ միայն չեն հասկանում այս բառերի իմաստը, այլեւ ձեւացնում են, թե այլ բազում ածականների
հետ միասին դրանք իրենց չեն վերաբերվում: Իմ պատկերացմամբ՝ ելուզակը թուրքն էր, որից
հայրենիքը պաշտպանելու սուրբ գործին իմ համեստ լուման եմ ունեցել, ուրիշների նման
տաքուկ անկյուններ չեմ փնտրել: Ես ինձ նվաստացած կզգամ «ճնշել» մեկին, որը
վեհ գաղափարներից խոսում է միայն, եթե պատվեր է ունենում, իրականում բացի սեփական
շահը՝ ուրիշ ոչինչ չտեսնելով: Ավելին. լավ ճանաչելով բարձրագոչ հայտարարությունների
սիրահար «խմբագրին», իմ անտարբերությամբ ու արհամարհանքով փորձել եմ առիթ չտալ հերթական
խեղկատակ ու զրպարտություններով լեցուն հայտարարությունների համար, իսկ եթե առիթ
չկա, բնականաբար չկա նաեւ ի սկզբանե պատրաստ ասելիքն արտահայտելու միջոց ու… հանկարծ
առիթ է սեղծվում. մարզպետարանից ընդամենը մի քանի դրամով ձեռք բերած իր մեքենան հրկիզվում
է: Երբ առիթը կա, կա նաեւ կանխամտածված ասելիքը: Ասածս վերաբերում է ոչ միայն այս
դեպքին: Դա բնորոշ է նրա բոլոր հայտարարություններին: Ստացվում է՝ որ ակամա դարձել
եմ մի մարդու (՞) բոլոր դժբախտությունների ու ձախորդությունների միակ պատճառը: Երկյուղ
կա, որ հանկարծ իր հայրենի Հարժիս գյուղում, դարձյալ ժամանակին մարզպետարանի լծակներով
վարձակալած հողի վարձակալ, համատեղության կարգով գյուղատնտես-կոլխոզնիկ-խմբագիրը
հետայսու ինձ մեղադրի հնարավոր երաշտի, սակավաջրության, ընտանեկան վեճի, հայրենի
գյուղում իրեն չսիրելու, թափառող շների հաչոցի, իր բնակարանի անհաջող կահավորանքի,
վատ եղանակի եւ այլ իրեն անցանկալի երեւույթների մեջ: Դառնամ լծակներին, որոնք
իբր օգտագործում եմ «Սյունյաց երկիր» թերթի բաժանորդագրման գործընթացը խոչընդոտելու
համար: Անկեղծորեն ասած, ես հատկապես այդ ոլորտի լծակներին քաջատեղյակ չեմ: Եթե իմանայի
եւ օգտագործեի, ապա այդ «թերթ» կոչվածը վաղուց փակված կլիներ: Այդ գործին լավատեղյակը
նույն Սամվել Ալեքսանյանն է, որն իր սեփական թերթը պահելու համար տարիներ ի վեր հենց
մարզպետարանի լծակներն է օգտագործել: Հիմա, հանկարծ զգալով դրանց բացակայությունը,
փորձում է ֆինանսական հնարավոր աղբյուրների ուշադրությունը հրավիրել ինձ վրա: Եվ,
վերջապես, իր կյանքը խիստ կարեւորած խմբագրի զենք ունենալու ցանկության մասին: Իր
«ես»-ը գերագնահատող նախկին չինովնիկին ուղղակի խորհուրդ կտայի՝ ավելորդ երկաթի ծանրություն
քարշ տալու փոխարեն կարդալ Չեխովի «Չինովնիկի մահը»: Կարծում եմ, այնտեղ ինքը կգտնի
իրեն բնորոշ մերօրյա հերոսին: Ես հպարտ եմ հատկապես Սյունիքի մարզը ներկայացնելու
իրավունքն ունենալու համար: Այն փորձում եմ ներկայացնել արժանապատվորեն, ավելի պարզ՝
ամենօրյա աշխատանքով: Իմ աշխատաոճը Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական վերելքին նպատակաուղղված
հստակ եւ կոնկրետ գործելակերպ է, որից ոմանք կարող են դժգոհել: Հոգ չէ: Միշտ էլ պատրաստ
եմ իմ հայրենի մարզի առաջընթացն ապահովելուն, եղած թերություններն ու բացթողումները
վերացնելուն ու շտկելուն ուղղված ցանկացած առաջարկություն ընդունել ու ընթացք տալ,
եթե այն անձնական հետին շահերով չի պայմանավորվում: Իսկ կեղծարարներին ու շանտաժիստներին
չեմ կարող հանդուրժել, ով էլ լինի՝ ընկեր, բարեկամ, մտերիմ: Պաշտոնավորի սքեմով չեմ
ծածկվել ու չեմ ծածկվելու: Թատերականացված եւ վատ բեմականացվող այս խաղը կանխելու
միակ ելքը դատարան դիմելն է՝ պատասխանատվության ենթարկելու նրան, ում համար ամենաթողությունը,
զազրախոսությունը կենսակերպ են, եւ որոնք չարամտորեն ուղղված են իմ անձի պատվի ու
արժանապատվության նվաստացմանը: ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՀՀ Սյունիքի
մարզպետ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել