Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք կեղծենք, դուք հանդուրժեք»

Ապրիլ 08,2005 00:00

«Հզոր
հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը գնահատում է «Օրինաց երկիր»
կուսակցության՝ «հանուն միասնականության եւ հանդուրժողականության» կեցվածքը: «Ինչի՞
շուրջ ենք միասնանում: Ասում եք՝ ընտրությունները չկեղծենք: Իսկ նախորդ ընտրություններն
ովքե՞ր կեղծեցին, կարո՞ղ է ոչ պառլամենտական կուսակցությունները: Լավ, դրա վրա գիծ
ենք քաշում եւ մտածում՝ ի՞նչ անենք, որ ընտրություններն անցնեն նորմալ եւ ժողովրդավարության
հիմքերը երկրում դրվեն: Մենք էլ մեր առաջարկություններն արել ենք. ընտրությունների
ժամանակ պետք են հավասար մեկնարկային պայմաններ: Այսինքն՝ հանձնաժողովները կամ լինում
են պրոֆեսիոնալ՝ ոչ մի քաղաքական ուժ չի մասնակցում, բոլորն էլ հավասարապես լինում
են վերահսկող: Կամ եթե հանձնաժողովները կազմվում են քաղաքական ուժերից՝ մասնակցում
են բոլորը: Եթե թաքուն բան չես ուզում անել՝ բաց գործիր: Ասում են՝ հանդուրժողականություն.
եթե հավասարության շուրջ՝ խնդրեմ: Բայց առաջարկում են՝ ստեղծենք մի օրենսգիրք, համակարգ,
որը հնարավորություն տա մեզ ձեր ձայները կեղծելու, դուք էլ հանդուրժեք»: Հակահեղափոխական
հզոր հայրենիքցիներն այստեղ մտավախություն ունեն, որ «կարող է հեղափոխությունը սկսվել,
ինչպես եղավ հետխորհրդային շատ երկրներում»: Պարոն Վարդապետյանը վրդովվում
է, որ միասնության շղարշի տակ փորձ է արվում նորից բարեփոխման իմիտացիա ստեղծել.
«Մտածում են շրջանցելու այնպիսի տեխնոլոգիաներ հորինեն, որ մյուս քաղաքական ուժերը
գլխի չեն ընկնում: Հիմա էլ աբսուրդի աստիճանի են հասել՝ շրջանառության մեջ են դրել
դատական համակարգի մասնակցությունը հանձնաժողովների կազմման գործընթացում: Աշխարհում
նման բան չկա: Մեր Սահմանադրությամբ հստակ ամրագրված է ՍԴ-ի եւ դատարանների լիազորությունները.
ի՞նչ է, հիմա էլ օրենք ընդունենք, որը հակասո՞ւմ է Սահմանադրությանը, մեղքն էլ բարդում
են Վենետիկի հանձնաժողովի վրա»: Արտախորհրդարանական ուժերի կողմից այսօր արդեն Վ.
Վարդապետյանը հայտարարում է՝ «Ընտրությունների հետեւանքները եւ պատասխանատվությունը
ձեր (նկատի ունի կոալիցիային- Ն. Գ.) վրա է ընկնելու: Իսկ մենք այսօր 24 տոկոս ենք:
Կարծես թե մարաթոն է սկսվել, բոլորն ինչ-որ հանդիպումներ են կազմակերպում, իրար են
մեղադրում: Կոալիցիոն ուժերն իրար անընդհատ մեղադրելով փորձում են ցույց տալ, որ
լինելով իշխանության մեջ՝ իրենք պատասխանատվություն չեն կրում: Բայց ժողովուրդը դա
շատ լավ էլ հասկանում է»: Ղարաբաղյան հարցի խորհրդարանական լսումներից «Հզոր
հայրենիքի» տպավորությունն այսպիսին է. «Մեր պետության զարգացման հաշվին է տասը տարի
պահպանվել Ղարաբաղը, եւ այսօր նորից գնալ ձեռք բերածը կորցնելուն՝ անթույլատրելի
է»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել