Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԽ-Ն ԴՊՐՈՑ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 08,2005 00:00

Այս
մասին մանրամասներ է պատմում Եվրախորհրդի Քաղաքական հարաբերությունների գլխավոր տնօրինության
«Քաղաքական դասընթացների դպրոց» ծրագրի քաղաքական խորհրդական Ֆրանսուա Ֆրեդերիշը:
Եվրախորհուրդը Քաղաքական դասընթացների դպրոցներ է հիմնադրել 11 քաղաքներում՝
Մոսկվայում, Թբիլիսիում, Բելգրադում, Տիրանայում եւ այլուր: Եվ եթե ամեն ինչ հարթ
ընթանա՝ շուտով նման 12-րդ դպրոցը կստեղծվի Երեւանում: Թե ինչ դպրոցներ են դրանք՝
ներկայացնում է Ֆրանսուա Ֆրեդերիշը. «Քաղաքական դասընթացների դպրոցների գլխավոր նպատակը
օգնելն է, որ երիտասարդ առաջնորդների նոր սերունդը կարողանա իրականացնել իր պարտականություններն
ու պատասխանատվությունը: Այս դպրոցներում դասընթացներ են անցնում քաղաքական, տնտեսական,
մամուլի, իրավագիտության բնագավառի երիտասարդ առաջնորդները: Մենք փորձում ենք մարդկանց
ուսուցանել այն թեմաները, որոնք առնչվում են եվրոպական ինտեգրացիային եւ այն արժեքներին,
որոնք հիմնարար են Եվրոպայի խորհրդի համար՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ,
մամուլի ազատություն եւ օրենքի գերակայություն: Դասընթացները ներառում են նաեւ միջազգային
հարաբերությունների հարցեր, ասենք՝ ահաբեկչության դեմ պայքար եւ այլն: Ընդգծեմ, թե
շատ կարեւոր է, որ այս դասընթացներում հավասարապես ընդգրկված լինեն ինչպես կանայք,
այնպես էլ տղամարդիկ, քանի որ գիտենք, որ շատ երկրներում,՝ անգամ՝ Ֆրանսիայում, կանայք
դեռ այնպես չեն ներկայացված իշխանության մեջ, ինչպես տղամարդիկ, եւ ինչքան բարձր
գնաս՝ այնքան քիչ կհանդիպես կանանց: Ահա Հայաստանի խորհրդարանում էլ կան ընդամենը
7 կանայք»: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմա նավորված անհրաժեշտությունը նաեւ
Հայաստանում բացելու նման դպրոց, եւ արդյոք պատճառն այն ակնհայտ իրողությո՞ւնը չէ,
որ հայ գործիչները բավարար փորձառություն չունեն իր նշած ոլորտներում՝ Ֆրանսուա Ֆրեդերիշը
պատասխանեց. «Դուք գիտեք պատասխանը: Հայաստանը, ինչպես եւ այլ երկրներ, դեռեւս անցումային
փուլում է՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական առումով: Սա մենք տեսնում ենք նախկին Խորհրդային
Միության եւ սոցիալիստական ճամբարի շատ երկրներում՝ չկան մարդիկ, որոնք կկարողանան
աշխատել նոր պայմաններում: Հին նոմենկլատուրայի ներկայացուցիչը, որ 50-60 տարեկան
է եւ կոմունիստ է եղել՝ չի կարող մի օրում դառնալ ժողովրդավար: Ուստի՝ ոչ ոք չուներ
այդ փորձառությունը, որ կարողանար աշխատել նոր պայմաններում»: Հաշվի առնելով
նախադեպերը, որ Վրաստանում կամ Ուկրաինայում գործող արեւմտյան հաստատությունների
հասցեին հնչում էին մեղադրանքներ, թե նրանք նախապատրաստեցին հեղափոխությունը՝ կարելի
է ենթադրել, որ Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների դպրոցն էլ ապագայում կարող է
արժանանալ համանման կշտամբանքների, թե նախապատրաստում են նոր առաջնորդներ՝ խիստ որոշակի
նպատակներով: Մեր հարցին ի պատասխան, թե չունի՞ նման մտավախություն՝ Ֆրանսուա Ֆրեդերիշն
ասաց. «Ես հավատում եմ պերմանենտ հեղափոխության գաղափարին: Բայց դա պայմանավորված
է նրանով, թե ինչ ենք հասկանում՝ ասելով հեղափոխություն: Կարծում եմ՝ ժողովրդավարությունը
մի գործընթաց է, որ պետք է լինի անընդհատ շարժման մեջ: Երբ այս գործընթացն արգելափակվում
է՝ հասարակությունը չի հավատում բարեփոխումներին եւ սկսում է ավելի քիչ վստահել կառավարությանը:
Այս պարագայում են նրանք հակվում դեպի հեղափոխություն, քանի որ մարդիկ ուզում են
փոփոխություններ: Ուստի կարծում եմ, որ ժողովրդավարական բոլոր հասարակարգերը ծնվել
են շնորհիվ հեղափոխությունների. երբեմն խաղաղ, երբեմն՝ ոչ»: Այս ամենից կեսկատակ
եզրակացրինք, թե Եվրախորհրդի այս դպրոցը չի բացվի Հայաստանում: Սակայն պրն Ֆրեդերիշը
ճշտեց. «Բայց ես չասացի, թե մենք օգտագործելու ենք դպրոցը որեւէ այլ նպատակով: Ուկրաինայում
այս դպրոցը բացվեց նարնջագույն հեղափոխությունից հետո: Իսկ Վրաստանում, այո՛, դպրոցը
կար մինչեւ վարդերի հեղափոխությունը»: Քաղաքական դասընթացների դպրոցի հիմնման
նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են, եւ արդեն իսկ որոշ տեղեկություններ
կան, թե Հայաստանի իշխանություններն առանձնապես ոգեւորված չեն, որ այն գործելու է
անկախ կարգավիճակով: Սակայն երբ հետաքրքրվեցինք, թե ինչ արձագանք է ստացել դպրոցի
ստեղծման գաղափարը՝ ի պատասխան միայն ասվեց. «2-3 տարի առաջ, երբ տարածաշրջանում
սկսում էինք այս ծրագիրը, շփումներ ունեցանք Հայաստանի իշխանության ներկայացուցիչների
հետ: Եվ նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին, որ նման ծրագիր իրականացվի այստեղ:
Իմ այցի ընթացքում հանդիպել եմ նաեւ կառավարության ներկայացուցիչներին, մինչ այդ
Ստրասբուրգում շփումներ ենք ունեցել Եվրախորհրդում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչի
հետ, եւ պետք է ասեմ, որ բոլորը պատրաստակամություն էին հայտնում օժանդակել այս ծրագրի
իրականացմանը, ինչն ապացույց է, որ նրանք բոլորը զգում են Հայաստանում նման դպրոցի
անհրաժեշտությունը: Եվ հուսով եմ, որ մյուս քայլը պետք է լինի մինչեւ ամառ այս դպրոցի
պաշտոնապես բացումը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել