Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆԸ ԹԱԼԱՆԵԼ Է ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ՞Ն

Ապրիլ 08,2005 00:00

«Արաբկիրի թաղապետն իր ագահության
պատճառով ոտնահարում է հաշմանդամների իրավունքներն ու նրանց զրկում տարածքից»,- մեզ
տեղեկացրեց «Լույսի շող» սպինալ հաշմանդամների բարեգործական ընկերության ղեկավար
Իշխանուհի Հարությունյանը: Նախապատմությունը հետեւյալն է: «Վերածնունդ» հաշմանդամների
միությունը (որը 2002-ին վերանվանվել է «Լույսի շող») ստեղծվել է 1990 թվականին:
Ընկերությունը 1991- ին դիմել է նախկին քաղաքային իշխանություններին եւ ստացել Արաբկիր
համայնքի Ադոնցի 17 հասցեում 250 քմ տարածք զբաղեցնելու իրավունք՝ առանց ժամկետային
սահմանափակման: 1995-ից միության ներկայիս ղեկավարը տարածքը սեփականաշնորհելու հարցով
բազմիցս դիմել է թաղապետարան, սակայն միշտ անհիմն պատրվակներով գործը ձգձգվել է:
2003-ին՝ Արաբկիրի թաղապետի ընտրությունների ժամանակ, ներկայիս թաղապետ Լեւոն Հարությունյանը,
ծանոթանալով հաշմանդամների խնդրին՝ Ի. Հարությունյանին խոստացել է օգնել, եթե վերջինս
իր օգտին ձայներ ապահովի: «Ես իմ խոստումն արեցի, հարյուրավոր մարդիկ իմ խնդրանքով
իրեն ընտրեցին: Իսկ թաղապետը մեզ օգնելու փոխարեն տարածքը երեք մասի բաժանեց ու ծախեց»,-
ասաց Ի. Հարությունյանն ու շարունակեց, թե թաղապետ դառնալուց հետո Լեւոն Հարությունյանը
որոշ ծառայությունների դիմաց որպես շնորհակալություն՝ տարածքը ետին ամսաթվով վաճառել
է նախկին ավագանի, ժամանակին՝ թաղապետի թեկնածու Աշոտ Մովսիսյանին: Ի դեպ, այս գործարքներն
իրականացվել են առանց Իշխանուհի Հարությունյանին տեղյակ պահելու: Նա պատմում է, որ
Աշոտ Մովսիսյանն անձամբ 2003-ին հայտարարել է, որ հաշմանդամներին հասնում է 70,15
քմ-ն, իսկ մնացած տարածքը պատկանում է իր՝ «Մհեր եւ Վահե» ՍՊԸ- ին: Երեք ատյանի
դատարաններում էլ հարցն հօգուտ հաշմանդամների չի լուծվել: Եվ 2004- ի օգոստոսի 5-
ին, ըստ «Լույսի շողի» ղեկավարի, ԴԱՀԿ-ի այժմ արդեն նախկին աշխատակից Գ. Հովհաննիսյանն
ու նախկին ավագանին ներխուժել են տարածք, ջարդուխուրդ արել հաշմանդամների իրերը,
լսողական ապարատները, գողացել սայլակներ ու դեղեր, տարածքի սեփականաշնորհման համար
նախատեսված 800 հազար դրամն ու 800 դոլարը: Ի. Հարությունյանը վստահ է, որ հարուցված
քրեական գործը «ծածկադմփոց» է արվել եւ գողություն անող անձին չգտնելու պատրվակով
գործը փակվել է: Այս ընթացքում Ա. Մովսիսյանը վաճառել է իր տարածքը՝ արդեն երկու
հոգու: Եվ 250 քմ տարածքն ունի երեք սեփականատեր: Ուշագրավն այն է, որ հաշմանդամներին
հասանելիք մասը գտնվում է այն հատվածում, որտեղ դուռ չկա եւ ներկայիս սեփականատերն
էլ չի թողնում մուտք գործել տարածք՝ մուտքի միակ դուռն իր տարածքում է: Այժմ 3500
հաշմանդամ հերթափոխով հավաքվում են իրենց ղեկավարի տանը՝ տարբեր խնդիրների համար
պատասխան ստանալու: Ի պատասխան Ի. Հարությունյանի դժգոհությունների, Արաբկիր
համայնքի բնակարանային եւ կոմունալ տնտեսության հարցերով բաժնի ղեկավար Հրայր Անտոնյանն
«Առավոտին» ասաց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում: Նա տեղեկացրեց, որ
այդ տարածքը համայնքի սեփականությունն է եւ 2002 թվականին իրենք թաղապետարանի նախկին
ղեկավարներից տարածքն ընդունել են երկու սեփականատերով. «Այդ կինը դերասան է: Նրա
լեզվից հեռու մնալու համար եւ հաշվի առնելով, որ հաշմանդամներ ենք տեղահանելու՝ չենք
անում: Բայց երբ դանակը ոսկորին հասցնի՝ դա էլ կանենք»: Ըստ Հ. Անտոնյանի, այս հասարակական
կազմակերպությունը ոչ մի հաշմանդամի էլ չի օգնում, հիվանդներ այդտեղ չեն գալիս: Բացի
այդ, «թաղապետարանը վարձակալության հիմունքներով պայմանագիր է ունեցել «Վերածնունդ»
կազմակերպության հետ, որը հիմա լուծարված է, իսկ «Լույսի շողը» տարածքը զբաղեցրել
է ինքնակամ»: Միության նախագահի ասելով, իրենք պատրաստում են պաստառներ՝ «ուղեղ ծակող»
բառերով, որպեսզի ապրիլին անցկացնեն նստացույցեր՝ թաղապետարանի եւ նախագահականի մոտ:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել