Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Ապրիլ 08,2005 00:00

«Ա1+»-Ը
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ Երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների
նախաձեռնությամբ ապրիլի 12-ին, ժամը 18.00-ին, նախատեսվում է ընդլայնված հանրահավաք,
որտեղ կընթերցվի կառավարությանն ուղղված մի նամակ հետեւյալ պահանջով՝ հրապարակել
ազատ հաճախությունների ցանկը: Երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտնեց «Ա1+»
հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: «Մենք պատասխան ենք ակնկալում մինչեւ
մայիսի 3-ը»,- ասաց պրն Մովսեսյանը: Ըստ նրա՝ ապրիլի 12-ից հետո կդադարեցվեն Երեւանի
պետական կոնսերվատորիայի մոտ անցկացվող ամենօրյա հավաքները: Սակայն, ինչպես նշեց
նա, եթե մինչ նշանակված օրը կառավարությունը չփոխի իր դիրքորոշումը եւ չհրապարակի
ցանկը՝ կազմակերպությունները կվերսկսեն ազատ խոսքի պաշտպանությանը եւ «Ա1+»-ին նվիրված
բողոքի գործողությունները: Ի դեպ, Մեսրոպ Մովսեսյանը նաեւ տեղեկացրեց, որ կառավարությունը
դեռեւս չի արձագանքել ազատ հաճախությունների հրապարակման պահանջին: «Կառավարությունը
համառորեն լռում է, մենք էլ համառորեն սպասում ենք»,- ասաց նա: «Փակված լինելու
3 տարիների ընթացքում մեզնից ի՞նչ էիք ակնկալում եւ ի՞նչ չստացաք»,- Մեսրոպ Մովսեսյանին
հարց ուղղեց «Հանրային ռադիոյի» թղթակիցը: «Ես ակնկալում էի, որ մեր օրինակը, այս
աղմուկը կաշխատեր մամուլի, հեռուստաընկերությունների համախմբման օգտին: Բայց նրանք
ընտրեցին ուրիշ ուղի: Հեռուստատեսությունը բիզնես է, բայց նաեւ՝ գաղափարախոսական
զենք: Իսկ թե ով է ղեկավարում այդ զենքը՝ արդեն ուրիշ հարց է»,- պատասխանեց «Ա1+»
հեռուստաընկերության նախագահը: Մեսրոպ Մովսեսյանը, սակայն, հայտնեց, որ «Ա1+»-ի
կոլեկտիվի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների թիվը հասել է 12-ի:
Մինչդեռ հեռուստաալիքի գործունեության շրջանում դրանց թիվը չէր անցնում 7-ից: Հեռուստաընկերության
նախագահը նաեւ տեղեկացրեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ա1+»-ի հարցը
կլսի հավանաբար ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել