Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԻՆՉԵՎ ՔՈՒՌ ԱԶԱՏԱԳՐՎԵԼԻՔ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ»

Ապրիլ 08,2005 00:00

Գտնում
են այդ տարածքների պաշտպանները «Ես ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ մեր պետության
ղեկին կանգնած այլ մարդկանց կոչ եմ անում ոչ միայն իմ անունից, այլեւ մի շարք գործող
զինվորականների անունից, որոնք այսօր բանակում են (նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ
կան նրանց մեջ, հասկանալի պատճառներով իրենք հիմա չեն խոսում, ես եմ խոսում նրանց
փոխարեն), ես խոսում եմ նաեւ պատերազմի հազարավոր մասնակիցների անունից, որ այսօր
տարբեր պատճառներով բանակային համակարգից դուրս են գտնվում, ես ինձ վերապահում եմ
խոսել նաեւ մեր նահատակների անունից՝ պարոնայք, ձեր այս ընթացքը դավաճանական ընթացք
է, կոչ եմ անում դադարեցրեք, եթե ոչ՝ շատ խիստ պատժվելու եք»,- այս կոչով երեկ ՀՀ
պաշտպանության նախարարին եւ իշխանությունը ներկայացնող այլ անձանց դիմեց «Ազատագրված
տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Ինչպես նրան, այնպես էլ հասարակական նախաձեռնության մյուս անդամներին խիստ վրդովեցրել
էին Ղարաբաղի հարցով մարտի 29-30-ը ԱԺ-ում կազմակերպված լսումները եւ հատկապես այդ
լսումների ընթացքում պաշտպանության նախարարի բռնած դիրքը: «Ցավալի է, որ պաշտպանության
նախարարն է խոսում զիջումների մասին. եթե ԱԳ նախարարը դիվանագիտական խուսանավումների
նպատակով նման բաներ ասեր, կասեինք՝ ոչինչ, բայց պաշտպանության նախարարն ի՞նչ գործ
ունի դիվանագիտական բառամթերքով ելույթ ունենալու: Սա մեծ հարված է մեր այսօրվա բանակին,
բանակի ոգուն: Եթե բանակի պատասխանատուն առավոտից գիշեր խոսում է զիջումների մասին,
ապա բանակի ամբողջ անձնակազմը ի՞նչ անի……Եթե Սերժը ուզում է դառնալ նախագահ, թող
պաշտոնից դուրս գա, գնա քաղաքական գործիչ դառնա»,- ավելացրեց Ժ. Սեֆիլյանը: Պրն
Սեֆիլյանը իր խոսքը սկսեց պաշտպանության նախարարին ստախոսության մեջ մեղադրելով:
Մեջբերելով նախարարի՝ մամուլում հրապարակված հետեւյալ արտահայտությունը՝ «ես փոխզիջումների
մասին խոսել եմ դեռ 90-ականների սկզբից, այն ժամանակ, երբ մեր ջոկատներին, մեր տղաներին
համոզում էի, որ անհրաժեշտ է վերացնել շատ կրակակետեր, եւ այն ժամանակ էլ տղաներին
ասում էի, որ այդ կրակակետերի վերացումը կամ անվտանգության գոտու ստեղծումը երբեք
նպատակ չի ունեցել ավելացնելու ԼՂ-ի կամ ՀՀ-ի տարածքը», պրն Սեֆիլյանն ասաց. «Դա
բացարձակ սուտ է, իրականությանը չի համապատասխանում: Այդ ժամանակվա Սերժ Սարգսյանը,
ինչ պաշտոնի որ էր, շտաբում նստած այդպիսի միտք չի հայտնել ոչ մի ջոկատի կամ զորահրամանատարի:
Իմ ասածը հիմնավորելու համար ես կուզեմ ասել, որ այդ ժամանակ շտաբում նստած որեւէ
մի պաշտոնյա այր չէր համարձակվի այդպիսի միտք հայտնել, պարզապես իր ֆիզիկական գոյությունը
պահպանելու նպատակով: Այն իմաստով, որ մեր չակերտավոր պետական այրերը լավ գիտեին,
որ որեւէ մեկ խոսակցություն սենյակում չէր մնում, անպայման որեւէ ձեւով դրսեւորվելու
էր: Այնպես որ, հնարավոր չէ, որ նա այդպիսի միտք հայտնած լիներ, որովհետեւ եթե նման
բան ասեր, էդ լուրը հանելու էր ճակատով մեկ կանգնած հայ մարտիկներին, որոնց ձեռքին
զենք կար, եւ էդ լուրջ հայ մարտիկները դա երբեք չէին հանդուրժի եւ անպայման կգային
ու այդ պետական այրին տեղում պատասխանը կտային»,- տեղեկացրեց ահաբեկչության («Դրո»
խմբի) գործով նախկին կասկածյալը: Ճիշտ է, երեկվա ասուլիսը ոչ միայն Սերժ Սարգսյանին
սխալ հանելու նպատակն ուներ: «Ազատագրված տարածքների պաշտպանության» տղաները հայտարարեցին,
որ չեն ընդունում իշխանությունների որդեգրած ազատագրված տարածքները զիջելու քաղաքականությունը:
«Խոսքով ու փաստորեն նաեւ գործով իրականացվող զիջումները թյուրիմացության մեջ են
գցում միջազգային հանրությանը, որն ավելի է խստացնում իր պահանջները Հայաստանի նկատմամբ,
Ադրբեջանին, որը գնալով ավելի կոշտ ու ինքնավստահ է դառնում, եւ մեր ժողովրդին, որ
այլեւս չի հավատում որեւէ քաղաքական գործչի»,- ասվում էր նախաձեռնության տարածած
հայտարարության մեջ: Ժ. Սեֆիլյանը, սակայն, գտնում էր, որ միջազգային ճնշումը «սաստկացել
է ոչ թե հայ ժողովրդի վրա, այլ որոշ ղեկավարների, որոնք իրենց ապիկար գործողություններով
հասցրեցին այս տուպիկին, այս անելանելի վիճակին: Մեր իշխանություններին այսօր լակոտի
տեղ են դրել եւ հաթաթա են տալիս: Որովհետեւ նրանք միայն մի նպատակ են այսքան տարի
հետապնդել՝ պահել իրենց իշխանությունը, աթոռը, նյութը, ուրիշ ոչ մի բանի մասին չեն
մտածել: Իրենք ամեն ինչի կգնան աթոռը պահելու համար: Առանց էդ էլ մեծամիտ են եղել
մինչեւ իշխանությունը, իսկ իշխանությունը իրենց կուրացրել է: Այսօրվա ղեկավարությունը՝
պաշտպանության նախարար, նախագահ եւ այլն, հայկականությունից, հայությունից, իրենց
էությունից կտրված են: Եվ նրանց պետք չէ լուրջ ընդունել: Այդ տարածքների տերերը կան,
դա մենակ ես չեմ, դա ամբողջ հայ ժողովուրդն է: Եթե պատերազմ է լինելու՝ խնդրեմ, եւ
թող պատերազմով մեզ չվախեցնեն: Նույնն էր իրավիճակը 92-ին. եթե չպատերազմեինք, մեր
գոյությունը պահպանած չէինք լինի»: Պարոն Սեֆիլյանին հարց տրվեց՝ իսկ եթե
մեր զորքերը հասնեին մինչեւ Կիրովաբադ կամ Բաքու, դրանք է՞լ էին ազատագրված տարածքներ
կոչվելու: Պատասխանը հետեւյալն էր. «Մինչեւ Քուռ կոչվելու էր ազատագրված, եւ մի օր
անպայման կոչվելո՛ւ է ազատագրված»: Նրան լրացրեց «Ազատագրված տարածքների պաշտպանության»
նախաձեռնության եւս մի ներկայացուցիչ՝ Արմեն Աղայանը՝ «Ինչպես նաեւ՝ Նախիջեւանը»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել