Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏԻՆ»

Ապրիլ 07,2005 00:00

«ԱՐԱՐԱՏԻՆ» ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ Է ՏՐՎԱԾ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գրեթե բոլոր ասուլիսներում ամենասուր քննադատության է ենթարկում «Արարատ» ֆուտբոլային ակումբի արտասահմանցի հովանավոր տերերի՝ հայկական ֆուտբոլում վարած քաղաքականությունը: Դատելով արված հայտարարություններից՝ նրանք ծանր հոգս են դարձել մեր ֆուտբոլային կյանքում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնիի ազատման առիթով հրավիրած ասուլիսի վերջում էլ Ռ. Հայրապետյանը անդրադարձավ այդ ցավոտ հարցին ու խոսեց Ձորաղբյուրի մարզաբազայում նրանց արած ավերածությունների մասին: Եվ քանի որ մարզաբազան «Արարատի» տերերին օգտագործման է հանձնել պետությունը, դրա նախապատմության եւ ստեղծված իրավիճակի մասին պատմել խնդրեցինք Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանին: «2002-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբը, ի դեմս այն ժամանակվա տնօրեն Ժ. Մուրադյանի, դիմեց պետական կառույցին, որպեսզի Ձորաղբյուրի բազան պայմանագրով հանձնենք իրենց՝ վերանորոգման նպատակով: Եվ ակումբի սեփականատերեր «Ֆրանկ Մյուլլեր» եւ «Սիրկապ» ընկերություններն սկսեցին բանակցությունները, որոնք ավարտվեցին նույն թվականի հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագրով: Ըստ դրա, մենք պարտավորվեցինք 50 տարի ժամկետով բազան վարձակալությամբ տալ իրենց՝ պայմանով, որ մարզադահլիճները նորոգելու համար երեք տարվա ընթացքում ներդնեն $1,5 մլն համարժեք դրամ. 2002-ին՝ 200, 2003-ին՝ 700, 2004-ին՝ 600 հազար դոլարին համարժեք դրամ: Պայմանագրի կարեւորագույն կետ է, որ մարզաբազան պրոֆիլը չի փոխելու եւ պետք է ծառայի ոչ միայն ֆուտբոլին, այլեւ մյուս մարզաձեւերին: Պայմանագիրը կնքելուց հետո բավականին երկար ժամանակ ակումբի տերերն իրենց ստանձնած պարտականությունները չէին կատարում՝ մանր-մունր գործեր էին արել: Այդ ժամանակ մենք մի քանի անգամ նրանց նախազգուշացրել ենք, որ այդպես շարունակվելու դեպքում կդիմենք օրենքով սահմանված պատժամիջոցների: Երկու անգամ ինքս եմ այցելել մարզաբազա եւ հայտնել իմ դժգոհությունը: Այդ մասին զեկուցել եմ նաեւ վարչապետին: Պայմանավորվեցինք, որ այդպես շարունակվելու դեպքում պայմանագիրը չեղյալ ենք համարելու: Սակայն «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ-ն պատճառաբանեց, թե բազայի վարչական շենքը եւ հյուրանոցային երկու համալիրները քանդել ու նորը կառուցել չեն կարող, քանի որ դրանք պետության սեփականությունն են: Այդպիսի խնդիր, իրոք, կար: Դրան էլ ընդառաջ գնացինք: Որոշվեց այդ շենքերը վաճառել ընկերությանը: Այդ պայմանագիրը արդեն պետական գույքի կառավարման վարչության հետ նրանք կնքել են 2003-ի դեկտեմբերի 10-ին ու պարտավորվել քանդել եւ կառուցել նորը: Սակայն պայմանագրի գումարային արժեքը $1,5-ից բարձրացվեց երկու միլիոնի: Դա ամրագրվել է նաեւ կառավարության 2003թ. հուլիսի 31-ի թիվ 990 որոշման մեջ՝ ընդ որում, 2003-ին՝ $400, 2004-ին՝ 600, 2005-ին եւ 2006-ին՝ 500 հազարական: Բայց այս անգամ էլ նրանք մի ամբողջ տարի ոչինչ չարեցին: 2004-ի մայիսին եղա բազայում ու բավականին շատ շինարարներ տեսա: Սակայն տպավորությունն այնպիսին էր, որ դա ցուցադրական ակցիա է: Տասնհինգ օր անց անակնկալ կրկին այցելեցի ու, ցավոք, համոզվեցի, որ զգացողությունս ճիշտ էր: Այդ այցերից, երկու անգամ գրավոր նախազգուշացնելուց, «Սիրկապի» տնօրենին ինձ մոտ հրավիրելուց ու վերջին անգամ նախազգուշացնելուց հետո ինքս որոշեցի պայմանագիրը բողոքարկել դատարանում: Ու պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի հետ միասին հայց ներկայացրինք դատարան: Ու այստեղ կատարվեց ամենամեծ անակնկալը. «Սիրկապ» ընկերությունը մեզ ներկայացրեց Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հեբոյանի վճիռը, ըստ որի՝ 2004 թ. փետրվարի 9-ին մարզաբազայի տարածքի 30 հա տարածքը վաճառվել է «Սիրկապ» ընկերությանը: Դա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ վճիռը կայացվել է առանց պայմանագրով կողմ հանդիսացող պետական կառույցի, Ձորաղբյուր գյուղական համայնքի ներկայացուցչի մասնակցության: Մյուս կողմից, ըստ օրենքի, մենք վերաքննիչ դատարան բողոքարկելու իրավունք ունեինք 15 օրվա ընթացքում: Սակայն այդ վճռի մասին իմացել ենք, այն էլ՝ պատահական, միայն մայիսին, երբ պատրաստվում էինք դատական վեճի: Խորհրդակցելով իրավաբանների հետ՝ ես անմիջապես դիմեցի հանրապետության գլխավոր դատախազին: Եվ քանի որ արդեն դատախազությունը պետք է առաջացած նոր հանգամանքների հիման վրա միջնորդական բողոք ներկայացներ վճռաբեկ դատարան, այդ ժամանակ մեզ դիմեց «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը՝ խնդրելով դատարանում հաշտություն կնքել այն նկատառումով, որ իրենք այնուամենայնիվ ինչ-որ ներդրումներ արել են եւ պարտավորվում են շատ արագ վերակառուցել Ձորաղբյուրի մարզաբազան ու այլեւս նման սխալներ թույլ չտալ: Մենք քննարկեցինք խնդիրը եւ որոշեցինք վերջին շանսը տալ նրանց մեր բողոքի մեկ՝ միայն մարզադահլիճների նորոգման մասով: Նրանց՝ նախորդ պայմանագրերի պարտավորությունները չկատարելու համար սահմանված 60 հազար դոլար տուգանքը պետական բյուջե մուծելուց հետո հաշտության այդ պայմանագիրը կնքեցինք մոտավորապես մեկ ամիս առաջ, ըստ որի նրանք պարտավոր են մինչեւ 2006թ. վերջը $2 միլիոնի ներդրումները կատարել: Մեր բողոքի երկրորդ մասը՝ 30 հա պտղաբեր այգիներով հողատարածքի հետ կապված, մնում է ուժի մեջ եւ մոտ ժամանակներս վճռաբեկ դատարանում կբողոքարկենք Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած անօրինական վճիռը: Այդ հողատարածքը միանշանակ պետք է վերադարձվի: Իսկ ինչ վերաբերում է պայմանագիրն ամբողջությամբ կատարելուն, կրկնում եմ. այս անգամ նրանց, իրոք, վերջին շանս է տրվել: Եթե մինչեւ 2006-ի վերջը բազան լրիվ պատրաստ չեղավ, պայմանագիրը կխզենք: Եվ վերջում ավելացնեմ. պարոն Ռուբեն Հայրապետյանի մտահոգությունները ամբողջությամբ կիսում եմ եւ այդ հարցում նրան լրիվ աջակցելու եմ: Դա նաեւ պետության մտահոգությունն է: Ավելին ասեմ. նրա հետ քննարկել ենք մի տարբերակ, որ եթե այս անշնորհքությունը շարունակվի մինչեւ վերջ, ֆեդերացիայի հետ որեւէ ծրագրի շրջանակներում կլուծենք Ձորաղբյուրի հարցը: Մենք ֆեդերացիայի հետ հատկապես խաղադաշտերի ու մարզաբազաների հարցում համատեղ աշխատանքի փորձ ունենք, որն ավարտվել է փայլուն արդյունքներով»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել