Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽՔԻՆ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՎՏԱ՞ՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ

Ապրիլ 07,2005 00:00

ՋԱՎԱԽՔԻՆ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ ՎՏԱ՞ՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ Իսկ Հայաստանի վերաբերմունքը բավարար չէ «Ամենածանր տարիներին՝ Գամսախուրդիայի օրոք, երբ նրանք փորձում էին մտնել Ջավախք «Վրաստանը միայն վրացիներին» կարգախոսով, ջավախեցին երբեք չգնաց սադրանքի եւ կանգնեց Վրաստանի պետականության կողքին: Ես վստահ եմ, որ այսօր տեղի ունեցող միտինգներն էլ պետության դեմ ուղղված չեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: Նա փաստում է, որ Ջավախքում իսկապես իրավիճակը բարդ է, եւ տարիներ շարունակ կուտակված սոցիալ-տնտեսական խնդիրները «դրսի ուժերը» փորձում են այլ ուղղությամբ տանել: Բնավ էլ պատահականություն չի համարում Բաթումում եւ Ջավախքում եղած միաժամանակյա միտինգը: Նա համամիտ է, որ ռուսական ռազմաբազաներն աշխատատեղերի առումով այսօր խնդիր չեն լուծում: Ավելին, ըստ մեր զրուցակցի տարբեր հանդիպումներից ստացած տպավորությունների՝ ջավախեցիները լավ գիտակցում են, որ հանրահավաքները խնդիր լուծելու ձեւ չեն, եւ որ ռազմաբազաների հարցը լուծողն էլ իրենք չեն: Պարոն Վարդապետյանը հարցը դիտարկում է այս տեսանկյունից. «Շուրջ 20 հազար ջավախեցիներ այսօր արտագնա աշխատանքի են մեկնել: Այս իրավիճակում նաեւ պատահական չէր, որ Ռուսաստանի կողմից բարդացավ անձնագրային ռեժիմը: Այսինքն՝ օգտագործում են բոլոր լծակները, որպեսզի ավելի գրգռեն ջավախեցուն»: Բայց՝ «պետք է հասկանալ նաեւ ջավախեցիներին. ինչո՞վ է փոխարինվելու այդ զորքը, ի՞նչ է լինելու հետագայում»: Իսկ ո՞րն է Հայաստանի խնդիրը: «Տարիներ շարունակ Ջավախքին վերաբերվող բազմաթիվ ծրագրեր են կազմվել,- ասում է Վ. Վարդապետյանը,- իշխանությունները փոխվել են՝ ծրագրերի բովանդակությունն ավելի է մեծացել, որովհետեւ խնդիրներն ավելացել են: Մենք հիմա ասում ենք՝ Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունները դեմքով պիտի շրջվեն դեպի Ջավախք: Շատերը միգուցե առարկեն՝ թե մենք ինչ գործ ունենք այլ պետության խնդիրների հետ: Նախ՝ Հայաստանը օրենսդրական դաշտում խնդիր ունի: Սահմանային գոտիներում առաջացող արհեստական մաքսային հարցերը նույնպես նպաստում են ջավախեցու տնտեսական վիճակի վատթարացմանը: Այս առումով ուզում եմ նշել, որ Հայաստանի վերաբերմունքը Ջավախքի նկատմամբ, մեղմ ասած, բավարար չէ: Դա կարող է լուրջ հետեւանքների բերել: Վրաստանն՝ ի դեմս վարչապետի, բացահայտ ասում է, որ իրենք պատրաստ են համագործակցության շրջանակներում Հայաստանի իշխանությունների հետ հայ-վրացական ծրագրեր իրականացնել: Այլ պարագայում Ջավախքը կհայաթափվի, այսօր այդ վտանգը կա: Իսկ դա, կարծում եմ, բոլորն են հասկանում, թե ինչ է նշանակում Հայաստանի համար: Ջավախքը եղել է եւ պետք է մնա Հայաստան-Վրաստան հարաբերությունների բուֆերը»: Պարոն Վարդապետյանին վրդովմունք է պատճառում այն, որ՝ «երբ ասում ենք, թե Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի, շատերին թվում է, որ այստեղի բյուջեն պետք է վերցնենք՝ տանենք էնտեղ: Ոչ: Պետական մոտեցումն այլ է: Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում պետության հովանավորությամբ հոգեւոր, մշակութային, կրթական ծրագրեր են իրականացվում. հնարավոր չէ՞ նաեւ այնտեղ դրանք անել: Ցանկացած իրեն հարգող հայ երբ տեսնի, թե ինչ սոցիալ-տնտեսական պայմաններում են այնտեղ ապրում, վատ կզգա, դա նաեւ արժանապատվության խնդիր է: Մենք անհանգստացած ենք, որ այդ միտինգները կշարունակվեն, եւ Աստված մի արասցե, որ դրանք խաթարեն հայ-վրացական հարաբերությունները: Շատ կարեւոր է, որ հիմա բոլորը դա գիտակցեն եւ գործեն այնպես, որ դրանից դրսի ուժերը չօգտվեն»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել