ԿԳՆ-Ն ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԻՐ ՍԽԱԼԸ Իսկ դատարանը՝ ոչ «Դիմորդ 2005-ում» եւ այս տարվա ընդունելության քննությունների կանոններում կատարված փոփոխությունների շարքում կարելի է առանձնացնել նախ այն մասը, որ վերաբերում է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին: Բժշկականի առաջին կուրսի ուսանողների՝ 1-ին ատյանի եւ վերաքննիչի դատական նիստերին արդեն անդրադարձել ենք: Բողոքն այն մասին էր, որ անցյալ տարվա ընդունելության կանոններում հստակեցված չէր, թե որ առարկան է մրցույթում առաջնային համարվելու (ֆիզիկա՞ն, թե՞ քիմիան) եւ արդյունքում՝ ընդունող հանձնաժողովը քմահաճորեն առաջնային էր համարել ֆիզիկան: «Մենք, դրա հետ կապված, կանոններում համապատասխան փոփոխություններ ենք կատարել»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը: Փոփոխությունների համաձայն, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել 3՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն մրցութաjին քննություններից 2-ը: «Եվ որպեսզի խուսափենք անցյալ տարվա թյուրիմացություններից, շտկում է մտցվել. մրցույթը պետք է անցկացվի դիմորդի կողմից նշված քննությունների հերթականությամբ, այսինքն՝ եթե դիմորդը առաջինը նշել է ֆիզիկա, հետեւաբար, հավասար միավորների դեպքում նրա համար մրցութային կհամարվի ֆիզիկան, նույն ձեւով եւ՝ մյուս 2 առարկաները: Սա, փաստորեն, այն է, ինչ դիմորդները պահանջում էին»,- ասում է պրն Գասպարյանը: Զարմանալին այն է, որ թեեւ պատասխանատու անձինք բացթողումը ընդունում են, սակայն դատական 2 ատյաններում էլ ուսանողներին մերժեցին, եւ հիմա գործը վճռաբեկում է: Արդեն կառավարություն է ներկայացվել 2005-06 ուսումնական տարվա անվճար եւ վճարովի տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը, որն, ըստ պրն Գասպարյանի, առաջիկա նիստերից մեկում հավանաբար կհաստատվի: Դրանից հետո կկազմվի «Դիմորդ 2005»-ը, որը ամբողջական տվյալներ կպարունակի մասնագիտությունների եւ քննությունների ցանկի, յուրաքանչյուր քննության առարկայական ծրագրի, տարբերակների նմուշների, գնահատման չափանիշների մասին: Արդեն իսկ ուսումնամեթոդական խորհուրդներն ավարտել են իրենց աշխատանքները՝ առարկայական ծրագրերի եւ քննություններին ներկայացվող պահանջների, գնահատման չափանիշների եւ տարբերակների նմուշների վերաբերյալ: Դրանք գտնվում են քննարկման վերջին փուլում եւ կներկայացվի արդարադատության նախարարություն՝ գրանցման, որից հետո իրավական ակտի ուժ կստանա: Թեպետ ոլորտի պատասխանատուները միշտ կրկնում են, որ դիմորդները կրկնուսույցների մոտ պարզապես վարժեցվում են եւ անգիր են անում նախապես կանխորոշված ծրագիրը, այնուամենայնիվ, այս տարի էլ «մոտեցումն այնպիսին է, որ առարկայական ծրագրում փոփոխություններ չլինեն, քանզի դրանք արդեն փորձաշրջան են անցել: Միաժամանակ, ընդգրկում են դպրոցական հիմնական ծրագիրը, դրանից դուրս ոչինչ ընդգրկված չէ»: Հաշվի առնելով հանրապետությունում որոշ մասնագետների պահանջարկը՝ ըստ գերատեսչությունների ներկայացրած հայտերի, այս տարի ավելացվել են մի քանի մասնագիտություններ Երեւանի Ճարտարագիտական համալսարանում՝ պոլիգրաֆիական արտադրության տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, հաշվողական տեխնիկա եւ տեխնոլոգիա, Վանաձորի մասնաճյուղում՝ հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրերի ապահովում, օգտակար հանածոների ստորգետնյա մշակում եւ գունավոր մետաղների մետաղագործություն: Փոփոխություն չկա վճարովի եւ անվճար համակարգով հատկացված տեղերի ցանկում: Հաշվի առնելով գերատեսչությունների ներկայացրած պահանջները, ինչպես նաեւ սոցիալական եւ բուհի բնականոն գործունեություն ապահովելու, ակադեմիական խմբերի ձեւավորման պահանջը՝ ԿԳՆ-ն կառավարությանն է ներկայացրել 4107 պետպատվերով եւ 5646 վճարովի տեղեր: Մրցույթն այս տարի եւս կանցկացվի առաջին հայտի գերակայությամբ. այդ հայտով չանցած դիմորդը ըստ հերթականության մասնակցում է հայտում նշված հաջորդ մասնագիտության վճարովի կամ անվճար տեղերի մրցույթին: Մեդալակիրներին տրվող արտոնությունները նախկինի պես չեն լինի, պարզապես հավասար միավորների դեպքում բոլոր տարիների մեդալակիրներին կտրվի առավելություն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ