Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ապրիլ 07,2005 00:00

ՎԵՐԱԴԱՐՁԸ «ՓՈՒԼԱՅԻՆԻՆ» ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի դիտարկմամբ, դա հասկացել են նաեւ ՀՀ գործող իշխանությունները։ Երեւանի մամուլի ակումբը «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ երեկ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող քննարկում էր կազմակերպել, որին մասնակցում էր վերջին մեկ շաբաթը Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Իհարկե, քննարկում, որպես այդպիսին, չստացվեց, բայց փոխարենը Կազիմիրովը եւս մեկ առիթ ունեցավ իր տեսակետները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկայացնելու: ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահն անդրադառնալով հակամարտության լուծման հնարավոր տարբերակներին՝ պնդեց այն կարծիքը, թե «Փաթեթային» տարբերակով կարգավորման փաստաթղթի տակ հակամարտող կողմերից եւ ոչ մեկը չի ստորագրի՝ ոչ Հայաստանը, ոչ ԼՂ-ն եւ ոչ էլ Ադրբեջանը: Նկատի ունենալով, որ այդ տարբերակի առանձնահատկությունն այն է, որ ի շարս այլ խնդրահարույց հարցերի՝ պետք է միաժամանակ հստակեցվի նաեւ ԼՂ կարգավիճակը, Վլ. Կազիմիրովը համարեց քաղաքական խարակիրի այն ղեկավարի համար, ով դրան կհամաձայնի, որովհետեւ կարգավիճակի հստակեցման երեք տարբերակ կարող է լինել՝ ԼՂ-ն անկախ պետություն, ԼՂ-ն Հայաստանի կազմում եւ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում: «Ոչ ՀՀ-ն, ոչ ԼՂ-ն չեն ստորագրի մի փաստաթղթի տակ, որտեղ ԼՂ-ն կլինի Ադրբեջանի կազմում: Իլհամ Ալիեւի համար էլ դժվար կլինի ստորագրել ԼՂ-ի անկախությունը ճանաչելու կամ ՀՀ-ին միանալու փաստաթղթի տակ: Դա քաղաքական խարակիրի կլինի: Բանն էլ հենց այն է, որ պետք է այնպիսի տարբերակներ գտնել, որի տակ նաեւ հակառակորդ կողմը կստորագրի»: Որպես այդպիսի տարբերակ՝ նա մատնանշեց «Փուլային» տարբերակը, որը այսօր գործող իշխանությունները միանշանակորեն մերժել էին: Նա պնդեց դեռեւս 1994-ին իր հայտնած այն տեսակետը, թե «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» ֆորմուլան, ասել է թե՝ «Փաթեթային» լուծումն անպետք է «Այդ ֆորմուլան տեսականորեն հոյակապ եւ իդեալական է, բայց ռեալ չէ, որովհետեւ այսօր չեք գտնի դրա տակ ստորագրողի: Ավելին, Իլհամ Ալիեւին դա ավելի դժվար է անել, քան նրա հորը: Ուստի, քանի դեռ հնարավոր չէ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, կարեւոր եւ ավելի ռեալ է տարածքների դիմաց անվտանգության երաշխիքներ ստանալու տարբերակը»,- վստահեցրեց Վլ. Կազիմիրովը: Ըստ նրա, «Փաթեթային» տարբերակի վրա պնդելու անհեռանկարայնությունը գիտակցելով՝ հիմա ՀՀ-ում, նույնիսկ վերջերս ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ, քննարկվում են «Փուլային» տարբերակին վերադառնալու կամ դրա առանձին տարրեր կիրառելու միտումներ: «Եթե մինչ այդ հայերը պնդում էին «Փաթեթային» տարբերակի վրա, ապա հիմա տեսնելով, որ այդ իմաստով առաջընթաց չի գրանցվում, քննարկում են նաեւ փուլային տարբերակի հարցը: Վաղը կամ մյուս օրը օղակը կսեղմվի, եւ մենք կվերադառնանք նրան, ինչից սկսել ենք, իսկ մենք սկսել ենք «փուլայինից»՝ ԼՂ կարգավիճակը թողնելով առանձին քննարկման առարկա, առաջնային համարելով տարածքների ազատումն անվտանգության եւ պատերազմ չվերսկսելու երաշխավորության դիմաց: Կարծում եմ, հիմա դա պետք է լինի կարգավորման թիվ մեկ կարգախոսը»,- հայտարարեց Կազիմիրովը: Հիշեցնենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ մոտավորապես նույն ձեւակերպումը հնչեցրեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանն էլ հայտարարեց, որ «Փուլայինն» ամենեւին էլ դավաճանություն չէ եւ դրան, իբր, կարելի է անդրադառնալ ցանկացած պահի: Իսկ Վ. Կազիմիրովի դիտարկմամբ, հիմնախնդրի կարգավորումը պետք է ընթանա չորս ճանապարհով. «Նախ՝ Հայաստանում, ԼՂ-ում եւ Ադրբեջանում պետք է լինի մի առաջնորդ, որը կստանձնի, ոմանց կարծիքով՝ իբր մեղք, իսկ իրականում՝ մեծագույն ներդրում՝ բարձրացնել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ պատմական հաշտության անհրաժեշտության հարցը: Դուք պարտավոր եք ապրել կողք կողքի, տարբերությունը միայն այն է, որ ժամանակ է վատնվում անիմաստ բաների վրա»: Կարգավորման երկրորդ ճանապարհը, ըստ նրա, ԼՂ կարգավիճակի հարցն է, որն, իհարկե, միանգամից չի կարող լուծվել. «Երրորդը տարածքների ազատման եւ փախստականների վերադարձի խնդիրն է: Չորրորդն ընդգրկում է մնացած բոլոր ասպեկտները, որոնք ուղղված են հարաբերությունների նորմալացմանը՝ տնտեսական, էներգետիկ, հաղորդակցական եւ այլ ոլորտներում համագործակցություն: Մինչդեռ հիմա կողմերից յուրաքանչյուրն ուզում է մյուսին պարտադրել իր պայմանները. ադրբեջանցիներն ասում են՝ վերադարձրեք մեր տարածքները, հետո կերեւա, թե ԼՂ կարգավիճակն ինչպիսին կլինի, հայկական կողմն ասում է՝ հստակեցրեք կարգավիճակը, հետո՝ մնացածը: Այսինքն՝ կողմերը փոխադարձ բացառման ճանապարհով են աշխատում: Իսկ այս 4 ուղղություններով աշխատելու պարագայում այս պահանջները կտարրալուծվեն, եւ բացառման խնդիր չի լինի: Այս պարագայում ամեն ինչ հնարավոր է քննարկել, այդ տարրերից յուրաքանչյուրը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել