ՑԱՅՏՆՈՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ Գրվում է նո՞ր Սահմանադրություն Եվրոինտեգրման հանձնաժողովում երեկ կրքերը բավականին շիկացած էին: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նախ հայտարարեց, որ հանձնաժողովը կլսի երեք նախագծերի հեղինակների եզրափակիչ խոսքը եւ հետո ինքը կներկայացնի հանձնաժողովի եզրակացության նախագիծը, որն էլ քննարկումից հետո կներկայացվի ԱԺ-ին: Սակայն եզրակացությունը գրավոր տարբերակով ներկայացված չէր, ինչը առաջացրեց հանձնաժողովի անդամներից շատերի, այդ թվում նաեւ անկախ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դժգոհությունը, եւ վերջինս էլ առաջարկեց եզրակացությունը գրավոր ներկայացնելուց հետո միայն այն քննարկել: Սակայն այդպես էլ մինչեւ նիստի ավարտը եզրակացությունը գրավոր տարբերակով չներկայացվեց: Ընդհակառակը, հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ բանավոր ներկայացրեց այն, հետո՝ մաս առ մաս, այնուհետեւ կրկին ամբողջությամբ: Այս ամենը վերածվեց մի զվարճալի իրավիճակի, եւ բանը հասավ այնտեղ, որ բոլոր նիստերին մինչ այժմ պարտաճանաչ մասնակցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նեղացան, երբ պարզվեց, որ իրենք այս նիստում հարցեր տալու եւ ելույթներ ունենալու իրավունք չունեն: «Համատիրությունների միության» նախագահ Հակոբ Ղարաբեկյանը տեղից բողոքեց, թե իրենց ուրեմն ինչո՞ւ են հրավիրել, երբ զրկելու են կարծիք հայտնելու իրավունքից, ասաց, որ ինքը ոչ թե բողոքի իմաստով, այլ՝ պարզապես կատարվածի մասին տեղյակ կպահի Վենետիկի հանձնաժողովին եւ հեռացավ դահլիճից: Իրականում հանձնաժողովը երեկ պետք է անդրադառնար բոլոր այն հարցերին, որոնց մինչ այդ չէր անդրադարձել, սակայն դա տեղի չունեցավ: Նույնիսկ Տիգրան Թորոսյանը չթաքցրեց, որ հանձնաժողովը «մի փոքր յուրահատուկ իրավիճակում է: Սահմանադրության վերջին երկու գլուխների հետ կապված՝ Սահմանադրության ընդունումը, փոփոխումը, հանրաքվեն եւ անցումային դրույթները, երեք նախագծերից մեկում կա մեկ առաջարկություն, դա կոալիցիայի եւ «Ժողպատգամավորի» նախագծում է, որը Սահմանադրության որոշ հոդվածներ ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺ քվեարկությամբ ընդունելու մասին է: Մյուս նախագծերում նման առաջարկություններ չկան եւ անցումային դրույթների հետ կապված, ընդհանրապես որեւէ նախագծում առաջարկություն չկա»: Ամենից հետաքրքիրը, սակայն, սա չէր, այլ այն, որ կոալիցիայի եւ «Ժողպատգամավոր» խմբի նախագծի հեղինակների անունից նույնպես խոսեց Տիգրան Թորոսյանը եւ ասաց, որ կոալիցիան այս պահին ասելիք չունի. «Ըստ էության, անցումային դրույթների նկատմամբ իրենց վերաբերմունքը ներկայացված է այս նախագծում, որտեղ ասված է, որ անցումային դրույթները կքննարկվեն բարեփոխումների փաթեթը քննարկելուց հետո: Լրացուցիչ բացատրությունների կարիք կոալիցիայի նախագծի հեղինակները չեն գտնում»: Փաստորեն, միակ աշխատասերը եւ ասելիք ունեցողը սահմանադրական փոփոխությունների գործընթացներում շարունակեց մնալ ՄԱԿ խմբակցությունը, որը ամենից ակտիվ է եղել քննարկումների ամբողջ ընթացքում: Արշակ Սադոյանը ներկա չէր՝ եղբոր մահվան պատճառով: ՄԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանը իր եզրափակիչ խոսքում նկատեց, որ թերի էր այս ամբողջ ընթացքում բանավիճելու հնարավորությունը. «Քանի որ մեր գործընկերների կողմից քննարկումը դուրս էր գալիս զուտ շարադրանքի սահմաններից եւ բավականին դժվար էր ընկալել, թե որ դրույթը ինչպիսի փոփոխություն կունենա»: Պարոն Ղոնջեյանը հույս հատնեց, որ ԱԺ նիստում քննարկումների ընթացքում հավասար պայմաններ կստեղծվեն բոլոր նախագծերի քննարկման համար: Ասվեց նաեւ. «Համեմատելով շարադրված եւ շրջանառության մեջ գտնվող տարբերակները, մենք այս պահին նախագծերը համատեղելու որեւէ ռեալ հնարավորություն չենք տեսնում»: Մինչդեռ հանձնաժողովի նախագահը շարունակ հույս էր հայտնում, որ հնարավոր կլինի ունենալ վերջնական միասնական տարբերակ: Իրականում բավականին լարված իրավիճակ էր, եւ պատգամավորները նիստից հետո, բավականին դժգոհ կատարվածից, նկատում էին, որ, փաստորեն, մինչ այժմ արված աշխատանքը «մի գրոշ էլ չարժե», քանի որ նույն կոալիցիան այժմ ստիպված նոր նախագիծ է գրում, որը պետք է համահունչ լինի Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին եւ որոնք բոլորն էլ կոալիցիան ստիպված ընդունել է նախորդ օրը ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Ըստ էության, կոալիցիան հայտնվել է փակուղում: Եվրոպական կառույցների ճնշումն այս դեպքում, ըստ երեւույթին, բավականին ուժեղ է, քանի որ վերջին պահին նախագիծ փոխելը ամենեւին էլ հեշտ գործ չէ: Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ ժամկետները սաստիկ ճնշում են՝ փաստորեն, ուրբաթ օրը հանձնաժողովը արդեն պետք է իր եզրակացությունը ներկայացնի ԱԺ օրակարգ՝ ձեւավորելու համար, եւ եթե առաջիկա քառօրյայում չընդգրկվեն սահմանադրական բարեփոխումների նախագծերը, կստացվի, որ մինչեւ հունիսի վերջը Հայաստանին տրված պարտավորությունների այս մասը դարձյալ չի կատարվում: Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովը որոշեց եզրակացությունը քննարկել առաջիկա ուրբաթ՝ Տիգրան Թորոսյանի աշխատասենյակում, լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների չար աչքից հեռու: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ