Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԱՐԱՏԻՆ» ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍՆ Է ՏՐՎԱԾ

Ապրիլ 07,2005 00:00

ՀՖՖ
նախագահ Ռուբեն Հայրապետյանը գրեթե բոլոր ասուլիսներում ամենասուր քննադատության
է ենթարկում «Արարատ» ֆուտբոլային ակումբի արտասահմանցի հովանավոր տերերի՝ հայկական
ֆուտբոլում վարած քաղաքականությունը: Դատելով արված հայտարարություններից՝ նրանք
ծանր հոգս են դարձել մեր ֆուտբոլային կյանքում: Ազգային հավաքականի գլխավոր
մարզիչ Բեռնար Կազոնիի ազատման առիթով հրավիրած ասուլիսի վերջում էլ Ռ. Հայրապետյանը
անդրադարձավ այդ ցավոտ հարցին ու խոսեց Ձորաղբյուրի մարզաբազայում նրանց արած ավերածությունների
մասին: Եվ քանի որ մարզաբազան «Արարատի» տերերին օգտագործման է հանձնել պետությունը,
դրա նախապատմության եւ ստեղծված իրավիճակի մասին պատմել խնդրեցինք Սպորտպետկոմի նախագահ
Իշխան Զաքարյանին: «2002-ին «Արարատ» ֆուտբոլային ակումբը, ի դեմս այն ժամանակվա
տնօրեն Ժ. Մուրադյանի, դիմեց պետական կառույցին, որպեսզի Ձորաղբյուրի բազան պայմանագրով
հանձնենք իրենց՝ վերանորոգման նպատակով: Եվ ակումբի սեփականատերեր «Ֆրանկ Մյուլլեր»
եւ «Սիրկապ» ընկերություններն սկսեցին բանակցությունները, որոնք ավարտվեցին նույն
թվականի հոկտեմբերի 24-ին կնքված պայմանագրով: Ըստ դրա, մենք պարտավորվեցինք 50 տարի
ժամկետով բազան վարձակալությամբ տալ իրենց՝ պայմանով, որ մարզադահլիճները նորոգելու
համար երեք տարվա ընթացքում ներդնեն $1,5 մլն համարժեք դրամ. 2002-ին՝ 200, 2003-ին՝
700, 2004-ին՝ 600 հազար դոլարին համարժեք դրամ: Պայմանագրի կարեւորագույն կետ է,
որ մարզաբազան պրոֆիլը չի փոխելու եւ պետք է ծառայի ոչ միայն ֆուտբոլին, այլեւ մյուս
մարզաձեւերին: Պայմանագիրը կնքելուց հետո բավականին երկար ժամանակ ակումբի տերերն
իրենց ստանձնած պարտականությունները չէին կատարում՝ մանր-մունր գործեր էին արել:
Այդ ժամանակ մենք մի քանի անգամ նրանց նախազգուշացրել ենք, որ այդպես շարունակվելու
դեպքում կդիմենք օրենքով սահմանված պատժամիջոցների: Երկու անգամ ինքս եմ այցելել
մարզաբազա եւ հայտնել իմ դժգոհությունը: Այդ մասին զեկուցել եմ նաեւ վարչապետին:
Պայմանավորվեցինք, որ այդպես շարունակվելու դեպքում պայմանագիրը չեղյալ ենք համարելու:
Սակայն «Սիրկապ Արմենիա» ՓԲԸ-ն պատճառաբանեց, թե բազայի վարչական շենքը եւ հյուրանոցային
երկու համալիրները քանդել ու նորը կառուցել չեն կարող, քանի որ դրանք պետության սեփականությունն
են: Այդպիսի խնդիր, իրոք, կար: Դրան էլ ընդառաջ գնացինք: Որոշվեց այդ շենքերը վաճառել
ընկերությանը: Այդ պայմանագիրը արդեն պետական գույքի կառավարման վարչության հետ նրանք
կնքել են 2003-ի դեկտեմբերի 10-ին ու պարտավորվել քանդել եւ կառուցել նորը: Սակայն
պայմանագրի գումարային արժեքը $1,5-ից բարձրացվեց երկու միլիոնի: Դա ամրագրվել է
նաեւ կառավարության 2003թ. հուլիսի 31-ի թիվ 990 որոշման մեջ՝ ընդ որում, 2003-ին՝
$400, 2004-ին՝ 600, 2005-ին եւ 2006-ին՝ 500 հազարական: Բայց այս անգամ էլ նրանք
մի ամբողջ տարի ոչինչ չարեցին: 2004-ի մայիսին եղա բազայում ու բավականին շատ շինարարներ
տեսա: Սակայն տպավորությունն այնպիսին էր, որ դա ցուցադրական ակցիա է: Տասնհինգ օր
անց անակնկալ կրկին այցելեցի ու, ցավոք, համոզվեցի, որ զգացողությունս ճիշտ էր: Այդ
այցերից, երկու անգամ գրավոր նախազգուշացնելուց, «Սիրկապի» տնօրենին ինձ մոտ հրավիրելուց
ու վերջին անգամ նախազգուշացնելուց հետո ինքս որոշեցի պայմանագիրը բողոքարկել դատարանում:
Ու պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի հետ միասին հայց
ներկայացրինք դատարան: Ու այստեղ կատարվեց ամենամեծ անակնկալը. «Սիրկապ» ընկերությունը
մեզ ներկայացրեց Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հեբոյանի վճիռը, ըստ
որի՝ 2004 թ. փետրվարի 9-ին մարզաբազայի տարածքի 30 հա տարածքը վաճառվել է «Սիրկապ»
ընկերությանը: Դա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ վճիռը կայացվել է առանց պայմանագրով
կողմ հանդիսացող պետական կառույցի, Ձորաղբյուր գյուղական համայնքի ներկայացուցչի
մասնակցության: Մյուս կողմից, ըստ օրենքի, մենք վերաքննիչ դատարան բողոքարկելու իրավունք
ունեինք 15 օրվա ընթացքում: Սակայն այդ վճռի մասին իմացել ենք, այն էլ՝ պատահական,
միայն մայիսին, երբ պատրաստվում էինք դատական վեճի: Խորհրդակցելով իրավաբանների հետ՝
ես անմիջապես դիմեցի հանրապետության գլխավոր դատախազին: Եվ քանի որ արդեն դատախազությունը
պետք է առաջացած նոր հանգամանքների հիման վրա միջնորդական բողոք ներկայացներ վճռաբեկ
դատարան, այդ ժամանակ մեզ դիմեց «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը՝
խնդրելով դատարանում հաշտություն կնքել այն նկատառումով, որ իրենք այնուամենայնիվ
ինչ-որ ներդրումներ արել են եւ պարտավորվում են շատ արագ վերակառուցել Ձորաղբյուրի
մարզաբազան ու այլեւս նման սխալներ թույլ չտալ: Մենք քննարկեցինք խնդիրը եւ որոշեցինք
վերջին շանսը տալ նրանց մեր բողոքի մեկ՝ միայն մարզադահլիճների նորոգման մասով: Նրանց՝
նախորդ պայմանագրերի պարտավորությունները չկատարելու համար սահմանված 60 հազար դոլար
տուգանքը պետական բյուջե մուծելուց հետո հաշտության այդ պայմանագիրը կնքեցինք մոտավորապես
մեկ ամիս առաջ, ըստ որի նրանք պարտավոր են մինչեւ 2006թ. վերջը $2 միլիոնի ներդրումները
կատարել: Մեր բողոքի երկրորդ մասը՝ 30 հա պտղաբեր այգիներով հողատարածքի հետ կապված,
մնում է ուժի մեջ եւ մոտ ժամանակներս վճռաբեկ դատարանում կբողոքարկենք Կոտայքի մարզի
առաջին ատյանի դատարանի կայացրած անօրինական վճիռը: Այդ հողատարածքը միանշանակ պետք
է վերադարձվի: Իսկ ինչ վերաբերում է պայմանագիրն ամբողջությամբ կատարելուն, կրկնում
եմ. այս անգամ նրանց, իրոք, վերջին շանս է տրվել: Եթե մինչեւ 2006-ի վերջը բազան
լրիվ պատրաստ չեղավ, պայմանագիրը կխզենք: Եվ վերջում ավելացնեմ. պարոն Ռուբեն Հայրապետյանի
մտահոգությունները ամբողջությամբ կիսում եմ եւ այդ հարցում նրան լրիվ աջակցելու եմ:
Դա նաեւ պետության մտահոգությունն է: Ավելին ասեմ. նրա հետ քննարկել ենք մի տարբերակ,
որ եթե այս անշնորհքությունը շարունակվի մինչեւ վերջ, ֆեդերացիայի հետ որեւէ ծրագրի
շրջանակներում կլուծենք Ձորաղբյուրի հարցը: Մենք ֆեդերացիայի հետ հատկապես խաղադաշտերի
ու մարզաբազաների հարցում համատեղ աշխատանքի փորձ ունենք, որն ավարտվել է փայլուն
արդյունքներով»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել