Լրահոս
Օրվա լրահոսը

Ավերվեց հերթական կանաչ տարածքը

Ապրիլ 07,2005 00:00

Այգին
ի վերջո «մոյկա» կդառնա՞ «Առավոտը» 2004 թ. նոյեմբերի 11-ի «20 տարվա այգին
կդառնա մոյկա» հրապարակման մեջ անդրադարձել էր Քանաքեռ-Զեյթուն համայնքի 4-5 ընտանիքների
պայքարին՝ Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում գտնվող իրենց 20 տարվա պտղատու այգիները
փրկելու համար: Չնայած նրան, որ տարիների ընթացքում այդ ընտանիքները (առանց
իրենց իրավունքների իրավաբանական ձեւակերպման) բուսականությունից զուրկ, քարքարոտ
հողատարածքը այգի դարձնելու համար մեծ ջանքեր են թափել, քաղաքապետարանն այն աճուրդով
վաճառել է «Տիգրան» ՍՊԸ-ին՝ ավտոտեխսպասարկման կայան կառուցելու համար: Մինչդեռ հողատարածքի
սեփականաշնորհումից դեռեւս երկու տարի առաջ էին բնակիչները դիմել քաղաքապետարան՝
հողամասերն այդ պահին գործող կադաստրային գներով գնելու խնդրանքով: Քաղաքապետարանը
մերժել էր՝ պատճառաբանելով, որ բնակիչների հարցին կանդրադառնան հողատարածքի կադաստրային
քարտեզագրումից հետո: Եվ մինչ բնակիչները հողատարածքը սեփականաշնորհելու հույսով
համբերատար սպասել են քարտեզագրմանը, հողի սեփականության վկայականը ձեռքին հայտնվել
էր տարածքի նոր սեփականատեր «Տիգրան» ՍՊԸ-ն եւ այգու հին տերերին հորդորել էր «ունեցած-չունեցածները
հավաքել եւ տարածքն ազատել»՝ նետելով «տանիք» ունեցողների ավանդական արտահայտությունը՝
«ուր ուզում եք՝ դիմեք»: Վեճը լուծելու համար բնակիչները դիմել են դատարան՝ պատճառաբանելով,
որ խախտվել են օրենքով սահմանված իրենց իրավունքները, քանի որ, ըստ օրենքի, աճուրդի
ժամանակ նախապատվությունը պետք է տրվեր իրենց՝ տարածքն օգտագործողներին: Դատարանը
վճռել է հօգուտ բնակիչների եւ քաղաքապետարանին պարտավորեցրել «Տիգրան» ՍՊԸ-ի հետ
կայացած աճուրդը չեղյալ հայտարարել եւ պայմանագիր կնքել բնակիչների հետ: Սակայն առաջին
ատյանի դատարանի վճիռը քաղաքապետարանը բողոքարկել է վերաքննիչ դատարանում: Այժմ այգու
20 տարվա տերերը սպասում են վերաքննիչի որոշմանն ու զուգահեռ դիմումներ են հղում
ՀՀ նախագահին՝ պահանջելով հարցի «արդար լուծում»: Իսկ մենք ներկայացնենք ուշագրավ
մի հանգամանք: Մոտ մեկ ամիս առաջ բնակիչները Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
Արաբկիրի տարածքային բաժնից փաստաթուղթ են ձեռք բերել, որտեղ հայտնվում է, որ «Թբիլիսյան
խճուղուն հարող հողատարածքի քարտեզագրման աշխատանքները իրականացվել եւ կադաստրային
քարտեզագրումն ավարտվել է 2001թ.»: Փաստորեն, ստացվում է, որ քաղաքապետարանը խաբել
է բնակիչներին եւ վերջիններիս՝ տարածքը օրինական ճանապարհով ձեռք բերելու պատրաստակամությունը
անհիմն պատճառաբանությամբ մերժել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել