Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեղափոխագիտություն – 2

Ապրիլ 07,2005 00:00

Հեղափոխագիտություն
– 2 Շարունակելով նոր հեղափոխագիտության շուրջ երեկ արած մեր
դիտարկումները՝ նախ հիշեցնենք, որ, այսպես կոչված, իշխանամետ հեղափոխագիտությունն
ու հատկապես դրա հայաստանյան մեկնությունը զգալիորեն հեռացել են դասական չափանիշներից:
Այս հանգամանքը բավական աննպաստ լույսի տակ է ներկայացնում պոտենցիալ հեղափոխականներին:
Որքանո՞վ է դա «գիտականորեն» հիմնավորված: Բարդ հարց է, որի պատասխանը պրպտել-գտնելուց
առաջ նախ տեսնենք, թե ի՞նչ հիմնարար դրույթներ են ընկած «ընդդիմադիր» հեղափոխագիտության
հիմքում: Այսպես. Նախ արձանագրենք, որ հեղափոխագիտության այս ճյուղին միանգամայն
հոգեհարազատ են վերեւների եւ ներքեւների մասին դասական սահմանումները: Ավելին, նշյալ
ճյուղի «մասնագետների» պնդմամբ, այսօր կոնկրետ Հայաստանում հասունացել են հեղափոխության
բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Ըստ այդմ՝ ներքեւները չեն ուզում ապրել նախկին ձեւով,
քանզի հնարավոր չէ միջազգային համընդհանուր առաջընթացի եւ, մասնավորաբար, Հարավային
Կովկասի եվրաինտեգրման պայմաններում ապրել խայտառակ ցածր կենսամակարդակով՝ տեւականորեն
հանդուրժելով մինչեւ ուղն ու ծուծը կոռումպացված իշխանական համակարգի կամայականությունները:
Ապա տեսությունը մանրամասնում է. այս դեպքում վերեւները եւս միանգամայն անկարող են
որեւէ բան անել: Այսինքն՝ նրանք անկարող են պայքարել ազգային անվտանգության համար
լուրջ սպառնալիքի վերածված կոռուպցիայի դեմ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, հենց
իրենք ամբողջությամբ դրա պրոդուկտն են: Նրանք անկարող են քաղաքացիական հասարակության
եւ իրավական երկրի կայացմանն ուղղված թեկուզ երկչոտ քայլեր անել, քանի որ Հայաստանում
դատաիրավական համակարգն ընդամենը գործադիր իշխանության կցորդն է, իսկ ինչ վերաբերում
է ժողովրդավարության կարեւորագույն ինստիտուտին՝ ազատ ընտրություններին, ապա վերեւները
ոչ միայն չեն կարողանում, այլեւ չեն էլ ուզում, որ այդպիսիք գեթ մեկ անգամ տեսանելի
ապագայում տեղի ունենան: Ուստի՝ հեղափոխագիտության այս ճյուղը միանգամայն օրինաչափ
է համարում ներկայիս՝ «ինչպես ներսի, այնպես էլ դրսի կողմից մերժված ռեժիմի հեռացումը»,
այդ թվում՝ հեղափոխական ճանապարհով: Որքանո՞վ են աղերսվում հեղափոխագիտության՝
վերը ներկայացված երկու ճյուղերը: Այս առումով արձանագրենք, որ «ընդդիմադիր» տեսությունը
«վարդա-նարնջագույն» դասի հեղափոխության սահուն ընթացքի ապահովման մեջ չնսեմացնելով
Արեւմուտքի գործոնը, սահմանում է՝ դրսի աջակցությունը գուցեեւ ցանկալի, բայց ոչ երբեք՝
բավարար պայման է: Ըստ այդմ՝ հեղափոխության շարժիչ ուժը ինքը՝ հասարակությունն է,
առանց որի ցանկության ոչ մի աջակցություն էական չէ: Այս համատեքստում ընդդիմության
դերը միանշանակ է: Եթե այն կա եւ ամուր է, ապա դեպքերը կզարգանան վրաց-ուկրաինական
սցենարով: Հակառակ դեպքում, ցավոք, չի բացառվում նաեւ ղրղզական տարբերակը: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել