Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ «ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ԵԼԱԿԵՏՈՒՄ

Ապրիլ 07,2005 00:00

Գնահատում
է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Արտաշես
Գեղամյանին խնդրեցինք պատասխանել մի քանի հարցերի: Ինչպե՞ս է մեկնաբանում այն իրողությունը,
որ 8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ-ի գոյությունը 1998-ին կայացած Անվտանգության
խորհրդում լիովին հնարավոր համարող իշխանության ղարաբաղյան թեւի ներկայացուցիչները
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: Կարգավորման ուղիներ» թեմայով խորհրդարանական լսումների
ընթացքում արդեն հանդես էին գալիս «անվտանգության գոտի» կազմող տարածքները պատերազմի
չվերսկսման երաշխիքների դիմաց զիջելու օգտին: Ինչի՞ վկայությունն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին
փուլային կարգավորման տարբերակի համար քննադատողներն այդ լսումների ընթացքում խոստովանեցին,
թե դա արհեստական վեճ է: Ինչո՞ւ, եթե առաջ բոլոր տարածքներն էին անխտիր անվանվում
«ազատագրված»՝ այժմ տարբերակում է արվում, թե, օրինակ, Աղդամը հայկական չէ (մինչդեռ
նախկինում պեղել էին անգամ Աղդամի հին հայկական անվանումը՝ Տիգրանակերտ): Արդյոք
այս ամենը վկայությո՞ւնը չէ, որ տարածքների շուրջ կան ինչ-ինչ պայմանավորվածություններ,
եւ նման լսումներով իշխանությունը ցանկանում է հաշտեցնել այդ գաղափարին: Եվ վերջապես,
հաշվի առնելով այն փաստը, որ պաշտպանության նախարարն էլ հաստատեց, թե ադրբեջանցիներն
առաջացել են եւ նրանց ու մեր դիրքերի տարբերությունը որոշ տեղերում հասել է 30-35-ի՝
արդյոք չկա՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ: Հարցադրումներին
ի պատասխան պրն Գեղամյանն ասաց. «Այս լսումներին գնահատական տալուց առաջ՝ մտովի պետք
է տեղափոխվենք 1997-ի նոյեմբերի 2, երբ «Հայաստանի Հանրապետություն» եւ այլ թերթերում
զետեղվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծական հոդվածը՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն.
լրջանալու պահը»: Եվ եթե այդ տեսանկյունից դիտարկենք՝ մի քանի հետեւություններ կան,
որոնք պարտավոր ենք արձանագրել ի սկզբանե: Նախ՝ այդ հոդվածից անցած 7,5 տարիներից
հետո էլ ճիշտ նույն ելակետին ենք, ինչ 1997-ին, քանի որ, ինչպես այն ժամանակ առաջարկվող
խաղաղ կարգավորման ծրագրին չառաջարկվեց այլընտրանքային լուծում՝ հիմա էլ լսումների
ընթացքում դարձյալ չառաջարկվեց հակամարտության կարգավորման այլընտրանքային որեւէ
ծրագիր: Հիշատակվեց միայն տեխնիկական գործողությունների շարքը: Մինչդեռ այդպես էլ
չարծարծվեց հարցի լուծման գաղափարախոսությունը, որը ոչ միայն ընդունելի եւ հասկանալի
կլիներ մեր ազգաբնակչությանը, այլ նաեւ ծանրակշիռ դերակատարում կունենար միջազգային
այն կազմակերպություններում, որոնք այսօր ի զորու են լուծել այս խնդիրը: Իրականում
ունենք ընդամենն այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինչպես 16 տարի առաջ, երբ սկսվեց
Շարժումը՝ էլի պնդում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, իսկ ադրբեջանական կողմը դարձյալ
տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում է տեսնում խնդրի լուծումը:
Հաջորդող տարիները պետք է անգամ ծույլերի համար հասկանալի դարձնեին այն ճշմարտությունը,
թե այս հարցը միջազգային իրավունքի դաշտում չէ, որ լուծվելու է: Այն ունենալու է
քաղաքակա՛ն լուծում, ինչի վառ ապացույցն է, որ այս հարցով զբաղվում են քաղաքական
եւ ոչ իրավական մարմինները: Սա նշանակում է, որ մեր ամբողջ դիվանագիտական ու քարոզչական
պայքարը պետք է ուղղված լինի այդ միջազգային կազմակերպություններին համոզելու եւ
ապացուցելու ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի մոտեցումների ճշմարտացիության
մեջ: Հիմա փորձենք այս տեսանկյունից վերլուծել, թե արդյոք հասա՞նք այդ նպատակներին՝
կազմակերպելով քննարկումներ: Ի սկզբանե ասեմ, որ լսումներն ամենեւին մտադրված չէր
անցկացնել, որ հայ հանրությունն իմանա, թե ինչ մոտեցումներ է հղացել եւ հասունացրել
մեր քաղաքական ընտրանին եւ առանձնապես այդ հարցին իրազեկ մարդկանց շրջանակը: Լսումների
բուն նպատակն էր դիվանագիտական կորպուսին որոշակի բաներ հասկացնելը: Եվ Վարդան Օսկանյանն
անզգուշություն ունեցավ ասելու, որ ուղղակի չի պատկերացնում, թե ինչպես կարող ենք
ողջ ազգով բանակցել եւ ողջ ազգին տեղյակ պահել բանակցությունների մանրամասների մասին:
Իսկ Արմեն Ռուստամյանն իր հերթին դաշնակցականին հատուկ ազնվությամբ խոստովանեց, թե
լսումների հարցը մի քանի անգամ քննարկել են Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ նպատակահարմար
է համարվել, որ պաշտոնական տեսակետները ներկայացնեն Վարդան Օսկանյանն ու Սերժ Սարգսյանը:
Այսինքն՝ հերթական անգամ ապացուցվեց, որ Ազգային ժողովն իբրեւ գործիք է օգտագործվել,
իսկ հարցը, ինչպես եւ «Ազգային միաբանությունը» հայտարարել էր դեռ լսումների նախաշեմին՝
վճռվել էր Քոչարյանի կողմից: Ի՞նչ խնդիրներ փորձեցին լուծել պարոնայք Քոչարյանը
եւ Սերժ Սարգսյանը: Առաջին խնդիրը. պրն Քոչարյանը դիվանագիտական անձնակազմի եւ միջազգային
կազմակերպությունների ներկայացուցիչների առջեւ արդեն կարող է երեւալ իբրեւ Հայաստանի
քաղաքական ընտրանու ամենահավասարակշռված քաղաքական գործիչը, որին այս հարցում իր
«կառուցողական» դիրքորոշումների պատճառով քննադատում են թե՛ ընդդիմադիրները եւ թե՛
իր հենարանը հանդիսացող քաղաքական կուսակցությունները, եւ ինքը հարկադրված է դիմակայել
եռակողմ՝ նրանց ու նաեւ միջազգային ճնշումներին: Խնդիր էր դրված ցույց տալ միջազգային
հանրությանը, որ տեսեք, եթե հանկարծ իշխանափոխություն լինի՝ ինչպիսի տրամադրություններ
կարող են գերիշխող դառնալ Լեռնային Ղարաբաղի հարցում, ուստի եթե միջազգային հանրությունը
շահագրգիռ է այս խնդրի խաղաղ կարգավորմամբ՝ պետք չէ տուրք տալ ժողովրդավարացման դրոշը
պարզած ընդդիմադիր քաղաքական ուժերին: Երկրորդ խնդիրը, որ առաջադրված էր՝
հետեւյալն էր. Սերժ Սարգսյանին միջազգային հանրությանը ներկայացնել իբրեւ դարձյալ
խաղաղասեր, հավասարակշռված ու խոհեմ քաղաքական գործիչ եւ անքակտելի դարձնել Ռոբերտ
Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի գոյությունը Հայաստանի քաղաքական իշխանության բուրգի
վերեւում: Երրորդ խնդիրը, որ կրկին ու կրկին տեղիք է տալիս լուրջ մտահոգության,
այն է, որ փակուղի մտցված բանակցություններն այսօր փորձում են ներկայացնել իբրեւ
հաղթանակ: Եվ Ադրբեջանի, ավա՜ղ, իրոք դիվանագիտական հաջողությունն է, որ Լեռնային
Ղարաբաղի հարցի կարգավորմանը կարողացել է մասնակից դարձնել այնպիսի միջազգային կազմակերպությունների,
ինչպիսիք են Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (իր աթկինսոնյան ոչ հայանպաստ
զեկույցի հետեւանքով ընդունված բանաձեւով), նաեւ Իսլամական կոնֆերանսը (որ միաձայն
ընդունեց խիստ հակահայկական բանաձեւ եւ դրա օգտին քվեարկեցին նաեւ Հավաքական անվտանգության
պայմանագրի անդամ երկրները՝ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցները, այն է՝ Ղազախստանը,
Տաջիկստանը, Ղրղըզստանը), ու նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի օրակարգ մտավ այս հարցը:
Ինչպե՞ս է մեկնաբանում մասնավորապես Սերժ Սարգսյանն այս իրողությունը. նա ասում է՝
ուրեմն նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հաջողություններ ունենք, ուստի եւ Ադրբեջանը
փորձում է խախտել ստատուս-քվոն եւ խնդրի քննարկումը տեղափոխել այլ ատյաններ: Տրամաբանական
հարց է առաջանում՝ փակուղի մտցված հարցը կարելի՞ է արդյոք համարել հաջողություն,
եւ արդյոք միջազգային հանրությունը պատրա՞ստ է երկար հանդուրժել ստեղծված իրավիճակը:
Այն էլ՝ այն պարագայում, երբ Հարավկովկասյան տարածաշրջանում արդեն իսկ իրականացվում
են բոլորիս հանրահայտ խոշորածավալ տնտեսական ծրագրեր, որոնց մասնակցում են ոչ միայն
Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, այլ նաեւ առաջիկայում՝ Արեւմտյան Եվրոպան, քանի
որ այդ չարաբաստիկ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի
շահագործմանը սպասում են արեւմտաեվրոպական տասնյակ երկրներ: Կհանդուրժե՞ն իրենք պայթյունավտանգ
իրավիճակ, որ հիմա ավելի ընդգծված է դառնում հայ-ադրբեջանական դիրքերի մոտեցմամբ:
ԱՄՆ-Իրան բարդ միջպետական հարաբերությունների ստեղծված պայմաններում արդյոք կհանդուրժվի՞
Իրանի հյուսիսում մեկ այլ պայթյունավտանգ իրավիճակ: Իհարկե, չե՛ն հանդուրժի: Ուրեմն,
ստատուս-քվոյի երկար պահպանումը երբեք ու երբեք չի հանդուրժվի ո՛չ Եվրամիության,
ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնության կողմից: Ստատուս-քվոյի առկայությունն արդեն
ծայրաստիճան վտանգավոր հետեւանքների է հանգեցրել Հայաստանի տնտեսության համար: Որ
մերկապարանոց չհնչեն խոսքերս՝ մեջբերեմ ընդամենը մեկ թիվ: Եթե 7 տարի առաջ, դատելով
համախառն ներքին արդյունքում արդյունաբերական արտադրանքի, ինչպես նաեւ գյուղատնտեսության
եւ շինարարության տեսակարար կշռից՝ կարելի էր արձանագրել, որ Հայաստանը դեռ շարունակում
է մնալ արդյունաբերա-ագրարային երկիր, հիմա, երբ վերլուծում ենք այդ տվյալները՝ ստացվում
էր, որ մեր երկիրը դարձել է ագրարա-շինարարական հանրապետություն: Բնականաբար, առկա
լրջագույն մրցակցության պայմաններում սա հեռանկար չի խոստանում սակավահող եւ սակավաջուր
Հայաստանին: Այսինքն՝ ծառանում են այն վտանգները, որոնց մասին քանիցս հրապարակավ
ասել էր Իլհամ Ալիեւը, այն է՝ որ Հայաստանի Հանրապետությունը չի դիմանա տնտեսական
մրցակցությանը: Եվ «Նեզավիսիմայա վոյեննայա օբոզրենիյա»-ն մեկ ամիս առաջ իր համարներից
մեկում արդեն իսկ հիշատակել է, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն կրկնակի ավելի է Հայաստանի
բյուջեում պաշտպանությանը հատկացված միջոցներից: Սա՝ դեռ նավթատարը եւ գազատարը շահագործման
հանձնած չլինելու պայմաններում: Սրան գումարվում է մեզ համար եւս մի չափազանց տագնապահարույց
հարցի լուծում, որ արդեն իսկ վավերացվել է պայմանագրով: Արդեն իսկ սկսելու է Բաքու-Աստարա-Կարզվին
երկաթգծի շինարարությունը, որ կոչված է լինելու Ռուսաստանը, ինչու չէ՝ նաեւ Արեւելյան
Եվրոպան ցամաքային կապով միացնել Իրանի եւ Աֆղանստանի տարածքով Հնդկաստանի եւ Չինաստանի
հետ, եւ այդ ճանապարհով փոխադրվող բեռները 25-30 օր ավելի շուտ են հասնելու հասցեատերերին:
Եվ փոխադրումների հաշվարկների համաձայն՝ եթե սկզբնական շրջանում տարեկան կտրվածքով
15-20 մլն տոննա բեռ է փոխադրվելու, ապա հեռանկարում այդ թիվը հասնելու է 50 մլն
տոննայի: Եվ այս բոլոր ծրագրերից դուրս է Հայաստանը: Սա ապացույց է, թե ստատուս-քվոն,
որ մերոնք փորձում են ներկայացնել իբրեւ հաղթանակ՝ իրականում մահապատժի դատապարտված
մարդու վերջին օրերը, թող լինի՝ տարիներն են: Ուստի ամենեւին պատահական չէ, որ «Ազգային
միաբանություն» կուսակցությունը ի սկզբանե անդրադառնալով Ղարաբաղի հարցի լսումներին՝
իր հայտարարության մեջ նշեց. «Անցած 7 տարիներն ակներեւ դարձրին 1998-ի հեղաշրջման
բուն նպատակները՝ թալանչիական սեփականաշնորհման արդյունքում ժողովրդից կեղեքված հարստության
վերաբաշխում իշխանությունը զավթած վերնախավի դրածոների միջեւ, ազգությամբ հայ (հատկապես՝
Ռուսաստանի Դաշնությունից) ներդրողների ունեցվածքի եւ բիզնեսի անօրեն օտարում (ռեկետ),
իրենց նկատմամբ պետության կողմից իրականացվող քաղաքաքրեական հետապնդումների իրականացում,
նախկինում կատարված սահմռկեցուցիչ հանցագործությունների բացահայտման սառեցում, կենսապահովման
ոլորտների մենաշնորհային իշխանական կլանային համակարգի հիմնում»: Այսինքն՝ այն «մեղադրանքները»,
որոնք առաջադրվում էին նախկին իշխանություններին իշխանափոխություն անելու նպատակով՝
բացարձակապե՛ս սին էին, քանի որ ճի՛շտ այդ փաստարկները, որոնց մասին հիշատակվում
էր սրանից դեռ 7,5 տարի առաջ՝ հիմա ակներեւ են դարձել որպես եզակի կռվաններ Լեռնային
Ղարաբաղի հարցի լուծման համար: Եվ պատահական չէ, որ այսօր խոսում են հրադադարի
սահմանագծում տագնապահարույց զարգացումների մասին՝ փորձելով ասել, թե վտանգի պահն
է, եկեք համախմբվենք: Տրամաբանական հարց տվեցինք՝ ո՞ւմ շուրջ համախմբվենք, այն ուժերի՞,
որոնց անհեթեթ ու սնանկ արտաքին քաղաքականության հետեւանքով դարձյալ կանգնել ենք
այն իրավիճակի առջեւ, որ հնարավոր են ռազմական գործողություններ: Այն մարդկա՞նց շուրջ,
ովքեր փաստորեն (գուցե միտումնավոր արեցին դա, իսկ գուցե թե՝ գիտելիքների խիստ սակավ
լինելու պատճառով) ցույց տվեցին, թե Լեռնային Ղարաբաղը ոչ այլ ինչ էր, քան պատրվակ
հանրային թալանված սեփականության վերաբաշխման ճանապարհին: Եվ 7,5 տարի հետո նորից
հայտնվել ենք ճիշտ նույն՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ելակետում:
Տվյալ պարագայում, կարծում եմ, եկել է պարոններ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի
եւ բոլո՛ր իշխանությունների օրոք բոլո՛ր իշխանավորներին գովերգող Վարդան Օսկանյանի
լրջանալու պահը: Եվ կարծում եմ՝ Ռոբերտ Սեդրակիչը Սերժ Ազատիչի եւ Վարդան Մինասիչի
ձեռքերը բռնած ոչ թե կգնան Արագած լեռան շուրջ շուրջպար պարելու, այլ «Եթե ուրախությունն
ընդհանուր էր բոլորի համար, դժբախտությունն էլ մեկը կլինի բոլորի համար» երգելով
կհեռանան Հայաստանի քաղաքական ասպարեզից»: Պատրաստեց ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել