ԿԱԶՈՆԻՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ Նոր մարզչի անունը կիմանանք մոտ տասն օրից Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հերթական մամուլի ասուլիս էր հրավիրել: «Ավանդույթի համաձայն՝ ես ազգային հավաքականի յուրաքանչյուր պաշտոնական հանդիպումից հետո հանդիպում եմ լրագրողներին, արտահայտում տվյալ խաղի, ֆուտբոլիստների, մարզիչների աշխատանքի մասին իմ տեսակետները,- ասաց նա:- Այս անգամ արդեն մի քանի հանդիպում անցել է, սակայն մեր հանդիպումը չի ստացվել: Դրա համար էլ հրավիրել եմ ձեզ: Գլխավոր ասելիքս այն է, որ Հոլանդիայի խաղից հետո գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին ազատվել է աշխատանքից: Հիմա նոր մարզչի համար բանակցություններ են վարվում երկու մասնագետների հետ: Մինչեւ հաջորդ պաշտոնական հանդիպումը երկու-երեք ամիս ժամանակ կա: Նա կրկին արտասահմանից է լինելու, եւ մեկնաբանեմ, թե ինչու: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Հայաստանում չկա այնպիսի մասնագետ, որը կարողանա տիրապետել հավաքականին եւ ժամանակակից ֆուտբոլի հետ համաքայլ ընթանալ»: Բայց նաեւ Ռ. Հայրապետյանը նպատակահարմար չգտավ անուններ տալ: Դրա փոխարեն տեղեկացրեց, որ արդեն երեք ամիս է, որ այդ մարզիչներից մեկը ներկա է լինում մեր հավաքականի խաղերին, հետեւում ֆուտբոլիստներին: Ու հավաստիացրեց, որ հավաքականի նոր ղեկավարի անունը կհայտարարվի մոտավորապես տասն օրվա ընթացքում: Այնուհետեւ Ռ. Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Կազոնիի աշխատանքը չէր բավարարում նախ՝ իրեն, ապա նաեւ՝ ֆուտբոլիստներին: Նա բազմաթիվ սխալներ է թույլ տվել թե ֆուտբոլիստների ընտրության, թե հավաքականի հետ տարվող տակտիկական աշխատանքներում: Կազոնիի ծառայություններից հրաժարվելու մասին որոշումը կայացվել է Հոլանդիայի հավաքականի հետ խաղից հետո, սակայն այդ միտքն առաջացել է ավելի վաղ՝ Քուվեյթի հետ հանդիպման ժամանակ, բայց քանի որ շատ քիչ ժամանակ էր մնում աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումներին, չէր կարելի հավաքականն այդ ընթացքում առանց մարզչի թողնել: Նոր մարզչի հետ աշխատելու ոճում ինչ-որ բան փոխվելո՞ւ է՝ հարցին ՀՖՖ նախագահը պատասխանեց. «Այո: Նա լինելու է ոչ միայն հավաքականի, այլեւ մեր ակումբներից որեւէ մեկի (ամենայն հավանականությամբ՝ «Փյունիկի».- Ա. Հ.) գլխավոր մարզիչը: Ես այլեւս թույլ չեմ տալու, որպեսզի ֆունկցիոնալ առումով անպատրաստ ֆուտբոլիստը հրավիրվի հավաքական: Ներկայիս մարզչից պահանջվելու է, որպեսզի մեր ընտրանին արժանի մրցակից լինի ցանկացած ուժեղ թիմի համար, որը ես հնարավոր եմ համարում, ունենանք որոշակի հաջողություններ, եւ ապագայի հավաքական ստեղծի: Դրա համար ասել եմ ու կրկնում եմ՝ այնքան եմ մարզիչ փոխելու, մինչեւ գտնեմ արժանավորին: Ինչ վերաբերում է ազգայինն առավելապես լեգեոներականներով համալրելու նպատակահարմարության մասին հարցին, կարելի է դա էլ անել: Սակայն այդպես կկորցնենք մեր ֆուտբոլիստների հավատը ֆուտբոլի եւ հավաքականի հանդեպ: Մենք վատ երիտասարդներ չունենք, լեգեոներականների մեծ մասն էլ դրսում հանդես եկող մեր ֆուտբոլիստներն են: Ավելի լավ է վստահել մեր տղաներին: Այլ խնդիր է խաղային թույլ օղակներն արտասահմանցիներով ուժեղացնելը: Օրինակ, սպասում ենք իսպանացի մի ֆուտբոլիստի, որին քաղաքացիություն ենք ուզում տալ»: Արծարծված բազմաթիվ այլ հարցերի շարքում Ռուբեն Հայրապետյանը կրկին անդրադարձավ «Արարատ» ակումբի՝ այդպես էլ չլուծվող խնդրին: Նա ակումբի հովանավոր տերերի այստեղ ծավալած գործունեությունը՝ կապված մասնավորապես Ձորաղբյուրի մարզաբազայի հետ, գնահատեց այսպես. «Նրանք Հայաստանում ֆուտբոլ հովանավորող չեն: Այդ մարդիկ զբաղված են փողեր լվանալով ու գողությամբ: Փոխանակ մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնեն, պայմանագրի կետերը, ժամկետները խախտելով՝ քանդել են եղած կառույցները, կարծեմ 300 դրամով ապօրինաբար յուրացրել 30 հազար քմ հողատարածք՝ համայնքին պատճառելով $1,5 միլիոնի վնաս…»: Ասուլիսից հետո «Հայոց աշխարհ» օրաթերթի մարզական մեկնաբան Հրայր Նազարյանի հետ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանին խնդրեցինք մեկնաբանել Ձորաղբյուրի հետ կապված այդ պատմությունը, որը կտպագրենք առաջիկա համարներից մեկում: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ