Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները

Ապրիլ 06,2005 00:00

Լրագրողները կռվի դաշտում Մեծ Հայրենական պատերազմին մասնակցում էին նաեւ մեր գործընկերները ՀՀ ազգային արխիվում պահպանվում են պատերազմի մասնակից գրողների, լրագրողների, արվեստագետների անձնական արխիվային շատ ֆոնդեր, որոնք արժանի են ուսումնասիրության: Լրագրող Սիմոն Նալբանդյանի անձնական արխիվային ֆոնդում բազմաթիվ փաստաթղթեր կան փառապանծ 89-րդ հայկական հրաձգային Թամանյան դիվիզիայի անցած ուղու, դիվիզիայի առաջին հրամանատար Ս. Զաքիյանի մասին, որը զոհվեց 1942 թվականին, հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի, մարտիկների անօրինակ սխրագործությունների, դիվիզիայի մարտական օրգան «Կարմիր զինվոր» թերթի մասին: Բանաստեղծ-լրագրող Արշալույս Սարոյանը ողջ պատերազմի ընթացքում ծառայելով 89-րդ հայկական հրաձգային Թամանյան դիվիզիայում՝ որպես ռազմաճակատային թերթի պատասխանատու քարտուղար, Կովկասյան լեռներից հասել է մինչեւ Բեռլին, իր տեսածը, զգացածը հանձնել թղթին՝ հոդվածների եւ ակնարկների տեսքով: Ուշագրավ են պատերազմի տարիներին իր գրված բանաստեղծությունների ձեռագիր նմուշները, գրառումների տետրերը, բլոկնոտները եւ այլ նյութեր: Լրագրող Վարդան Վարդանյանը պատերազմի տարիներին եղել է Բրյանսկի ու Երկրորդ Մերձբալթյան ռազմաճակատներում լույս ընծայվող «Դեպի թշնամու ջախջախում» եւ «Սուվորովական» հայկական ռազմաճակատային թերթերի խմբագիր, 1944թ. նոյեմբերից 85-րդ Կարմրադրոշ գվարդիական դիվիզիայի «Հանուն հայրենիքի» թերթի խմբագիր: Լրագրող Արմո Մալխասյանը պատերազմի տարիներին նույնպես աշխատել է որպես զինվորական մամուլի թղթակից: Դա օգնել է նրան գրի առնելու մարտիկների ստեղծագործությունները եւ դրանք հետագայում հրատարակել գրքերի ձեւով. «Հերոսները անմահ են», «Գիրք արիության», «Գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան» եւ այլն: Արձակագիր-լրագրող Միքայել Հակոբյանի բավականին հարուստ անձնական արխիվում զգալի եւ ուշագրավ են այն փաստաթղթերը, որոնք պատմում են Երկրորդ աշխարհամարտում հայորդիների մասնակցության մասին: Նա դարձավ Մեծ հայրենականի դժոխքում խեղված մարդկային բազում ճակատագրերի վերականգնողը, հարյուրավոր մարդիկ նրա շնորհիվ դադարեցին կրել «ժողովրդի թշնամի» խարանը, գտնվեցին անհայտ շիրիմներ, իսկ դա ձեռք էր բերվում տքնաջան աշխատանքի, արխիվներում կատարված լարված փնտրտուքի շնորհիվ: Ծնվեց «Անհայտ կորած մարդիկ» գիրքը, որի մասին ջերմ տողեր կան ֆոնդում պահպանվող բազմաթիվ նամակներում: Մեծ հայրենականի թեմայով գրվեցին նաեւ «Աստղերը չեն ընկնում», «Բաբախող սրտեր», «Կոմիսարը», «Օր առանց մայրամուտի» գրքերը: Շատ փաստաթղթերում շոշափվում է նաեւ թշնամու թիկունքում պարտիզանական պայքարի թեման: Ուշագրավ են լրագրող, պարտիզանական պայքարի ակտիվ մասնակից Հարություն Սաղումյանի անձնական արխիվային ֆոնդի փաստաթղթերը, ուր ներկայացված են Լենինգրադյան 3-րդ պարտիզանական բրիգադի 41-րդ ջոկատի մասին պատմող բազմաթիվ նյութեր, որի ղեկավարն էր նա: Լրագրող Իսկանդար Էլլարյանը, քաղղեկի պաշտոնով, մասնակցել է պատերազմին Ուկրաինայում, սակայն ուշագրավ են Հայրենական մեծ պատերազմում իջեւանցի պարտիզանների մասին պատմող նյութերը: Լրագրող Ռաֆիկ Փաշինյանի անձնական արխիվային ֆոնդում առավել ուշադրության են արժանի պատերազմի լեգենդար հերոս Հենրիկ Զաքարյանին նվիրված նյութերը, նրա սխրագործությունների մասին պատմող «Մահից էլ հզոր» գիրքը: Արձակագիր, լրագրող Միքայել Հակոբյանի անձնական արխիվային փաստաթղթերում առանձնանում են բազմաթիվ նյութեր Չեխոսլովակիայում մարտնչած հայ լեգենդար պարտիզան, ժողովրդական վրիժառու Արտեմ Պետրոսյանի մասին: Կան նաեւ բազմաթիվ տեղեկություններ ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում հայ ռազմագերիների մղած պայքարի, գերմանական բանակում գործող, այսպես կոչված, «Հայկական լեգեոնի» եւ նրա մարտական օրգան «Հայաստան» թերթի մասին: ԳՈՒՐԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՀՀ ազգային արխիվի փաստաթղթերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել