Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ

Ապրիլ 06,2005 00:00

ԸՆԴԱՄԵՆԸ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Ըստ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի, այդքան է պետք 100-150 տեղանոց դահլիճով թատրոնի շենք կառուցելու համար: Պարզապես արիություն ու քաջություն է հարկավոր որոշում ընդունելու, որով կարձանագրվի, թե անկախության տարիներին մի թատրոնի շենք կառուցվեց: Հիմնադրման օրվանից՝ 1974թ., 1983-ին պետական կարգավիճակ ստացած մնջախաղի թատրոնը առայսօր ապրում ու ստեղծագործում է թափառականի կարգավիճակով, ինչի մասին բազմիցս գրել ենք: «Առավոտի» հետ զրույցի սկզբում թատրոնի ղեկավարը մեկառմեկ հիշեց թատրոնին ժամանակավոր տրամադրված օթեւանների ցանկը՝ Դերասանի տուն, Երիտասարդական պալատ, մշակույթի տներ. «Միայն 1995-ից 2002-ը նորմալ ստեղծագործում էինք Գեղարվեստի պետական ակադեմիայի շենքում՝ նախկին Թատերական ինստիտուտի ուսանողական բեմում: Այդ ժամանակահատվածում էր, որ կազմավորվեց, ընդլայնվեց մեր խաղացանկը՝ թվով 9 ներկայացում»: Ժ. Դադասյանի խոսքերով, ակադեմիայի հետ իրենց պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, չեն ցանկացել դուրս գալ. «Այդ ձեւով ուզում էինք պետության ուշադրությունը գրավել, բայց անօգուտ»: Այդ ժամանակ մնջախաղացներին օգնության ձեռք են մեկնել Մայր թատրոնի եւ «Գոյ» թատրոն-լաբորատորիայի ղեկավարները. «Տեսնելով նշված թատրոնների ծանրաբեռնվածության աստիճանը, այս անգամ էլ խնդրեցինք, դարձյալ կենվորի կարգավիճակով, հանգրվանել Պարարվեստի ուսումնարանում, մինչեւ այս տարվա գարուն»: Թեեւ գարնան երկրորդ ամիսն է, բայց թատրոնը չի պատրաստվում լքել ուսումնարանը: Այս առիթով գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ վերջին տարիներին իրենք բեմ են բարձրացել տիկնիկային թատրոնում, իսկ նոր ներկայացումը՝ «Շերանիկը», պահանջում է մեծ բեմ: Նոր ներկայացմանը նախարարությունը հատկացրել է 1,5 մլն դրամ: «Նշեմ, որ այն գործնական հետազոտություն է միջնադարյան հայ թատրոնի տեսակի, քանի որ մինչ այսօր ունենք բազմաթիվ ուսումնասիրություններ, աշխատություններ: Հարգելով թատերագետների աշխատանքը, այնուամենայնիվ բարձրաձայնեմ, որ թատրոնը միայն գրելով չէ, այն պետք է տեսնել: Օրինակ, օտարերկրացին գալիս է ու հարց ուղղում՝ հայերդ ունեք հազարամյակների թատրոն, ո՞րն է դա: Մենք դա ունենք միայն աշխատությունների տեսքով, միայն տեսական: Ճիշտ է, հիմա չենք հայտնագործելու միջնադարյան թատրոնը, բայց սկսելու ենք առաջինը ուսումնասիրել ու բեմ բարձրացնել»,- տեղեկացրեց Ժ. Դադասյանը: Նա հավաստիացրեց նաեւ, որ թատրոնն այսօր պատրաստվածության այնպիսի աստիճանում է, որ կարող են դուրս գալ արտերկիր. «Մենք նման հիվանդությամբ չենք տառապում: Գիտակցում ենք, որ առաջին հերթին մայրաքաղաքային թատրոն ենք, որը պետք է երեւանցիներին: Մի բան էլ՝ տարիների ընթացքում համոզվել ենք, որ հանդիսատեսը գնահատում է մեզ»: Իբրեւ ասածի վկայություն, ղեկավարը նշեց, որ տարիների ընթացքում թատրոնը վարձավճարների հարցը հոգացել է ներկայացումներից առաջացած գումարով, թեեւ թատրոնին ոչինչ չի մնացել: «Առավոտի» դիտարկմանը՝ «Փաստորեն մշակույթի նախարարությունը, ինչպես ցույց է տալիս ժամանակը, ի վիճակի չէ լուծելու ձեր շենքային խնդիրը: Այն չի կարողանում լուծել նույնիսկ երաժշտական պետական կարգավիճակ ունեցող խմբերի, այդ թվում՝ վաստակաշատ Երգի-պարի անսամբլի տեղի հարցը: Ժամանակը չէ՞, արդյոք, հույսը կտրել նախարարությունից՝ որոնելով այլ ուղիներ», Ժ. Դադասյանն ասաց. «Ձեզ հետ համակարծիք եմ: Պատրաստվում եմ հարցը լուծել դասական եղանակով»: Մեր հետաքրքրությանը, թե ո՞րն է, այսպես կոչված, դասական եղանակը, գեղարվեստական ղեկավարը մանրամասնեց. «Արդեն հարցը պետք է քննարկել բարձր ատյաններում, ասել է թե՝ այն պետք է մտնի կառավարության նիստի օրակարգ, գուցե վարչապետի միջամտությամբ հողհատկացում կատարվի ու սկիզբ դրվի շենքի շինարարությանը: Մեր թատրոնը այս ժանրի միակ ներկայացուցիչն է Հայաստանում եւ որպես անթարգմանելի արվեստի տեսակ, համոզված եմ, որ այն ունի ստրատեգիական կարեւոր նշանակություն»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել