ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ ՉԻ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՏԻՄ ընտրությունների մասին այդպիսի լավատեսական կանխատեսում արեց ՀՀ Համայնքների միության վարչության անդամ Էմին Երիցյանը: Մարտի 27-ին Իջեւանում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որոնք անցան առանց լուրջ ընտրախախտումների, եւ, թերեւս, եզակի անգամներից մեկն էր, որ պարտված թեկնածուն ասպետություն ունեցավ շնորհավորելու քաղաքապետի պաշտոնում վերընտրված իր մրցակցին: Իջեւանում պարտված թեկնածուի վստահված անձանցից մեկը մեր զրույցի ժամանակ հույս էր հայտնել, թե ՀՀ-ում արդար եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մշակույթը սկսվելու է հենց Իջեւանից: Մայիսի 8-ին Ալավերդիում, հունիսի 5-ին Սպիտակում տեղի կունենան քաղաքապետի, քիչ անց՝ Երեւանի երեք համայնքներում թաղապետերի, աշնանը ՀՀ մնացած համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Հնարավո՞ր է, որ Իջեւանի ընտրությունները նախադեպ դառնան այդ ընտրությունները առանց ընտրակեղծիքների անցկացնելու համար: «Հայաստանի համայնքների միության» վարչության անդամ, Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների Կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի դիտարկմամբ, դա կախված է քաղաքական ուժերի դիրքորոշումից եւ այդ ընտրություններում կոռեկտ մասնակցություն ունենալու հանգամանքից: Նրա կարծիքով, սակայն, ՏԻՄ առաջիկա ընտրություններում քաղաքական ուժերի մասնակցությունը այլ տրամաբանություն է ունենալու. «Հիմա շատ քաղաքական ուժեր սկսել են ոչ թե կուսակցական թեկնածուներ առաջադրել, այլ բանակցել արդեն եղած կամ ընտրվելու հնարավորություն ունեցող թեկնածուի հետ, եւ որոշակի վարչական ռեսուրսի աջակցությամբ օգնել այդ թեկնածուի ընտրությանը»: Այսինքն՝ Է. Երիցյանի ասելով, քաղաքական ուժերը ՏԻՄ ընտրությունները դիտարկում են ոչ թե որպես ինդիկատոր իրենց քաղաքական վարկանիշը ստուգելու, այլ որպես վարչական ռեսուրս հետագայում օգտագործելու տեսանկյունից: Մասնավորապես աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները նա կարեւորեց հատկապես այդ երկու միտումների պայքարի իմաստով: «ՀՀ-ում համայնքի ղեկավարն ընտրվում է 3, ԱԺ պատգամավորը՝ 4, ՀՀ նախագահը՝ 5 տարով: Այսինքն՝ ստացվում է, որ նույն գումարման ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի լիազորությունների ժամանակաշրջանում համայնքի ղեկավարի երկու ընտրություն է տեղի ունենում, ինչը իշխանություններից համայնքի ղեկավարի կախվածություն է առաջացնում, եւ պատահական չէ, որ 99-ին, 2002-ին եւ առավել եւս այս տարի ՏԻՄ ընտրությունները կարեւորվում են խորհրդարանական եւ ՀՀ նախագահական առաջիկա ընտրությունների համատեքստում»,- նկատեց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, թե համայնքի ղեկավարների լիազորության ժամկետը նպատակահարմար է երկարաձգել: Է. Երիցյանը միայն Իջեւանի ընտրության դեպքը քիչ համարեց առաջիկա ընտրությունների համար նախադեպ լինելու իմաստով: Ըստ նրա՝ «Իջեւանի ընտրությունները ինչ-որ միտումներ բացահայտեցին՝ կապված քաղաքական ուժերի մասնակցության, ըտրակաշառքի կամ հատկապես հանձնաժողովների դերակատարության հետ: Իջեւանում հստակ դարձավ, որ ընտրական հանձնաժողովները եւ վարչական ռեսուրսներ գործադրելը առաջիկայում չեն աշխատելու, որ հանձնաժողովում 1-2 մարդ ունենալով՝ հնարավոր է խախտումները կանխել»: ՏԻՄ ընտրությունները, որպես կանոն, դիտարկվում են որպես ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաների փորձարկման հարմար առիթ գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համար: Արդյոք առաջիկա ընտրությունները զերծ կլինե՞ն դրանից: Մեր զրուցակիցը համարելով, որ այդպիսի նոր տեխնոլոգիաներ հնարելու կարիքը չկա, որովհետեւ դրանք սկզբունքորեն արդեն կան, միաժամանակ հույս հայտնեց, որ մասնավորապես սեպտեմբերին կայանալիք ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունը, մանավանդ տարբեր թեկնածուների աջակցելու պարագայում, վերահսկողություն կապահովի՝ հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար: Հակառակ դեպքում, հնարավոր ընտրակեղծիքները կարող են բախումների առիթ լինել: Ի դեպ, շատ հետաքրքիր էր քաղաքական ուժերի միավորման այն կոնֆիգուրացիաները, որոնք ի հայտ եկան ամռանը Արտաշատի, իսկ վերջերս նաեւ Իջեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ: Երկու դեպքում էլ միեւնույն թեկնածուի շուրջ համախմբվել էին մի կողմում՝ իշխանամետ եւ ընդդիմադիր ուժեր՝ ի դեմս ՀՅԴ-ի եւ «Արդարություն» դաշինքի, մյուս կողմում՝ ՀՀԿ-ի եւ ՄԱԿ-ի: «Դա նշանակում է, որ այդ որոշումը քաղաքական դրդապատճառ ունի եւ զուտ ազդեցության ոլորտի բաժանման խնդիր է հետապնդում, որը կարող է դրսեւորվել նաեւ ՏԻՄ մակարդակի այլ ընտրություններում եւս»,- նկատեց Է. Երիցյանը: Նա նաեւ անդրադարձավ ընդդիմության «չմասնակցությանը» ՏԻՄ ընտրություններին եւ կարծիք հայտնեց, թե ընդդիմության արմատապես սխալ մոտեցմանը զուգահեռ՝ նաեւ օբյեկտիվ պատճառներ կան, որոնք հիմք են դարձել ՏԻՄ ընտրությունները երկրորդական համարելու համար. «Նրանք տեղերում ուժեղ կառույցներ չունեն: Երկրորդ՝ կուսակցությունը, որը մասնակցում է ԱԺ կամ նախագահի ընտրություններին, չի կարող նույն կարգախոսներով, գլոբալ քաղաքական ծրագրերով մասնակցել ՏԻՄ ընտրություններին, որովհետեւ այդ մակարդակում մարդկանց ավելի հետաքրքրում է իրենց անմիջականորեն վերաբերող կենցաղային հիմնախնդիրների լուծումը, քան, ասենք, իշխանափոխության կարգախոսը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ