ԵՐԵՎԱՆ-ՌՈՍՏՈՎ-ԵՐԵՎԱՆ. «ՉԼՈՑԻ» «Առավոտի» խմբագրություն էր եկել քանաքեռցի Հրաչիկ Գրիգորյանը՝ պատմելու իր կնոջ հետ կատարվածը: Փետրվարի 5-ին Եվգենյա Գրիգորյանը տեղեկություն է ստանում Դոնի Ռոստով քաղաքում բնակվող 74-ամյա իր քրոջ հիվանդության մասին եւ որոշում այցելել նրան: Տիկնոջ անձնագրի ժամկետը լրացել էր 2004-ի նոյեմբերին եւ, բնականաբար, նրան անհրաժեշտ էր փոխել այն: Սակայն Քանաքեռ-Զեյթուն համայնքի անձնագրային բաժնում նրան բացատրում են, որ միառժամանակ պետք է «յոլա գնա» հնով, որի մեջ դրոշմում են 5 տարով՝ մինչեւ 2009 թ. վավերականության ժամկետը երկարացնելու մասին կնիք: Նույնկերպ երկարացնում են նաեւ նրա ամուսնու՝ Հրաչիկ Գրիգորյանի անձնագրի գործածության ժամկետը: Փետրվարի 12-ին «Արմավիայի» ուղետոմսով տիկին Եվգենյան վայրէջք է կատարում Դոնի Ռոստովի օդանավակայանում: Սակայն օդանավակայանի սահմանային հսկողության աշխատակիցները նրան թույլ չեն տալիս մուտք գործել երկիր, պատճառաբանելով, որ անձնագրի վավերականության ժամկետն ավարտված է: Շուրջ երեք ժամ տեւած քաշքշուկին մասնակից են դառնում «Արմավիայի» եւ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսության ներկայացուցիչները, սակայն անօգուտ: Ինչպես մեզ պատմեց Հրաչիկ Գրիգորյանը, բանակցություններից հետո ներկայացուցիչներն ասել են, թե սահմանապահների հետ հարց լուծել չեն կարող եւ խորհուրդ են տվել վերադառնալ ու փոխել անձնագիրը: «Արմավիայի» ներկայացուցիչը նույնիսկ վստահեցրել է, թե «հենց իջնեք «Զվարթնոց»՝ ձեր ճանապարհածախսը կտան»: Քաշքշուկից տիկնոջ ճնշումը բարձրացել է, նրան ցույց են տվել բժշկական օգնություն, բայց դիմավորելու եկած հարազատներին թույլ չեն տվել տեսնել նրան: Ի վերջո, համապատասխան ակտով տիկնոջը նույն օրվա «Աերոֆլոտ-Դոնի» չվերթով արտաքսել են Երեւան: «Մենք, իհարկե, փորձեցինք «Արմավիայից» ստանալ տոմսի համար վճարած 69350 դրամը, բայց չտվին: Ասացին՝ տոմս եք ուզել, վաճառել ենք: Թե հետո ինչ է եղել՝ պատասխանատու չենք»,- Երեւանում պատասխանել են տիկնոջը: Պարզաբանումների համար արտաքին գործերի նախարարություն դիմած քաղաքացիներին հյուպատոսական վարչության պետ Տ. Սեյրանյանը հավաստիացրել է, որ անձնագրի ժամկետը երկարացնելու կնիքը իրավունք է տալիս ազատ ելումուտ անել այլ երկրներ, ինչի կապակցությամբ փետրվարի 4-ին ԱԳՆ-ն գրավոր տեղեկացրել է Հայաստանում ՌԴ դեսպանատանը եւ ուղարկել կնիքի նմուշը: Այս մասին գրավոր նամակով քաղաքացիներին «զինելուց» բացի, պարոն Սեյրանյանը նաեւ վճարել է նրանց $135՝ համարյա տոմսի արժեքը եւ հորդորել. «Արդեն հանգիստ կարող եք մեկնել»: «Մենք այս անգամ որոշեցինք տոմսը գնել «Աերոֆլոտ-Դոնից»՝ մի քիչ էլ թանկ, մտածելով, որ իրենց երկրի կանոններն իրենք կիմանան, ու եթե չի կարելի՝ տոմս էլ չեն ծախի: Բայց դա էլ չփրկեց: Մարտի 6-ին տիկինս կրկին վայրէջք կատարեց Դոնի Ռոստովի օդանավակայանում եւ կրկին արտաքսեցին, այս անգամ՝ երեք օր անց, որովհետեւ հետադարձ չվերթը այդ օրերին չկար»,- ոդիսականը շարունակեց Հ. Գրիգորյանը: 70-ամյա տիկին Եվգենյան ստիպված է եղել եռօրյա հարկադիր «արձակուրդը» անցկացնել օդանավակայանի չեզոք գոտու հյուրանոցում, մասամբ՝ նաեւ իր հաշվին: Մարտի 9-ին սահմանային հսկողության ծառայության պետ Վ. Բոնդարեւը արտաքսման հերթական ակտը ձեւակերպելով եւ հերթական «թուքումուրը» տալով Հայաստանի իշխանություններին, որ «մի անձնագրի հարց չեն կարողանում լուծել», տիկնոջը «դեպորտ» է անում: Այդ օրից մինչ այժմ ամուսինները փորձում են ետ ստանալ իրենց ծախսած գումարը՝ շուրջ $400: Այս անգամ ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ վերոնշյալ անձնագրային բաժինը եւ ո՛չ էլ տոմս վաճառած ավիաընկերությունները պատասխանատվություն հանձն չեն առնում: Ավելին, «Աերոֆլոտ-Դոնի» ներկայացուցիչը նույնիսկ փորձել է պահանջել երկու «դեպորտների» արժեքի կեսը: «Մեզ խորհուրդ տվեցին դիմել դատարան, բայց չգիտենք ո՞ւմ դեմ բողոքենք, բացի այդ, դատական ծախսերը մեր սպասած գումարից ավելի են եւ իմաստ չունի: Մի քանի օր առաջ վերջապես կնոջս հաջողվեց նոր անձնագիր ստանալ: Նրա քույրը մահամերձ է եւ կինս ուզում է գնալ-տեսնել: Բայց էլ փող չունենք, ումի՞ց ստանանք ապարդյուն վատնած մեր գումարը»,- հարցի պատասխանն ուզում են խմբագրությունից իմանալ անելանելի վիճակում հայտնված միայնակ թոշակառուները: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ