«ԹՈՐՈՍՅԱՆՆ ԻՐԵՆ ԱՄԵՆԱԳԵՏԻ ՏԵՂ Է ԴՐԵԼ» ԱԺ փոխնախագահին հակադարձում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը Թեպետ ԱԺ փոխնախագահ, Եվրոինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանին այնքան էլ դուր չի գալիս, սակայն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը շարունակում է պնդել, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը վտանգված է: Նման հայտարարություն անելու համար պարոն Պետրոսյանը լուրջ հիմքեր ունի: Հակադարձելով շաբաթ օրը մեր թերթում Տիգրան Թորոսյանի տված հարցազրույցի հիմնական շեշտադրմանը՝ «Ռաֆիկ Պետրոսյանը հերթական անգամ խառնում է հարցերը», Ռաֆիկ Պետրոսյանը ասաց, որ իրականում հարցերը այլ մարդ է խառնում: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը երեկ մեզ տրված հարցազրույցում խոսեց միայն փաստերով: «Ուրբաթ երեկոյան ինձ զանգահարեց Տիգրան Թորոսյանը եւ առաջարկեց այլեւս չշարունակել մեր հեռակա բանավեճը: Ես համաձայնեցի: Բայց իր առաջարկը հաջորդ օրն իսկ պարոն Թորոսյանը խախտեց եւ իմ հասցեին ինչ-ինչ բաներ է ասել ձեր թերթում: Անդրադառնամ դրանցից մի քանիսին: Նա ասում է, որ ինքը սահմանադրական փոփոխությունների կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ չէ եւ պատասխանատու չէ կոալիցիայի կողմից կատարված փոփոխությունների համար, որոնք ես ներկայացնում եմ Եվրոինտեգրման հանձնաժողովում քննարկումների ժամանակ: Սակայն իրականությունն այն է, որ պարոն Թորոսյանը առաջին օրից մինչեւ վերջին օրը մասնակցել է կոալիցիայի աշխատանքային խմբի բոլոր նիստերին, այդ թվում նաեւ այս տեքստը շրջանառության մեջ դնելուց հետո տեղի ունեցած երկու-երեք նիստերին: Որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ ստորագրել է Գալուստ Սահակյանը, բայց բոլոր փոփոխությունները կատարվել են պրն Թորոսյանի անմիջական ակտիվ մասնակցությամբ: Մասնավորապես նրա մասնակցությամբ եւ համաձայնությամբ փոփոխություններ են կատարվել 7-րդ հոդվածում, 55-րդ հոդվածի 7-րդ կետում, որտեղ խոսքը գնում է միջազգային պայմանագրերի կասեցման մասին: Այդպիսի բան հնարավոր չէ, մենք նրան բացատրել ենք, եւ նա ընդունել է, որ ՀՀ նախագահը միջազգային պայմանագիրը չի կարող կասեցնել, կարող է կամ վավերացնել, կամ դադարեցնել արդեն վավերացված պայմանագիրը: «Կասեցնելը» Թորոսյանի կողմից լրացուցիչ մտցված տերմին է, որն անհեթեթություն է: Այնուհետեւ նրա մասնակցությամբ մենք փոփոխություն ենք կատարել 81-րդ հոդվածում, որտեղ գրված է, որ ԱԺ-ն կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության կետերով նախատեսված որոշ միջոցառումների իրականացումը, այսինքն՝ ռազմական եւ արտակարգ դրությունների ժամանակ: «Չեղյալ հայտարարել» արտահայտությունը Տ. Թորոսյանի առաջարկով է մտցվել: Փոփոխություն է կատարվել 83-ի 2-րդ հոդվածում, որտեղ խոսքը Վերահսկիչ պալատի նախագահ ընտրելու մասին էր, մինչդեռ՝ ոչ թե ընտրվում է, այլ նշանակվում է, եւ մենք ավելացրել ենք «նշանակել» բառը: Իր մասնակցությամբ է հանվել նաեւ 83-ի 3-րդ հոդվածը, որտեղ բազմաթիվ կետերով նշված են, թե ՀՀ-ում ո՞ր իրավահարաբերություններն են կարգավորվում: Այնուհետեւ փոփոխություններ են կատարվել գործադիր իշխանությանը վերաբերող հոդվածում, եւ իր իսկ մասնակցությամբ մենք որոշել ենք, որ վարչապետը իր բացակայության ընթացքում կարող է իր նախարարներից որեւէ մեկին նշանակել իրեն փոխարինող: Եվ բազմաթիվ այլ փոփոխություններ, որոնց պարոն Թորոսյանը մասնակցել է, ու առնվազն զարմանալի է, որ իր ներկայությամբ այսքան փոփոխություններից հետո հայտարարում է, որ ինքը մասնակից չէ, եւ որ հարցերի դեպքում պետք է դիմել կոալիցիոն գործընկերներին: Ուրեմն ինքը որպես ի՞նչ էր մասնակցում աշխատանքային այդ փուլերին եւ անմիջական ազդեցություն ունենում որոշումների վրա»: Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց, որ իրականում հարցերը Տիգրան Թորոսյանն է խառնում. «Ինքն է հարցերը խառնում եւ իր մասնակցությամբ կատարված փոփոխությունները հետագայում չի ուզում, որ ցույց տրվի զեկուցման ժամանակ՝ դրանով ապացուցելով, որ ինքը, փաստորեն, ստվերային գործունեություն է ծավալում: Նա ինձ մեղադրում է ԱԺ Կանոնակարգ-օրենքը չիմանալու մեջ: Իրականում չիմացողը ինքն է: Եթե պարոն Թորոսյանը գիտե Կանոնակարգը, ուրեմն նրա համար պետք է պարզ լինի, որ նույն Կանոնակարգ-օրենքի 21-րդ հոդվածում սեւով սպիտակի վրա գրված է, որ սահմանադրական փոփոխությունները տրված են պետաիրավական հարցերի հանձնաժողովին: Ուրեմն պետք է իմանար, որ ինքը ընդհանրապես Սահմանադրության հետ գործ չպետք է ունենար: Նորից եմ ուզում կրկնել՝ նա իրեն ամենագետի տեղ դնելով մասնակցում է ամեն ինչին եւ, փաստորեն, ինքն է ամեն ինչ խառնում, շփոթում ու մարդկանց շփոթության մեջ գցում»: Ռաֆիկ Պետրոսյանի կարծիքով, Տիգրան Թորոսյանը բազմազբաղ է եւ այդ պատճառով ամեն ինչ խառնում է. «Գնում է Ստրասբուրգ՝ մոռանում է, թե այստեղ ինչ քննարկումներ են կատարվել, երբ վերադառնում է Երեւան, մոռանում է, թե Ստրասբուրգում ինչ հարցեր են քննարկվել: Դրա համար էլ մեր վիճակն այսպիսին է՝ Ստրասբուրգում մեր մասին հատկապես վերջին տարվա բոլոր որոշումները մեր օգտին չեն, եւ Հայաստանը տուժում է»: Ռաֆիկ Պետրոսյանը չթաքցրեց, որ վիրավորված է ԱԺ եւ ՀՀԿ խորհրդի փոխնախագահի՝ իր հասցեին արված բավականին կոպիտ դիտողություններից. «Ես կարծում եմ, որ նա ոչ տարիքի, ոչ կրթության, ոչ էլ պատգամավորական էթիկայի տեսանկյունից խորհրդարանում քննարկումների ժամանակ իրեն այդպես պահելու, գոռալու իրավունք չունի: Ես դա համարում եմ էթիկայի կոպիտ խախտում, որից ես վիրավորվել եմ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ