Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ ԿԵՍ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Ապրիլ 06,2005 00:00

Ըստ
Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի, այդքան
է պետք 100-150 տեղանոց դահլիճով թատրոնի շենք կառուցելու համար: Պարզապես
արիություն ու քաջություն է հարկավոր որոշում ընդունելու, որով կարձանագրվի, թե անկախության
տարիներին մի թատրոնի շենք կառուցվեց: Հիմնադրման օրվանից՝ 1974թ., 1983-ին
պետական կարգավիճակ ստացած մնջախաղի թատրոնը առայսօր ապրում ու ստեղծագործում է թափառականի
կարգավիճակով, ինչի մասին բազմիցս գրել ենք: «Առավոտի» հետ զրույցի սկզբում թատրոնի
ղեկավարը մեկառմեկ հիշեց թատրոնին ժամանակավոր տրամադրված օթեւանների ցանկը՝ Դերասանի
տուն, Երիտասարդական պալատ, մշակույթի տներ. «Միայն 1995-ից 2002-ը նորմալ ստեղծագործում
էինք Գեղարվեստի պետական ակադեմիայի շենքում՝ նախկին Թատերական ինստիտուտի ուսանողական
բեմում: Այդ ժամանակահատվածում էր, որ կազմավորվեց, ընդլայնվեց մեր խաղացանկը՝ թվով
9 ներկայացում»: Ժ. Դադասյանի խոսքերով, ակադեմիայի հետ իրենց պայմանագրի ժամկետը
լրանալուց հետո, չեն ցանկացել դուրս գալ. «Այդ ձեւով ուզում էինք պետության ուշադրությունը
գրավել, բայց անօգուտ»: Այդ ժամանակ մնջախաղացներին օգնության ձեռք են մեկնել Մայր
թատրոնի եւ «Գոյ» թատրոն-լաբորատորիայի ղեկավարները. «Տեսնելով նշված թատրոնների
ծանրաբեռնվածության աստիճանը, այս անգամ էլ խնդրեցինք, դարձյալ կենվորի կարգավիճակով,
հանգրվանել Պարարվեստի ուսումնարանում, մինչեւ այս տարվա գարուն»: Թեեւ գարնան երկրորդ
ամիսն է, բայց թատրոնը չի պատրաստվում լքել ուսումնարանը: Այս առիթով գեղարվեստական
ղեկավարը տեղեկացրեց, որ վերջին տարիներին իրենք բեմ են բարձրացել տիկնիկային թատրոնում,
իսկ նոր ներկայացումը՝ «Շերանիկը», պահանջում է մեծ բեմ: Նոր ներկայացմանը նախարարությունը
հատկացրել է 1,5 մլն դրամ: «Նշեմ, որ այն գործնական հետազոտություն է միջնադարյան
հայ թատրոնի տեսակի, քանի որ մինչ այսօր ունենք բազմաթիվ ուսումնասիրություններ,
աշխատություններ: Հարգելով թատերագետների աշխատանքը, այնուամենայնիվ բարձրաձայնեմ,
որ թատրոնը միայն գրելով չէ, այն պետք է տեսնել: Օրինակ, օտարերկրացին գալիս է ու
հարց ուղղում՝ հայերդ ունեք հազարամյակների թատրոն, ո՞րն է դա: Մենք դա ունենք միայն
աշխատությունների տեսքով, միայն տեսական: Ճիշտ է, հիմա չենք հայտնագործելու միջնադարյան
թատրոնը, բայց սկսելու ենք առաջինը ուսումնասիրել ու բեմ բարձրացնել»,- տեղեկացրեց
Ժ. Դադասյանը: Նա հավաստիացրեց նաեւ, որ թատրոնն այսօր պատրաստվածության այնպիսի
աստիճանում է, որ կարող են դուրս գալ արտերկիր. «Մենք նման հիվանդությամբ չենք տառապում:
Գիտակցում ենք, որ առաջին հերթին մայրաքաղաքային թատրոն ենք, որը պետք է երեւանցիներին:
Մի բան էլ՝ տարիների ընթացքում համոզվել ենք, որ հանդիսատեսը գնահատում է մեզ»: Իբրեւ
ասածի վկայություն, ղեկավարը նշեց, որ տարիների ընթացքում թատրոնը վարձավճարների
հարցը հոգացել է ներկայացումներից առաջացած գումարով, թեեւ թատրոնին ոչինչ չի մնացել:
«Առավոտի» դիտարկմանը՝ «Փաստորեն մշակույթի նախարարությունը, ինչպես ցույց է տալիս
ժամանակը, ի վիճակի չէ լուծելու ձեր շենքային խնդիրը: Այն չի կարողանում լուծել նույնիսկ
երաժշտական պետական կարգավիճակ ունեցող խմբերի, այդ թվում՝ վաստակաշատ Երգի-պարի
անսամբլի տեղի հարցը: Ժամանակը չէ՞, արդյոք, հույսը կտրել նախարարությունից՝ որոնելով
այլ ուղիներ», Ժ. Դադասյանն ասաց. «Ձեզ հետ համակարծիք եմ: Պատրաստվում եմ հարցը
լուծել դասական եղանակով»: Մեր հետաքրքրությանը, թե ո՞րն է, այսպես կոչված, դասական
եղանակը, գեղարվեստական ղեկավարը մանրամասնեց. «Արդեն հարցը պետք է քննարկել բարձր
ատյաններում, ասել է թե՝ այն պետք է մտնի կառավարության նիստի օրակարգ, գուցե վարչապետի
միջամտությամբ հողհատկացում կատարվի ու սկիզբ դրվի շենքի շինարարությանը: Մեր թատրոնը
այս ժանրի միակ ներկայացուցիչն է Հայաստանում եւ որպես անթարգմանելի արվեստի տեսակ,
համոզված եմ, որ այն ունի ստրատեգիական կարեւոր նշանակություն»: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել